Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որ ջրի հետ վաննայից երեխային էլ դուրս չգցենք

Օգոստոս 21,2015 12:08

«Այն հետաքրքրությունը, որն այսօր ծավալվել է հասարակության տարբեր շերտերի եւ քաղաքական կառույցների մոտ՝ նույնիսկ քննադատել եւ այլն, դրական եմ գնահատում, քանի որ դա նշանակում է, որ հանրային հետաքրքրություն կա այս փաստաթղթի վերաբերյալ, քանզի այն վերաբերվում է հանրային կյանքի տարբեր ոլորտներին»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն`անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Բայց նա չի ընդդիմանում տեսակետին, որ հանրության լայն շրջանակներն անտեղյակ են գործընթացից: «Այս փաստաթղթի սաղմնավորման փուլում ենք, որտեղ, որպես կանոն, վիճում են մասնագետները, դրա համար միգուցե հանրության լայն շրջանակները տեղեկացված չեն, միայն հետաքրքրվածներն են կարողանում տեղեկություն կորզել»,- ասաց նա`վստահություն հայտնելով, որ հաջորդ փուլում, երբ մեկնարկեն խորհրդարանական լսումները, քննարկումները, ապա մարզային այցերն ու հանդիպումները, հանրության լայն շրջանակների հետաքրքրությունները կբավարարվեն:

«Շատերն այս փոփոխություններին անդրադառնում են կառավարման համակարգի փոփոխությունների համատեքստում: Սա օբյեկտիվ է, քանի որ այս ֆունդամենտալ փոփոխությունը չէր կարող աննկատ անցնել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը` նկատելով, որ այս բարեփոխումների հիմնական դրդապատճառը եղել է հենց ընդդիմությունը եւ կառավարման համակարգի փոփոխությունը, քանզի 2011 թվականից ընդդիմությունը խոսում էր այն մասին, որ ՀՀԿ-ից ազատվելու միակ տարբերակը կառավարման համակարգի փոփոխությունն է: Խոսրով Հարությունյանի համար տարօրինակ է, թե ինչո՞ւ ընդդիմությունն իր բաղձալի երազանքի իրականացման համար ոգեւորված չէ:

Բայց, այս նախագիծը գործող սահմանադրությունից, ըստ բանախոսի, որակապես տարբերվում է. «Իրավունքի գերակայությունը, որպես սահմանադրական երաշխիք մեր իրականության մեջ, ավելի լիարժեք է դրսեւորվել»: Սա փաստել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Կան բազում նորույթներ, որոնք, ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավորի, ցավոք դուրս են մնում հանրության ուշադրությունից`արժանապատվության իրավունքը, որ Հայաստանը սոցիալական պետություն է, գործարարության ազատությունը, ՏԻՄ-երի մասով բազում դրույթներ եւ այլն:

Նա դեմ է սահմանադրությունն ավելորդ ծանրաբեռնելուց, գտնում է, որ շատ հարցեր օրենքների կարգավորմանը պետք է թողնել, բայց պետք չէ այնպես անել, որ «ջրի հետ վաննայից երեխային էլ դուրս գցել»:

Լրագրողներից մեկի հարցին, որոնք են այս նախագծի բացասական կողմերը, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ինքը երեք տասնյակից ավելի առաջարկներ է ներկայացրել մասնագիտական հանձնաժողովին, որոնց նպատակը ոչ թե այս կամ այն նորմը բացառելն է, այլ ձեւակերպումների հստակեցումը: Թեեւ այս տեսքով էլ նախագիծը նա համարում է դրական:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31