Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԵՐ

Օգոստոս 21,2015 11:07

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ վաթսուներկուերորդ

ՀՈՒՅՍԵՐ

Շահամիրյանը  մի քիչ մտածեց ու Ռոլանդին հարցրեց՝ «Կուլտուրայի մինիստրը իր ամուսնու  Կենտկոմի նախորդ պաշտոնեն բա՞րձր է», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար ա ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա մինիստրն ավելի բարձր ա, բայց նախորդ պաշտոնը ոնց որ թե ավելի ազդեցիկ էր», եւ Շահամիրյանը Ռոլանդին հարցրեց՝ «ի՞նչ կնշանակի ազդեցիկ», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «առաջ իրանից ավելի էին վախենում», եւ   Շահամիրյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «լավ չէ, Ռոլանդ եղբայր», եւ Ռոլանդը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը լավ չի», եւ Շահամիրյանը պատասխանեց ու ասաց՝ «լավ չէ, որ մարդու պատիվն ու հարգանքը վախի գործոնով կչափեն», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ժպտալով Շահամիրյանին ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ էդպես ա», եւ Շահամիրյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ես գիտեմ՝ մեղավորն ով է» եւ մի քիչ էլ մտածեց  ու ժպտալով ավելացրեց՝ «գիտեմ, բայց չեմ ըսի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ռոլանդին ասաց՝ «եթե շատ կուզես, ականջիդ կըսեմ՝ ով է  էս ամենի մեղավորը», եւ Ռոլանդն  ականջը Շահամիրյանի բերանին մոտեցնելով ասաց՝ «ասեք», եւ Շահամիրյանը Ռոլանդի ականջին ինչ-որ բան մրմնջաց, եւ ես ժպտալով Շահամիրյանին հարցրի՝ «ինձ չեք վստահո՞ւմ, որ Ռոլանդի ականջին եք ասում», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երկուսիդ ալ կվստահիմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «վանեցին մի շատ աղեկ խոսք ունի. վանեցին կըսե՝ զգուշություն լավ պան ի», եւ Ռոլանդը խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «նեղանո՞ւմ ես, որ պարոն Շահամիրյանն ինձ ավելի ա վստահում, քան՝ քեզ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «իրա իրավունքն ա», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «ներող եղիր, պարոն Արմեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ստիպված եմ վանեցիներուն ականջալուր ըլլալ» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչքան չլինի՝ վանեցիներու փեսա եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե իրենց արժանի փեսա լինեի, պարոն Ռոլանդի ականջին ալ էդ բանը չպիտի ըսեի», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ժպտալով Շահամիրյանին ասաց՝ «կարող եք համարել, որ իմ ականջին ոչինչ էլ չեք ասել», եւ Շահամիրյանը բավական երկար մտածեց, սարսափահար նայեց Ռոլանդին ու հարցրեց՝ «կարո՞ղ եմ վստահ ըլլալ, որ այն՝ ինչ ասացի ձեր ականջին, մեր մեջ կմնա», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ժպտալով Շահամիրյանին ասաց՝ «բայց դուք իմ ականջին ոչ մի բան էլ չեք ասել», եւ մինչ Շահամիրյանը հիացած կնայեր Ռոլանդին, սենյակ մտավ Կատյան եւ ինձ ու Ռոլանդին ասաց՝ «տղաներ, խմբագիրը ձեզ է կանչում», եւ Շահամիրյանը կմկմալով Ռոլանդին հարցրեց՝ «ես հիմա ի՞նչ պիտի ընեմ», եւ Կատյան թարս նայեց Շահամիրյանին ու ասաց՝ «դուք սպասեք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խմբագիրը ձեզ ասելու բան ունի», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ինքն ինձ ինչ որ ասելու էր, արդեն ասել է, տիկին Կատիա», եւ Կատյան թարս նայեց Շահամիրյանին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «ասացի՝ սպասեք», եւ կասկարմիր Շահամիրյանը մի քիչ մտածեց ու Կատյային ասաց՝ «միգուցե միջանցքում սպասեմ», եւ Կատյան թարս նայեց Շահամիրյանին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «որտեղ որ հարմար եք գտնում, այնտեղ էլ սպասեք», եւ կասկարմիր Շահամիրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «միջանցքում կսպասեմ», եւ երբ Շահամիրյանի հետ դուրս եկանք միջանցք, Ռոլանդը Շահամիրյանին ասաց՝ «դուք էստեղ սպասեք, մինչեւ մենք մտնենք ու դուրս գանք», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «միգուցե դրսում՝ շենքի դռան մոտ  սպասեմ», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոնց ուզում եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենակ թե՝ Աֆղանստան չսարքեք», եւ քանի որ Ռոլանդն էդ վերջին նախադասությունը ցածրաձայն ասաց, եւ քանի որ Շահամիրյանի լսողությունը մի քիչ վատ էր, ինքը Ռոլանդի վերջին նախադասությունը չլսեց ու հարցրեց՝ «ինչ ըսի՞ք», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասում եմ՝ դուք դրսում սպասեք, մինչեւ ես ու Արմոն մտնենք խմբագրի մոտ ու դուրս գանք», եւ Շահամիրյանը կմկմալով Ռոլանդին հարցրեց՝ «կկարծեք՝ իմ հարցո՞վ ձեզի իր  մոտ կանչած է», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ժպտալով Շահամիրյանին ասաց՝ «օրակարգում ուրիշ հարց չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դուք դրսում սպասեք, մինչեւ տեսնենք՝ ինչ ենք անում», եւ Շահամիրյանը գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «շատ բարի», եւ երբ Շահամիրյանը գնաց, ես Ռոլանդին ասացի՝ «ինչի՞ ես խեղճ մարդուն իզուր հույս տալիս», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարամ հետդ գրազ գամ, որ Ժենյա Ղուկասովնան  Շահամիրյանին չի կրճատի», եւ ես ասացի՝ «ինձ ասել ա, որ կրճատելու ա», եւ Ռոլանդը զարմացած հարցրեց՝ «քեզ ե՞րբ ա ասել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էսօր առավոտ», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ ասեցիր», եւ ես ասացի՝ «ասեցի՝ մեղք ա», եւ Ռոլանդը ժպտալով հարցրեց՝ «ո՞վ ա մեղք», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ « Շահամիրյանը», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որ գլխներիս Աֆղանստան սարքի, նոր կիմանաս՝ մեղքն ով ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց պիտի Աֆղանստան սարքի», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ էդ հասարակ բանը չգիտես, խմբագիրը ոչ թե Շահամիրյանին պիտի կրճատեր, այլ՝ քեզ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31