Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը աշխատանքային օրվա ավարտին ընդունեց վարչական շրջանի 4-րդ թաղամաս 22, 23 և հարակից մի քանի շենքերի մի խումբ բնակիչներին, ովքեր օրեր շարունակ դժգոհում էին իրենց շենքերի հարևանությամբ իրականացվելիք շինարարության դեմ։ Վարչական շրջանի ղեկավարը դժգոհությունների առաջին իսկ օրվանից եղել էր տեղում, լսել բնակիչներին, պարզաբանել, որ շինարարությունը իրականացվում է օրենքի սահմաններում, սակայն ընդառաջ գնալով նաև բնակիչների ցանկությանը` կառուցապատողին հորդորել էր շենք մտնող ճանապարհը չփակել։ Ավելին` բնակիչների համար նախընտրելի 8 մետր լայնությամբ ճանապարհի հատկացման փոխարեն որոշվել էր հատկացնել 10 մետր: Սակայն երբ կառուցապատողը փորձել էր սկսել շինարարությունը, բնակիչները կրկին դժգոհություններ էին հայտնել։
Իրավիճակի լարվածություն թույլ չտալու և խնդրին վերջնական լուծում տալու համար Ռուսլան Բաղդասարյանը բնակիչներին այսօր ևս մեկ անգամ հրավիրեց իր մոտ, կրկին անգամ լսեց նրանց դիտարկումներն ու պահանջները։ Բնակիչներին հայտնեց, որ ցանկացած պարագայում առաջնություն է տալիս բնակիչների արդարացի պահանջներին, սակայն չի ցանկանում նաև ոտնահարել կառուցապատողի շահերը, ի վերջո, նա ևս Դավթաշենի բնակիչներից մեկն է: “Կառուցապատողը թող իրականացնի օրենքով հասանելիք իր շինարարությունը, սակայն չի խոչընդոտի ձեր մուտքի իրավունքը` կհատկացնի 10 մետր լայնությամբ ճանապարհ”,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը: Բնակիչները վարչական շրջանի ղեկավարի մոտից հեռացան` իրենց պահանջը համարելով բավարարված:
Դավթաշեն վարչական շրջան