Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թույլատրված է՝ ուրեմն՝ անվնաս

Օգոստոս 21,2015 10:14

Ահա մարդկանց մի գիտակ. ինչի՞ համար է նա իրականում ուսումնասիրում մարդկանց: Նա ուզում է նրանց վրա փոքր առավելություններ կորզել կամ անգամ մեծ, – նա քաղաքագե՜տ է… Այս մեկն ահա նույնպես մարդկանց գիտակ է. իսկ դուք ասում եք, որ նա դրանով իր համար ոչինչ չի ուզում, որ դա մի մեծ «անդեմ» է: Հապա աչքերդ ավելի լա՜յն բացեք: Գուցե նա անգամ է՛լ ավելի վ ա տ մի առավելություն է ուզում՝ իրեն մարդկանցից վերեւ զգալ, իրավունք ունենալ նրանց վրա նայել վերեւից ներքեւ, իրեն այլեւս չխառնել նրանց հետ:

Ոչինչ ինձ այսօր ավելի հազվագյուտ չի թվում, քան իսկական ձեւացումը: Իմ կասկածը մեծ է, որ այդ բույսին մեր մշակույթի փափուկ օդը օգտակար չէ: Ձեւացումը պատկանում է ուժեղ հավատի դարաշրջաններին. երբ նույնիսկ ուրիշ մի հավատ ցույց տալու հ ա ր կ ա դ ր ա ն ք ի առկայությամբ չէին թողնում այն հավատը, որը ունեին: Այսօր այն թողնում են:

Կամ, որ ավելի սովորական է, նաեւ երկրորդ մի հավատ են ձեռք բերում, – համենայն դեպս, մնում են ա զ ն ի վ: Անկասկած, այսօր համոզմունքի շատ ավելի մեծ քանակություն է հնարավոր, քան նախկինում. հնարավոր, ասել է թե՝ թույլատրված, ասել է թե՝ ա ն վ ն ա ս: Այստեղից ծագում է ինքն իր հանդեպ հանդուրժողականությունը: – Ինքն իր հանդեպ հանդուրժողականությունը թույլ է տալիս շատ համոզմունքներ. սրանք հաշտ ապրում են միասին,-սրանք, ինչպես այսօր ամեն ինչ, զգուշանում են իրենց վարկաբեկելուց: Ինչո՞վ ես քեզ այսօր վարկաբեկում: Նրանով, որ հետեւողականություն ունես: Որ ուղիղ գծով ես գնում: Որ հինգ իմաստից պակաս ունես: Որ ազնիվ ես… Իմ վախը մեծ է, որ ժամանակակից մարդը մի քանի արատների համար պարզապես շատ փափկասուն է. այնպես որ վերջիններս ուղղակի մահանում են: Ողջ չարը, որ պայմանավորված է ուժեղ կամքով, – իսկ, թերեւս, չար ոչինչ գոյություն չունի առանց կամքի ուժի, – մեր գաղջ օդում այլասերվում է առաքինության… Այն մի քանի ձեւացնողները, որոնց հետ ես ծանոթացել եմ, ձեւացումը ձեւացնում էին. նրանք, ինչպես մեր օրերում գրեթե յուրաքանչյուր տասներորդ մարդը, դերասան էին:

Ոչինչ գեղեցիկ չէ, միայն մարդն է գեղեցիկ. այս միամտությանն է հենված ողջ գեղագիտությունը, սա նրա ա ռ ա ջ ի ն ճշմարտությունն է: Իսկույն դրան երկրորդը ավելացնենք. ոչինչ այլանդակ չէ, բացի ա յ լ ա ս ե ր վ ա ծ մարդուց, – սրանով գեղագիտական դատողության ոլորտը սահմանագծվում է: Բնախոսականորեն ստուգված՝ ողջ այլանդակը թուլացնում եւ վշտացնում է մարդուն: Այն նրան հիշեցում է անկման, վտանգի, անզորության մասին:

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

Թարգմ.՝ Հակոբ Մովսեսի

«Առավոտ» օրաթերթ
21.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31