Լավատեսական սպասումներ չկան
Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել 102-րդ ռազմաբազայի դասալիք զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 3՝ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու հոդվածներով, այն է՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ, 226 հոդվածի 3-րդ, 222 հոդված 1-ին մասերով:
Սակայն Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանության գործով դեռ նոր զարգացումներ չկան. այն հանձնվել է հայկական կողմին եւ դեռ թարգմանության փուլում է:
Հայ հասարակությունը, ինչպես նաեւ իրավաբանների հանրույթը, սակայն, առանձնապես բավարարված չէ այս դատավճռով, քանի որ հանրությանը հուզող հրեշավոր ոճրագործության մեղավորները դեռ չեն բացահայտվել եւ կրել պատասխանատվություն: Ավելին, որքան էլ փորձեն շեշտել, թե գործը այդ ոճրագործության մասով հանձնվել է հայկական կողմին, միեւնույն է՝ հարցականները շարունակում են օդում կախված մնալ, քանի որ նախաքննական նյութերի մի զգալի հատվածի չի տիրապետում հայկական կողմը:
Կարդացեք նաև
Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով դասալքության համար Վալերի Պերմյակովին տրված դատավճռին, ասաց. «ՌԴ դատարանի կողմից Պերմյակովին տասը տարի ազատազրկումը ենթադրենք օրինաչափ է, քանի որ իրենց օրենսդրությունը մանրամասն չեմ ուսումնասիրել: Բայց մենք ունենք հարցերի հարցը, որին այդ վերջին օրերին կատարված դատը, այսպես ասած, չի պատասխանում. ի՞նչ ընթացք է ստանալու յոթ անդամից բաղկացած մեր ընտանիքին սպանելու քրեական գործը»:
Մեր այն դիտարկմանը, թե նախաքննական նյութերից ոչ բոլորն են տրամադրված հայկական կողմին, ուստի այս պայմաններում ակնկալել, որ գործի քննությունը կլինի օբյեկտիվ, պարոն Նորիկյանն արձագանքեց. «Հետեւաբար պետք է հանգենք այն եզրակացության, որ արված բոլոր հայտարարությունները, որ նախաքննությունը հանձնվել է հայկական կողմին, որ ՀՀ-ում է իրականացվելու Պերմյակովի գործի վերջնական դատաքննությունը, ընդամենը պահի ազդեցության տակ կամ չարդարացված ոգեւորության ազդեցության տակ հայտարարություններ են: Ինձ համար կարեւոր չէ նաեւ այս փուլում, թե ինչ կլինի: Հենց սկզբնական փուլն էր կարեւոր, որ Հայաստանը հարգվեր որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, հարգվեր ՀՀ ինքնիշխանությունը, որ նման զազրելի հանցագործություն կատարվել է ՀՀ տարածքում եւ միջազգային բոլոր պայմանագրերի, ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված միջպետական պայմանագրի համաձայն՝ տվյալ հարցը ենթակա է քննության բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Հետին թվով ինչ-որ բաներ սրբագրելն ավելի է վիրավորում մեր ազգային ինքնասիրությունը»: Մեր հարցին՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի բացահայտումը իրավակա՞ն, թե՞ քաղաքական դաշտում է, փաստաբանը պատասխանեց. «Իրավական առումով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածը հստակ սահմանում է. ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Ռազմաբազան ՌԴ տարածք է եւ այդտեղ՝ անգամ արգելանքի տակ գտնվող քաղաքացին չի կարող հանձնվել ՀՀ-ին, քանի որ ՀՀ-ում տվյալ անձի կողմից կատարված արարքի համար կարող է ընդհուպ ցմահ դատապարտվել: Հետեւաբար իրավական վերլուծության առումով այստեղ ամեն ինչ ակնհայտ է: Մենք գործ ունենք ՀՀ եւ ՌԴ-ի՝ իրավագիտակցության այս մակարդակի պետությունների հետ, ուստի չեմ բացառում, որ Բաղրամյան պողոտայում մի հատ էլ ցույց արվի եւ լսենք Պերմյակովին հանցակից ոմն մեկի հանձնման մասին ՀՀ-ին: Առեւտուր՝ օրը ցերեկով եւ նման բացահայտ կերպով: Անգամ եթե Պերմյակովը հանձնվի ՀՀ-ին, դա չի նշանակում, որ հենց նա է մեղավոր: Գուցե նա ունի հանցակիցներ: Մենք մեկուսացված ենք այդ գործընթացներին որեւէ ուղղակի մասնակցությունից եւ ընդամենը խոսում ենք ՌԴ բարի կամքի մասին»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.08..2015