Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը այս փուլում պետք է ավելի սկզբունքային ու բովանդակային աշխատանքով հանդես գան

Օգոստոս 21,2015 15:30

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ «Առավոտը» զրուցել է
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ

-Արդեն հրապարակված է 1-15 –րդ գլուխներով սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այն թեեւ նախնական է, բայց մի քանի դրույթների շուրջ արդեն հնչում են մտահոգություններ տարբեր գործիչների ու քաղաքական ուժերի կողմից: Վերջերս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր, օրինակ, 10-ը պատճառ բերել սահմանադրական փոփոխություններին ոչ ասելու համար՝ նշելով, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական եւ հասարակական պահանջ առհասարակ չկա:

Ինչպե՞ս կբնութագրեք սահմանադրական բարեփոխումների ներկա փուլը եւ ինչպե՞ս կգնահատեք նման մոտեցումները:

-Այո, իսկապես, արդեն հրապարակված է Սահմանադրության նախագծի գրեթե հիմնական մասը՝ 15 գլուխների նախնական տարբերակը, եւ մենք թեւակոխում ենք մի փուլ, որն առավելապես կարեւոր եմ համարում, որովհետեւ հենց հիմա է, որ պետք է մի կողմից մասնագիտական հանձնաժողովի մոտեցումները վերջնականապես քննարկման եւ համաձայնեցման գործընթաց անցնեն՝ հասարակական, քաղաքական ուժերի լայն մասնակցությամբ, մյուս կողմից` պետք է մասնագիտականին զուգահեռ հնչեն նաեւ քաղաքական մոտեցումները:

Հայտնի է, որ նման փաստաթղթերի ընդունումը, ինչպիսին Սահմանադրությունն է, երկու կողմ ունի՝ մասնագիտական եւ քաղաքական: Այս պահին մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել է իր առաջարկը, կան նաեւ Վենետիկի հանձնաժողովի, այսինքն՝ եվրոպական փորձագետների մոտեցումներն ու գնահատականները, եւ այս ամենի հենքի վրա այսօր հասարակական, քաղաքական ուժերը պետք է կարողանան իրենց բոլոր ջանքերը համադրելով` ունենալ վերջնական լուծումներ եւ դրանք ներկայացնել համաժողովրդական քննարկման եւ հանրաքվեի: Այժմ առաջարկություններ ներկայացնելու, քննարկելու, հստակեցումների փուլն է, ինչպես իշխանական թեւի ներկայացուցիչները, այնպես էլ ընդդիմադիրները պետք է ներկայացնեն իրենց մտահոգող օբյեկտիվ եւ հիմնավորված թեզերը: Պահն իսկապես շատ կարեւոր է եւ’ այն իմաստով, թե ինչ փաստաթուղթ ենք քննարկում, եւ`թե այդ փաստաթղթի քննարկման որ փուլում ենք գտնվում:

Բայց նշեմ, որ սկզբնական տպավորությունը, որն ունեցել եմ առաջին 7 գլուխների հրապարակման ժամանակ (ինչի շուրջ առիթ ունեցել եմ արդեն խոսելու), հիասթափեցնող էր այն առումով, որ քննարկման մասնակիցները կարծես ավելի շատ կարեւորում էին ոչ թե մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված նախագիծը, բարձրացրած հարցադրումները, խնդիրները, առաջարկվող լուծումները, այլ սոսկ մեկ խնդիր՝ թե Սահմանադրության այս նախագիծը ում օգտին է, ում շահերն է սպասարկում, ում անձնական կամ կուսակցական խնդրի լուծման համար է նախատեսված: Այսօր արդեն, երբ նախնական տեքստի 1-15 հոդվածները ներկայացված են, թեեւ ամառվա արձակուրդները բնական եւ արդարացված պաուզա են առաջացրել նախագծի քննարկման գործընթացում, այնուամենայնիվ, այն կարծիքները, որ դեռեւս հնչում են, շարունակում են պահպանել նույն ոգին, այսինքն՝ նորից ոչ թե առնչվում են բովանդակային խնդիրներին, առաջարկված լուծումներին, այլ միայն մեկ հարցի՝ ում է այն ծառայելու: Սա անարդյունավետ մոտեցում եմ համարում, եւ գտնում եմ, որ քաղաքական ուժերը այս պահին պետք է փոքր-ինչ ավելի սկզբունքային ու բովանդակային աշխատանքով հանդես գան, ոչ թե կենտրոնանան միապաղաղ եւ միատոն մեղադրանքի բովանդակությամբ մեկ ռեֆրենի վրա: Նման վերաբերմունքը մյուս կողմից էլ վկայում է այն մասին, որ քննարկողներից ու քննադատողներից շատերը հստակ գիտակցում են իրենց տեղն ու չափը էլեկտորատի աչքում եւ լավ հասկանում են, որ Հանրապետականի հետ մրցակցելը անհեռանկար է իրենց համար: Կարծում եմ, նման մոտեցումները ոչ թե նախագծի գնահատական են հանդիսանում, այլ այդ թեմաներով առանձնապես շատ անհանգստացողների ինքնագնահատական:

Բայց անհասկանալի է՝ նման ցածր ինքնագնահատականով արժե՞ արդյոք քաղաքականությամբ զբաղվել:

Մեծ հարգանքով եմ վերաբերվում քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչներին, գաղափարի եւ՛ կողմնակիցներին եւ՛ օպոնենտներին: Դուք նշեցիք պարոն Օսկանյանի հրապարակած կարծիքը, բերված 10-ը պատճառները: Նրա նկատմամբ եւս մեծ հարգանք տածելով, այնուամենայնիվ, ուզում եմ զարմանքս արտահայտել առաջին հերթին այն կապակցությամբ, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը չի տեսնում:

Որքան հասկանում եմ իր դատողություններից՝ դրա անհրաժեշտությունը նա չի տեսել ո’չ հիմա, ոչ էլ 2005-ին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունները, երբ էլ, որ դրանք կատարվել եւ կատարվում են, առաջին հերթին, պետք է պայմանավորված լինեին Հայաստանի քաղաքական եւ հասարակական պահանջով, թեեւ, փաստորեն, պարոն Օսկանյանը բացահայտում է, որ 2005-ին դա այդպես չի եղել: Բայցեւայնպես, այդ կարծիքին հակառակ, ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը 3 տարի առաջ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ԲՀԿ կուսակցությունը, նաեւ պարոն Օսկանյանի ուղղորդող մասնակցությամբ, նախատեսում էր, որ Սահմանադրության բարեփոխումների ճանապարհով պետք է իրականացվեր իշխանության թեւերի գործունեության հստակ կանոնակարգումը, ժողովրդավարության զարգացումը եւ պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լիարժեք լուծումը: Իմ խորին համոզմամբ հիմա ՀՀԿ-ի եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկը ամբողջապես համապատասխանում է այն մոտեցմանը եւ տրամաբանությանը, որն ունեցել է այն ժամանակ ԲՀԿ կուսակցությունը իր նախընտրական ծրագրում եւ որով արժանացել է ընտրողների աջակցությանը: Այս համատեքստում պարոն Օսկանյանի տասը վարժությունները պարզապես անբնական են: Կարծում եմ նաեւ լավագույն մոտեցում չէր լինի երկրում հասնել քաղաքական եւ սահմանադրական ճգնաժամի ու նոր ձեռնարկել սահմանադրական բարեփոխումները, եւ պատկերացնում եմ, թե ինչպիսի խոսակցություն կգնար այն ժամանակ՝ «ինչո՞ւ հասցրեցիք», «չէի՞ք տեսնում» եւ այլն, եւ շատ ավելի ճիշտ է խորքային վերլուծությունների պրակտիկան ուսումնասիրելու հիման վրա կանխատեսել եւ լուծումներ տալ:

Մյուս փաստարկը քաղաքական մթնոլորտի անբարենպաստությունն է նման արմատական փոփոխության համար, բայց, ներողություն՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ էին նման առաջարկներ հնչում մեր գործընկերների կողմից եւ մենք էլ պատասխանում էինք սույն փաստարկով, մինչդեռ իրենք հակառակն էին պնդում: Ժամանակին իշխանությունը չգնաց ոչ իշխանական ուժերի առաջարկած փոփոխություններին, քանի որ ընտրություններին շատ քիչ ժամանակ էր մնում եւ նախընտրական շրջանին ընդառաջ նման գլոբալ փոփոխության գնալը պարզապես անընդունելի էր:

Ներկայումս ՀՀ նախագահի կողմից նախաձեռնվել է մի բան, որի մասին ժամանակին խոսում եւ դրա անհրաժեշտությունը հիմնավորում ու կարեւորում էին ընդդիմադիր ուժերը: Երկխոսության ու համատեղ աշխատանքի առաջարկ է արված, լայն հնարավորություն կա մասնակցելու բանավեճին, իրենց առաջարկներով եւ հիմնավորումներով բարելավելու առաջարկվող նախագիծը, իսկ ներկայացվող փոփոխությունները հանրաքվեով ընդունվելու դեպքում՝ նաեւ ընդդիմության համար շատ ավելի էական մասնակցություն ունենալու երկրի պետական կառավարման գործընթացներին, հետեւաբար նրանց որդեգրած կրավորական կեցվածքն ինձ համար, իսկապես, հասկանալի չէ:

Մեր կարծիքով հիմա, հիրավի, ֆունդամենտալ բարեփոխումների համար լավագույն ժամանակն է, երբ գործող նախագահը գտնվում է իր երկրորդ պաշտոնավարման կեսից ավելին բոլորած փուլում, դեռեւս բավական ժամանակ կա` շուրջ երկու տարի, մինչեւ հերթական ընտրությունները, այսինքն՝ քաղաքական համակարգը եւ հասարակությունը հնարավորություն ունեն նախապատրաստվելու, իրավիճակի փոփոխություններին արձագանքելու եւ ընտրություններին մասնակցելու համար:

Իհարկե, կարող ենք ասել, որ քաղաքական կուսակցությունները դեռեւս բավարար չեն կայացել, որպեսզի դառնան կառավարման համակարգի գլխավոր եւ միակ խարիսխը, ինչպես պնդում է մեր գործընկերը, թերեւս այո, որոշ հայաստանյան կուսակցություններին կարելի է նման բնութագրում տալ, բայց գտնում եմ, որ 20 տարի առաջ հնչեցրած այս փաստարկը հնչեցնել նաեւ այսօր, այնքան էլ տեղին չէ, եւ նման ձեւով այս արգումենտը միշտ էլ կարելի է հնչեցնել: Որքան մենք չգնանք կուսակցությունների պատասխանատվության, նրանց դերակատարության ընդլայնմանը, այնքան ավելի դանդաղ են նրանք կայանալու:

Ինչ վերաբերում է «իշխանության օրինակարգության դեֆիցիտի» փաստարկին, ապա պետք է ցավով նշեմ, որ մեր քաղաքական պրակտիկայում հետաքրքիր մի իրավիճակ է ձեւավորված՝ նախկին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները ընդդիմություն դառնալուն պես սկսում են մտածել, որ միայն այդքանը բավարար է, որ իրենք այլեւս օրինակարգության դեֆիցիտ չունենան եւ այն վերագրեն միայն իշխող ուժին եւ իրավունք են իրենց վերապահում կշտամբելու մյուս ուժերին` օրինակարգության պակասի համար:

-Պարոն Օսկանյանը քաղաքական համակարգի գլխավոր չարիքը նաեւ կայուն մեծամասնության երաշխավորումն է համարում, արդյոք կա՞ այս վտանգը ներկայացվող նախագծում.

– Ընդհանրապես, արդարամիտ լինելու համար պետք է նշեմ, որ այս նախագծի վրա աշխատող սահմանադրագետ մասնագետները շատ մեծ ծավալի ուսումնասիրություններ են կատարել՝ հաշվի առնելով տեսությունը, պրակտիկան, միջազգային փորձը, տարբեր երկրներում տեղ գտած կոլիզիաները եւ այս ամենի հիմքի վրա փորձել են լուծումներ առաջարկել այն խնդիրների վերաբերյալ, որոնք Հայաստանի քաղաքական դաշտում եւ քաղաքական պրակտիկայում որպես պրոբլեմ, հաճախ նաեւ չարիք են որակվել, ժամանակ առ ժամանակ քննադատվել եւ՛ մեր քաղաքական ուժերի, եւ՛ հանրության կողմից:

Սահմանադրության ներկայացվող տարբերակի մեջ փորձ է արվում այդպիսի մի շարք խնդիրներին լուծումներ տալ: Կարծում եմ, այն լուծումը, որն առաջարկվում է կայուն մեծամասնության երաշխավորման համար, ոչ թե նոր չարիք է, այլ հակառակը: Բերենք նույն Իտալիայի եւ այլ օրինակներ, ուր հայտնի է՝ տարիներ շարունակ մի քանի ամիսը մեկ քաղաքական ճգնաժամ ու ցնցումներ են տեղի ունենում: Հաշվի առնելով միջազգային փորձը` այս առաջարկը հենց հնարավոր չարիքը վերացնելու քայլ է:

Կայուն մեծամասնության անհաղթահարելիության մասին մտավախություններն էլ, կարծում եմ, տեղին չեն՝ հարցը պետք է դիտարկել Սահմանադրության նախագծով առաջարկվող համալիրի մեջ եւ տեսնել, որ նախագծում ներմուծված են բավական լուրջ հակակշիռ հանդիսացող մեխանիզմներ, որոնք հնարավորություններ կտան ընդդիմությանը վերահսկելու կառավարության աշխատանքը, իսկ մեծամասնությանը կպարտադրեն կոմպրոմիսների հակվածություն:

Մ.ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31