Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կալանավորները «էլեկտրոնային քսիֆներ» չեն կարող ուղարկել. նրանցը «կենդանի նամակներ են»

Օգոստոս 21,2015 14:30

«Առավոտը» հեղեղված է քրեակատարողական հիմնարկների կալանավորների նամակներով: Եվ դա հասկանալի է. համակարգչային դարում, կապի միջոցների վայրկյան- վայրկյան փոխվող ժամանակներում նրանք՝ զուգահեռ իրականության մարդիկ, մնացել են կարճ «քսիֆների», դարի լեզվով ասած՝ կալանավայրային SMS-ի հույսին, նամակների, որոնք սոցիալական տարատեսակ ցանցերում կարող էին լավագույն «ստատուսը» դիտվել: Մատների վրա կարելի է հաշվել 21-րդ դարի հայ կալանավորներին, որոնք, թեկուզ թաքուն, կարող են օգտվել «Ինտերնետ» կապից՝ իրենց խոսքը բարձրաձայնելով: Ընտրված նամակներն արժանի են արձագանքման:

Ռուբեն Ամատունի.
«Կոշ» քրեակատարողական հիմնարկ.
«Ես այլեւ պատիժը կրելու
կարիք չունեմ եւ ենթակա եմ վաղաժամկետ ազատման»
-Անկախ հանձնաժողովն այս տարվա հուլիսի 23-ին գաղտնի եւ փակ քվեարկությամբ որոշեց հավանություն չտալ իմ վաղաժամկետ ազատման դիմումին: Եվ դա՝ չորրորդ անգամ:

Չնայած Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 23-ի որոշմամբ ես այլեւ պատիժը կրելու կարիք չունեմ եւ ենթակա էի վաղաժամկետ ազատման: Սակայն անկախ հանձնաժողովն այնքան էր անկախ, որ հաշվի չի առնում դատարանի հիշյալ որոշումը: Ես բողոքարկել էի անկախ հանձնաժողովի առաջին որոշումը, քանի որ այն հակասում էր ճշմարտության օրենքին:
Գործը ներկայումս գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատում: Մարտ ամսին մերժված այս որոշման դեմ բողոք է բերել իմ պաշտպանը՝ Հայկազ Գալստյանը:

Գործը ներկայումս քննելու է Ապարանի դատարանը՝ Սուրեն Մնոյանի նախագահությամբ: Փաստորեն, ունեմ երկու գործ:

Անկախ հանձնաժողովն իր մերժման որոշումները չի պատճառաբանում, ինչը ՀՀ նախագահի հրամանագրին հակասում է, եւ պահանջներից մեկն է:
Անկախ հանձնաժողովը զրկում է մերժված անձին դատական արդյունավետ պաշտպանության միջոցներից:

Միաժամանակ, մերժվող դատապարտյալի պատիժը կատարող քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, ինչպես եւ դատապարտյալը չգիտեն մերժման պատճառը: Հետեւաբար, անձի բնութագիրը մնում է անհայտ, տվյալ դատապարտյալը շարունակում է իր պատիժը կրել:

Ես մեկ տարուց ավելի բարձրաձայնում եմ խնդիրների մասին, սակայն հարցը մնում է չլուծված: Հայաստանի դատական ատյաններում պաշտպանության միջոցները սպառելուց հետո ստիպված եմ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանզի կոնկրետ իմ նկատմամբ դրսեւորված անարդարությունների եւ դրանց բացասական հետեւանքների հետ չեմ կարող հաշտվել:

Այս տարվա մայիսի 5-ին դիմել եմ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին՝ Լ. Բաղդասարյանին:

Խնդրել եմ, ըստ սահմանված կարգի, ինձ տեղափոխել կիսաբաց տիպի հիմնարկից բաց տիպի հիմնարկ, ինչը ինձ թույլ կտա վերաինտեգրվել հասարակությանը եւ աշխատել:
Նշեմ, որ բաց տիպի հիմնարկ տեղափոխելու գլխավոր պայմաններն իմ դեպքում դրական բնութագիրն էր, պատժի մեկ երրորդից ավելիի կրումը, պետի միջնորդությունը:
Դիմումիս տրվեց դրական ընթացք: Սակայն քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը մինչ այսօր չի քննարկել իմ հարցը՝ ինձ պահելով սպասողական, նյարդային վիճակում:

ԶԼՄ-ներով եւ դատական ատյաններով ես չեմ կարող իմ խնդիրը չբարձրաձայնել եւ երազում եմ րոպե առաջ դուրս գալ այստեղից:

Պետական համակարգն իր չգրված օրենքով, սակայն, խեղում է ճակատագիրս:

kalanavorner_2

Աշոտ Իսախանյան. «Հրազդան»
քրեակատարողական հիմնարկ.
«Իմ պաշտպանած Հայաստանը դարձել է «քրեակատարողական Հայաստան»

-Խնդրում եմ Ձեզ տպագրեք, որպեսզի համայն աշխարհն իմանա, որ մեր «արդարությունը» ուզում է սպանել ինձ՝ ազատամարտիկիս, գնդացրորդիս, ով կամավոր հայրենասիրական ոգով լցված՝ 1988-1994թթ. մասնակցել է Հայաստանի եւ Արցախի ազատագրական, պաշտպանական մարտերին:

Ես ուզում էի տեսնել Արցախն ազատ, անկախ, մարդասիրական, մարդու իրավունքների պաշտպան հայրենիք:

Իմ պաշտպանած Հայաստանը դարձել է «քրեակատարողական Հայաստան», որտեղ փորձում են ինձ սպանել տանջանքներով:

Ես հինգ անգամ մարտում վիրավորվել եմ, կես մարդ եմ, աջ երիկամս հեռացրել են, երրորդ կարգի հաշմանդամ եմ: Անցյալ տարի «Դատապարտյալների հիվանդանոցում» վիրահատեցին ինձ՝ հեռացնելով աջ երիկամս: Մի կերպ մահից փրկվեցի:
Ես ենթարկվում եմ տանջանքների, իսկ անուններ չեմ ուզում տալ, քանի որ վախենում եմ՝ միանգամից գլուխս կուտեն, կասեն՝ ինքնասպան եղավ:
Ասելիքներ շատ ունեմ, կուզեի Ձեր միջոցով ինձ այցելեին իրավապաշտպան կազմակերպություններից:

Նրանք աչքով կտեսնեն, կհամոզվեն իմ ասածներից շատերի մեջ: Խնդրում եմ Ձեզ՝ թույլ մի տվեք, որ ինձ սպանեն: Խնդրում եմ Ձեր միջամտությունը:

kalanavorner_3

Արայիկ Գեւորգյան.
«Դատապարտյալների հիվանդանոցից».
«Երեք հազար դրամի համար չորս տարի փակվել եմ»

-Ձեր հետ շփվել եմ, երբ իմ բանաստեղծություններն առաջին անգամ «Առավոտում» տպագրելուց հետո այն տպագրվեց նաեւ «Կալանավորների գրականություն» գրքում:
Կարճ էսսեի տեսքով ներկայացնեմ իմ ՀԵՏՈՆ:

Ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ դատապարտված, եթե ոչ խելագար եմ, ոչ անմեղ:
Դուք էլ կզարմանաք, քանի որ մածունը բնականից սպիտակ է, բայց եթե անհրաժեշտություն լինի՝ մերան գցողը նախօրոք կաթը կգունավորի: Իմ գործի նման: Պողոսը չհայտնաբերեց Պետրոսին: Բռնեք, միայն թե գործը փակված համարվի:
Բա հետո՞: 2012թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 8. 30-ի սահմաններում, իմ տան բակում զբաղված էի երկաթագործությամբ, երբ դարպասը թակեցին: Գեղարքունիքի մարզի երեք ոստիկան ներկայացան:

Սկսեցին զրույցը. փող ունե՞ս, որտե՞ղ է, ինչքա՞ն:
Ասացի առանց հետին մտքի՝ երկաթի հետ գործ ունեցողը փող չի՞ ունենա: Ասացի՝ գրպանումս այս պահին կա քսան հազար դրամ, մնացածն էլ տանս երկաթյա պահարանում է:

Գնացինք տուն, պահարանից հանեցի 147 000 ՀՀ դրամը, տվեցի նրանց: Նրանցից մեկը գումարով գնաց, մյուս երկուսը մնացին իմ տանը:

Մեկ ժամ հետո եկավ գնացածը, ասաց.
– Արայիկ, հագնվի, գնում ենք բաժին:
Գնացինք բաժին, ասացին՝ քո փողերից երեք հատ հազար դրամանոցները գողացված են: Ասացին՝ մեր տուն գալուց մեկ օր առաջ գյուղի խանութի պատը քանդել են, գողացել խանութի գումարները:

Գործակատարը նախապես գումարները համարակալել է, որ երբ առեւտուր անեն, գողանալու դեպքում՝ բռնվեն:

Իմ հարցին՝ ո՞նց իմացան, որ «գողացողը» ես եմ, ասացին՝ գյուղապետի մատնացույցով: Փորձաքննության եզրակացությամբ պարզվեց, որ մատնահետքերն իմը չեն, այլ՝ ուրիշինը:
Տասնմեկ ամիս որոնեցին կասկածյալին, գործը մնում էր չբացահայտված:
2013թ. հոկտեմբերին կալանավորվեցի Գեղարքունիքի մարզի դատարանի նիստերի դահլիճում: Ինձ դատապարտեցին ազատազրկման չորս տարի ժամանակով:
Մեկուսարանում հենց առաջին օրը հացադուլ հայտարարեցի: Մեղադրական եզրակացության մեջ նշված էր, թե դեպքի վայրում մի կարմիր թել են գտել, որը նման էր իմ հագուստի թելին:

Շուտով կլրանա պատժիս կրման երկրորդ տարին: Կատարում եմ տեխնիկական աշխատանքներ: Խրախուսվել եմ վարչակազմի կողմից: Ներկայացվել եմ վաղաժամկետ ազատման, սակայն վարչական հանձնաժողովը գրել էր՝ չտալ հավանություն: Գուցե շատ գե՞շ եմ, նստեմ՝ սիրունանամ, նո՞ր ազատեն:

Հարուստ պապա չունեմ, ԱՊՊԱ-ին էլ կանչում եմ, չի գալիս, քանի որ գիտեն, երեք հազար թղթադրամի համար չորս տարի է՝ փակվել եմ: Գան ի՞նչ անեն. գրպանս դատարկ է: Խնդրում եմ գրածս տպագրեք, թե չէ՝ դարդերից կծերանամ:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31