Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայֆիլմը» վերադարձնեն, կիսամեռ տարածքն ի՞նչ ենք անելու»

Օգոստոս 21,2015 14:00
Hayfilm

Վաճառված կինոստուդիայի ոդիսականը

10 տարի առաջ օգոստոսին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառվեց մասնավորեցման մրցույթի միակ հայտատուին՝ «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանին, որը հանդես էր գալիս «Գաֆեսճէան» հիմնադրամի անունից: Նա մեկնարկային գնից՝ 267 մլն դրամ, ավելին էր առաջարկել՝ 350 մլն դրամ: Իսկ 10 տարվա ընթացքում պատրաստ էր 30 մլրդ դրամի ներդրում կատարել: Մրցութային հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարկոսյանն էլ այդ թվականին հայտարարել էր, որ դա հանրապետության լավագույն գործարքներից մեկն է լինելու, քանի որ բոլոր նախանշանները կան դրա համար («Առավոտ», 2005թ. օգոստոսի 11): Սեփականատերերը խոստացել էին 2 տարվա ընթացքում ամեն ինչ ամբողջովին վերանորոգել, համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, 1 տարվա ընթացքում էլ գրեթե բոլոր ֆիլմերը թվայնացնել, մասնագետներ ուղարկել արտասահման՝ վերապատրաստման եւ այլն: «Հայֆիլմի» նոր սեփականատերերը դեռ այն ժամանակ հայտնեցին, որ վաճառքը ավելի շատ մշակութային ձեռնարկ է, քան բիզնես, կամ ինչ-որ ընկերության ձեռքբերում: Հետո շատ «ջրեր հոսեցին»…

Այժմ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կառավարությունը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթացը, քանի որ սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները ու արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը։ «Առավոտը» թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց վաճառքի պահին «Հայֆիլմի» տնօրեն եղած, ներկայումս՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանից: Պարոն Գեւորգյանը հեռախոսով փոխանցեց, որ այս օրերին արտասահմանում է եւ մեկնաբանություն կանի վերադառնալուն պես:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից էլ խոստացան պաշտոնական մեկնաբանություն ուղարկել առաջիկայում:

Ինչ վերաբերում է «Սի ԷՍ Ֆիլմզի» (նախկին՝ «Հայֆիլմի») գլխավոր տնօրեն Խաչատուր Ցոկոլակյանին, վերջինս «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ ընդամենն ասել էր՝ «Առանց մեկնաբանությունների»:

«Հայֆիլմի» վաճառքի ու այդ գործարքի հետեւանքների մասին պարբերաբար բարձրաձայնել է նաեւ անվանի կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: Նա մի առիթով ասել էր, որ ժամանակին վաճառեցին «Հայֆիլմը», կինոթատրոնները՝ կինոն թողնելով ավազի վրա:

«Առավոտի» հետ զրույցում ռեժիսոր Դավիթ Հակոբյանը, որ առանձնապես տեղյակ չէր կառավարության՝ «Հայֆիլմը» հետ պահանջելու լուրից, ասաց. «Պետությունը շատ էլ ճիշտ է անում, եթե սեփականատերը չի կատարել իր պարտավորությունները, «Հայֆիլմը» պետք է ազգայնացվի: Եվ ընդհանրապես ցանկացած բան, ոչ միայն «Հայֆիլմը», եթե որեւէ մեկը չի կատարում իր պարտականությունները, պետք է անխտիր ձեռքից վերցնել»:

Ճանաչված կոմպոզիտոր, 70-ից ավելի ֆիլմերի երաժշտության հեղինակ («Մարդն «Օլիմպոսից», «Զինվորն ու փիղը», «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Մեր պապերի քայլերգը», «Սիրամարգի ճիչը», «Անիծվածները», «Ձայն բարբառոյ», «Ուրախ ավտոբուս», «Ռեքվիեմ», «Խենթ հրեշտակը», «Հերոստրատ», «Տխուր փողոցի լուսաբացը» եւ այլն) Յուրի Հարությունյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է 60-ականների վերջից մինչեւ կինոստուդիայի վաճառքը: Նա հաստիքով «Հայֆիլմում» եղել է երաժշտական խմբագիր:

«Ես «Հայֆիլմում» մշտական աշխատող եմ եղել, այդ վաճառքի պրոցեդուրը էն գլխից շատ ծանր անդրադարձավ ինձ վրա, որովհետեւ ի սկզբանե համոզված էի, որ անհաջող գործարք է: Ես կողքից՝ տնօրենից, կինոյի մարդկանցից լսել էի, որ ըստ պայմանագրի, որով վաճառքի էր դրված «Հայֆիլմը», պետք է 50 մարդ ուղարկեին վերապատրաստման, նոր տեխնիկա գնեին, բայց ոչ մի բան էլ չէր կատարվում առաջին տարվա ընթացքում, այսինքն՝ պարզ էր, որ դա անհաջող ձեռնարկ էր: Այնպես որ, ես տխրեցի բոլոր նորմալ մարդկանց պես ու չսպասեցի որեւէ բան՝ հաշտվեցի կատարվածի հետ: Տարիների ընթացքում կորցրինք «Հայֆիլմը», ամեն ինչ ոչնչացավ, վնասվեց… Եթե վերադարձվի «Հայֆիլմը», մեր կինոն մի փոքրիկ ավան կունենա Հայաստանում: Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը նման քայլի չգնաց, նրանք պահեցին իրենց կինեմատոգրաֆը՝ նրանց առաջին անձերի շնորհիվ, իսկ մեր առաջին անձերը տեսաք, թե ինչպես վերաբերվեցին կինոյին: Մյուս կողմից էլ, եթե այսօր վերադարձավ այդ տարածքը, որտեղի՞ց այդքան միլիոններ՝ կորցրածը վերականգնելու, տեխնիկայով լցնելու համար: Ո՞վ պետք է տիրապետի այդ ամենին, քանի՞ հոգի պետք է գնան սովորելու՝ այդ տեխնիկային տիրապետելու համար: Դա մեծ գումարներ է պահանջելու, որը մեր երկիրն այսօր ի վիճակի չէ տրամադրել: Ուրիշ բան, եթե մի քանի մեծահարուստ հավաքվեն, այդ թվում՝ նաեւ դրսից, եւ ֆինանսավորեն այդ քայլերը: Առանց այդ քայլերի՝ կիսամեռ տարածքը, որ վերադարձրին, ի՞նչ ենք անելու…»,- ասաց պարոն Հարությունյանը: Նա հիշում է, որ «Հայֆիլմում» իր առաջին զբաղվածությունը Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի աշխատանքներում էր:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31