Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկներն օլիմպիական ուղեգրերի խնդիրը բարդացրել են

Օգոստոս 21,2015 13:00

Բուլղարիայում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մասնակցած Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց մեկ բրոնզե մեդալ եւ հոկտեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության երկու ուղեգիր:

Արամ Ավագյանը 56 կգ քաշային կարգում բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ աստիճան, իսկ 52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը տեղ զբաղեցրեց լավագույն վեցյակում, ինչը նրա առջեւ էլ դեպի աշխարհի առաջնություն տանող ճանապարհ բացեց:
Վերջին երկու տարիներին հայ բռնցքամարտիկները լուրջ ձեռքբերումների են հասել երիտասարդների տարիքային խմբում, ինչը ապագայի հույսեր է ներշնչում: Սակայն ժամանակը չի սպասում: Եկող տարի կայանալու են ամառային օլիմպիական խաղերը: Մեր մարզաշխարհը եւ բռնցքամարտի սիրահարները հենակետային այս մարզաձեւում Հայաստանի ներկայացուցիչներին Ռիո դե Ժանեյրոյում տեսնելու մեծ սպասելիքներ ունեն: Եվ այդ սպասելիքները կապված են մեծահասակների՝ ազգային հավաքականի հետ:
Ծաղկաձորյան վերջին ուսումնամարզական հավաքում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը մարզումներին այցելած լրագրողներին ասել էր, թե իր ընտրած 10 բռնցքամարտիկների մեջ աշխարհի առաջնության ուղեգրերի համար պայքարելու ընդունակ տղաներ կան: Սակայն որեւէ կանխատեսում չէր արել, առավել եւս, խոստում, այդ թվում՝ մեդալների, չէր տվել:

Նախաօլիմպիական այս տարին վճռական նշանակություն ունի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի համար: Աշխարհի ու մայրցամաքային պաշտոնական առաջնություններում խաղարկվում է օլիմպիական ուղեգրերի հիմնական մասը:
Այս առումով, Եվրոպայի առաջնությունը մեր բռնցքամարտիկների համար այնքան էլ հաջող չդասավորվեց, քանի որ ընդամենը երկու հոգի ունեցանք, որոնք Դոհայում պիտի պայքարեն Ռիոյի ուղեգրերի համար: Այնտեղ վարկանիշ ստալու են միայն ըստ քաշային կարգերի մեդալակիրները: Իսկ աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելը, մեղմ ասած, հեշտ գործ չէ: Բռնցքամարտում օլիմպիական մեկ վարկանիշային մրցաշար էլ կա 2016 թվականին: Այն էլ՝ Ստամբուլում: Ու վերջ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, որ Եվրոպայի առաջնության օրերին մեր հավաքականի կողքին էր, գոհ չէ մեր բռնցքամարտիկների արդյունքներից: «Առավոտի» հետ զրույցում նա դժգոհեց ինչպես խայտառակ մրցավարությունից, այնպես էլ ազգային հավաքականի մարզիչների աշխատանքից: Բայց նա միեւնույն ժամանակ նշեց, որ այսօր բռնցքամարտում կայուն նվաճումներ ունենալ գրեթե անհնար է, եթե քո երկրում չունես պրոֆեսիոնալ ակումբ, որի համար սկզբնական շրջանում մոտ $2 միլիոն ներդրում է անհրաժեշտ:

Ֆեդերացիայի նախագահը, սակայն, 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու այլընտրանքային տարբերակներ է որոնում: Հայաստանում հավաքներ կազմակերպելը, սիրողական միջազգային մրցաշարերին մասնակցելը, նրա համոզմամբ, դեռ բավարար չեն: Հարկավոր է ավելի արդյունավետ միջոցներ գտնել: Այդ նպատակով նա մտածում է աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Արամ Ավագյանի եւ Կորյուն Սողոմոնյանի համար մինչեւ հոկտեմբեր ամիսը հավաքները կազմակերպել նաեւ ԱՄՆ-ում գործող պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայտնի ակումբներում: Դրա համար ֆեդերացիայի նախագահը մտադիր է տեղում գտնել այդ հնարավորությունները՝ բանակցելով պրոֆեսիոնալ ակումբների ղեկավարների եւ մարզիչների հետ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31