Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի միակ շանսը. երբ գալիս է սեպտեմբերը

Օգոստոս 21,2015 12:00

Սահմանադրության փոփոխությունների նպատակը «Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն» է` այս գնահատականն արդեն տեւական ժամանակ քաղաքական բանավեճի թեմա է դարձել: Այս պնդումն ավելի հետեւողական է քննարկվում, քան հարցը` իսկ ո՞ր քաղաքական ուժը կամ առաջնորդը ռեսուրս ունեն այսօր «իշխանության վերարտադրության» դեմն առնելու:

Եթե ելնենք «իշխանության վերարտադրության» նպատակից, ապա Սերժ Սարգսյանը կարող է միայն մեկ վտանգ ունենալ` դա Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձն է: Ռոբերտ Քոչարյանը վերջին տարիներին մերթընդմերթ ցույց է տվել, որ անտարբեր չէ հայաստանյան քաղաքական գործընթացներով, թեեւ իր վերադարձի մասին հետեւողականորեն լռություն է պահպանել, հավանաբար ունենալով որոշակի վախեր:
Ենթադրենք, Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է պայքարել սահմանադրության փոփոխությունների դեմ, այդպիսով փորձ անելով կանխել «Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը» եւ ճանապարհ բացել իր համար: Եթե այդպես է, ուրեմն նա այդ «պայքարի» մեջ պետք է մտնի անմիջապես, շատ արագ, օրինակ հենց` սեպտեմբերից:

Քոչարյանի վերադարձի մյուս հնարավոր տարբերակը` այլ քաղաքական ուժերի ակտիվացմամբ, քաղաքական գործընթացները թեժացնելու, Ազատության հրապարակը հանրահավաքներով ակտիվացնելով է: Այս տարբերակի աշխատելու դեպքում հարց է ծագում` իսկ ումո՞վ: ԲՀԿ-ական մի քանի գործիչներո՞վ, որոնք «Քոչարյանի մարդ» են համարվում: Կամ` գուցե Վարդան Օսկանյանո՞վ: Իսկ գուցե նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցությա՞մբ:

Եթե նույնիսկ ստեղծվի միասնական ճակատ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, օրինակ մի նոր` «Միասնական շտաբ 2», եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վարդան Օսկանյանը, մի քանի ԲՀԿ-ականներ, քոչարյանականներ, գումարած` Գառնիկ Իսագուլյանը, Աշոտ Մանուչարյանն ու Հմայակ Հովհաննիսյանը նստեն մեկ սեղանի շուրջ, այս «միավորումը» ի վիճակի չէ այնքան մարդ դուրս բերել փողոց, որ հնարավոր լինի հայտարարել, թե 100 000 մարդ դուրս եկավ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:

Պետք է նաեւ հաշվի առնել, որ մեր հասարակությունը բավական անտարբեր է սահմանադրական փոփոխությունների հանդեպ, այսինքն, նույնիսկ ամենահզոր քաղաքական ուժին սահմանադրական փոփոխությունների հանդեպ հասարակական հետաքրքրությունը մեծացնելը, իսկապես, բարդ է լինելու:

Հետեւաբար, ի՞նչ հնարավորություն ունեն «միասական ճակատով» հանդես գալու ջատագովները: Նախ, սկսենք նրանից, որ նրանց ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ, իսկ որեւէ մեկը այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանով ու Վարդան Օսկանյանով հասարակությանը ոտքի հանելու հնարավորությանը չի հավատա, որ դրա վրա ռեսուրսներ ծախսի, առավելեւս Ռոբերտ Քոչարյանը: Նա այդ ռեսուրսները, հավանաբար կնախընտրի ինքն իր վրա ծախսել:

Ուրեմն, մնում է մեկ տարբերակ. եթե Ռոբերտ Քոչարյանը իսկապես մտադրություն ունի ընդդիմանալ սահմանադրական փոփոխությունների` Սերժ Սարգսյանի ծրագրին, նա իր այդ ցանկությունը ստիպված է շատ արագ արտահայտել` հրապարակավ հայտարարելով, որ մտնում է ակտիվ քաղաքական կյանք եւ իր նպատակը «Սերժ Սարգսյանի վերարտադրությունը» խոչընդոտելն է:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն օրերս հարցազրույց է տվել 1in.am-ին եւ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի հստակ դերակատարություն ունենա սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում, նշել է. «Ես կարող եմ ասել իմ տեսակետն ու ցանկությունը: Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվ մասնակցությունը կուզենայի տեսնել այս խնդիրների մեջ, որովհետեւ մարդիկ, ովքեր եղել են պետության գլուխ, չեն կարող անտարբեր լինել եւ պետք իրենց ծանրակշիռ խոսքն ասեն։ Այդ առումով ես ուղղակի հորդորում եմ, որ ակտիվ լինեն: Ոչ միայն ելույթների, խոսքերի մեկնաբանությունների տեսքով՝ այլեւ ընդհանրական ակտիվություն ցույց տան»։
Եթե Սահմանադրության դեմ հանդես գալու «պրոյեկտը» եւ այդ ծրագրի կյանքի կոչման միակ հույսը Ռոբերտ Քոչարյանն է, ապա քաղաքական բոլոր «շահագրգիռ» ուժերից եւ գործիչներից պետք է պահանջել անկեղծություն: Հասարակությանը մեկ-երկու անգամ հանրահավաքի հրավիրելու եւ ճառեր ասելու ժամանակ իսկապես չկա: «Միասնական շտաբ 2»-ն առանց Ռոբերտ Քոչարյանի մի քանի շաբաթների ընթացքում կձանձրացնի բոլորին, առանց այն էլ այդտեղ ներկայություն ունենալու հավակնորդներն հասարակական վստահություն դեֆիցիտ ունեն:

Քաղաքական աշունը կարող է թեժանալ, եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին եւ պայքարելու է ընդդեմ «Սերժ Սարգսյանի վերարտադրության»: Եթե նա դա չանի աշնանը` նա որեւէ այլ հնարավորություն չի ունենալու ընդդիմանալու «ռեժիմին», եւ եթե նա դա չանի մոտակա շաբաթներին, ուրեմն, նա նույնպես գիտակցում է, որ կորցնելու շատ բան ունի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը` Yerevan.today-ի

«Առավոտ» օրաթերթ
20.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    ««Միասնական շտաբ 2»-ն առանց Ռոբերտ Քոչարյանի մի քանի շաբաթների ընթացքում կձանձրացնի բոլորին»

    Իսկ քոչի մասնակցության ցանկացած շարժում կվանի իրան հարգող ցանկացած հայի։

    Թալանչիից ազատվելու համար պիտի մարդասպան թալանչիին բերե՞նք։
    Անիմաստ եմ համարում քոչի անունը տալ որևէ հոդվածում, եթե այդ հոդվածում չի քննարկվում նրան կախաղան հանելու թեման։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31