«Տեխնիկական հարթության մեջ սահմանադրական բարեփոխումների նախագիծը գործող Սահմանադրությունից ավելի առաջադեմ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Ըստ նրա՝ տեխնիկական առումով ճիշտ լուծումներ են տրված, սակայն գաղափարախոսական առումով առաջընթաց չկա. «Գաղափարախոսական առումով առաջին խնդիրը հետեւյալն է՝ պետք է Սահմանադրությունը տա հայկական պետականության բնութագիրը: Որ ասում ենք Հայաստանը ինքնիշխան է, իրավական եւ այլն, այդ բնութագիրն ամեն ոք կարող է տալ իր սուբյեկտիվ մեկնաբանությամբ: Սահմանադրությունը՝ կոնստիտուցիա, constant բառն է՝ հաստատուն, այսինքն՝ կոչված է ամրագրելու համամարդկային արժեքների անփոփոխելի բնույթը: Այն արժեքները, որոնք անփոփոխելի են, դրանք պետք է ստանան սահմանադրական ամրագրում»:
Սահմանադրագետի կարծիքով՝ Սահմանադրությունը՝ որպես համամարդկային արժեքները ամրագրող փաստաթուղթ, պարտադիր պետք է ունենա իր պաշտպանության մեխանիզմը, որպեսզի քաղաքական ուժի ձեռքին խաղալիք չդառնա եւ փոփոխության չենթարկվի. «Սահմանադրությունը պետք է հստակ ամրագրի իր փոփոխման կանոնակարգը, այսինքն՝ որ դեպքերում կարելի է փոխել, ինչ պայմաններում կարելի է փոփոխել, ինչ չափանիշներով պետք է ձեւավորվի փոփոխությունների նախագիծը մշակող մարմինը եւ ինչ կանոնակարգով պետք է փոփոխվի: Պատկերացրե՛ք, եթե Սահմանադրությամբ ամրագրված լինի, ապա տեսականորեն կվերանան ընդդիմության եւ իշխանության բոլոր հակամարտությունները, որ իրար քննադատում են վերարտադրվելու համար, մեկը ասում է բարեփոխում ենք»:
Վարդան Այվազյանը համարում է, որ Սահմանադրությամբ պետք է կարգավորվեին նաեւ հանրաքվեի հետ կապված խնդիրները՝ հստակ սահմանվեին հանրաքվեի ենթակա հարցերի շրջանակը, հանրաքվեի չդրվող հարցերի շրջանակը. «Այսինքն՝ ինչ բան է հանրաքվեն: Բովանդակային խնդիրները պետք է Սահմանադրությամբ լուծվեին, տեխնիկականը՝ մնար ընտրական օրենսգրքին: Բայց դարձյալ մանրամասն անդրադարձ չի կատարվում հանրաքվեին՝ բովանդակային առումով: Իսկ հանրաքվեն ժողովրդի կամարտահայտության միջոց է համարվում»:
Կարդացեք նաև
Իսկ մնացած խնդիրները՝ թե կոալիցիա կկազմե՞ն, թե՞ չեն կազմի, ընտրությունների երկրորդ փուլ կլինի՞, թե՞ չի լինի, ըստ նրա, տեխնիկական են. «Եթե մեր իշխանության, ընդդիմության եւ հասարակության գիտակցության մակարդակը շատ բարձր լիներ, բոլորը համամարդկային արժեքներ դավանող լինեին, բացարձակապես որեւէ վիճաբանության տեղիք չէր տա, թե դատախազին 3/5-ով են նշանակո՞ւմ, թե՞ ½-ից ավել, այսինքն՝ տեխնիկական խնդիր է, եթե գիտակցական մոտեցումը լիներ այս հարցերը կդառնային երկրորդական: Մինչդեռ այսօր տարբեր մակարդակներում քննարկումներին ես մի բան եմ նկատել՝ փոխանակ այս իմ ասած համակարգային հիմքով ամբողջականության հիմքով վերցնեն Սահմանադրությունը՝ 3/5-ից են կառչում»:
Վերջում սահմանադրագետը հավելեց. «Ավելի լավ կլիներ, իմ բարի ցանկությունն է, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ավելի շատ ստեղծագործական այս հայեցակարգային հիմքը համահայկական արժեքները նույնականացներ, ինտեգրեր համամարդկային արժեքների մեջ, եւ ունենար համամարդկային արժեքների շրջանակներում համահայկական արժեքներով Սահմանադրություն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ