Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին շտապող հանրապետականների մեծ մասը չէին ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ` բոլոր հարցերին կպատասխանեն նիստի ավարտից հետո: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, հարցին, թե ինչպե՞ս են վերաբերում ՀՀԿ-ականներն իրենց կուսակից Ռուբեն Հայրապետյանի կողմից «Էյր Արմենիա» ընկերության սեփականատիրոջը ծեծի ենթարկելու դեպքին, թե ինչու կուսակցությունը չի պատժում այդ մարդկանց, պարոն Հարությունյանն ասաց, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ենթադրյալ հանցագործությանը, իսկ հանցագործության դեպքում պետք է պարզել, թե ովքեր են մեղավորները եւ համապատասխան եզրակացության հանգել. «Ես որպես իրավաբան եմ գնահատում իրավիճակը, եւ հստակ գնահատականները ի վերջո լինում են միայն այն դեպքում, երբ լինում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը: Ցանկացած դեպքում, ես կարծում եմ, նման հարցերում իրենց խոսքը պետք է ասեն իրավապահները»:
Դավիթ Հարությունյանի խոսքերով, եթե մարդուն մեղադրում են շատ լուրջ արարքի մեջ, անհրաժեշտ է, որպեսզի իրավապահները կատարեն իրենց կողմից անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բացահայտելու համար: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ նաեւ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ այդ մարդկանց մեղադրում են, բայց մարդը կարող է անմիջական որեւէ մասնակցություն չունենալ. «Յուրաքանչյուրս առիթ ունեցել ենք անցնելու նման իրավիճակով, այդ թվում՝ ես: Եվ ես կհամարեի ամենավտանգավոր բանը, երբ ընդամենը ասեկոսեների եւ հայտարարությունների հիման վրա կատարվեին խորը եզրակացություններ, հեռուն գնացող եզրակացություններ»:
Այն հարցին էլ, թե ՀՀԿ-ին չի՞ մտահոգում այս վիճակը, որ քննարկում անի: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ին մշտապես հետաքրքրում է իր անդամների պահվածքը: Ըստ նրա, պետք է նաեւ հաշվի առնել, որ ՀՀԿ-ն մեծ կուսակցություն է, եւ ինչպես ամեն մեծ կուսակցություն, ՀՀԿ-ն եւս կարող է ունենալ իր շարքերում մարդիկ, որոնք բացարձակապես օրինապահ չեն: Այն որ Ռուբեն Հայրապետյանը փորձել է հաշտվել «Էյր Արմենիայի» հետ չի՞ ապացուցում, որ նա կատարել է այդ հանցանքը, այս հարցին էլ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե ձեզ համար ակնհայտ է, ապա ես միայն մի բան կարող եմ նշել՝ լավ է, որ դուք իրավապահ մարմին չեք, քանի որ դուք իսկապես մարդուն կարող էինք ազատազրկման դատապարտել ընդամենն այն պատճառով, որ ձեր կարծիքով մեղավոր է»:
Կարդացեք նաև
Խոսելով Որոտան ՀԷԿ-ի վաճառքից, պարոն Հարությունյանը նշեց. «Որոտանի ՀԷԿ-ի բաժնետերը Կոնտուր գլոբալ ընկերության դուստր ընկերությունն է, բաժնետերը Կառավարությունն է՝ ի դեմ ՊՆ-ի»: Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե ով է Որոտանի ՀԷԿ-ի բաժնետերը, եւ արդյոք այդ վաճառքից ստացված գումարը բյուջետային թե արտաբյուջետային հատվածն է, Դավիթ Հարությունյանն ասաց. «Այդ ամենն իսկապես արտաբյուջեում է գտնվում, իսկ թե ինչ իրավասությամբ է վաճառվում գույքը, կարող եմ ասել, որ մենք որպես բաժնետեր համաձայնություն ենք տալիս, որ բաժնետիրական ընկերությունը վաճառվի»:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի վերաբերյալ էլ կառավարության աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց ԴԱՀԿ-ին կուտակված նրա պարտքերը`համալիրի նախկին սեփականատիրոջից մնացած: Այն հարցին, թե հասարակության մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ համալիրում կառուցվելու է նաեւ կազինո, պարոն Հարությունյանը զարմանքով նշեց, որ այդ նիստին ներկա չի եղել:
Այն հարցին էլ, թե ինչու կառավարությունը ամբողջությամբ չի փոխհատուցում հոսանքի սակագինը, Դավիթ Հարությունյանն ասաց`միջոցները բավարար չէին: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ արդարադատության թափուր մնացած պաշտոնի մասին, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց` քննարկումներն են ընթանում:
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Աշոտ Աղաբաբյանի սնանկացման թեմային:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ