Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նոր Սահմանադրության՝ 6 ամիսը մեկ կառավարությանը կարելի է անվստահություն հայտնել

Օգոստոս 20,2015 20:25

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այս օրերին իրենց առաջարկություններն են ներկայացնում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Aravot.am-ի զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր ներկայացրած առաջարկությունները ոչ թե սահմանադրության  նախագծի այս կամ այն դրույթը մերժելուն են ուղղված, այլ սահմանադրական նորմի իրավական որոշակիությունը երաշխավորող առաջարկներ են:

Պարոն Հարությունյանը հավաստիացրեց. «Եթե  սահմանադրության այս նախագիծն այս տեքստով էլ դրվեր հանրաքվեի, ես կողմ կքվեարկեի»:

Խորով Հարությունյանի առաջարկներից մեկը վերաբերում է հանրային իշխանության պատասխանատվությանը. «Հանրային իշխանությունը պատասխանատվություն է, այլ ոչ միայն իրավունք: Կամ ամրագրված է, որ արժանապատվությունը մարդու ու քաղաքացու հիմնարար ազատությունների հիմքն է, ես ասում եմ, որ այդ իրավունքը ոչ միայն հանդիսանում է այդ իրավունքի հիմքը, այլև աղբյուրը»: Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ սահմանադրությամբ պետք է ամրագրվի նաև գործարարությամբ զբաղվելու ազատ ընտրությունը:

Կառավարության գործունեության և կառուցվածքի հետ կապված ևս առաջարկություններ կան: Խոսրով Հարությունյանը մանրամասնեց. «Սահմանադրությունն  ամրագրում է, որ կառավարության և′ կառուցվածքը, և′ գործունեությունը պետք է սահմանվի օրենքով: Բայց ես կարծում եմ, որ կառուցվածքը չպետք է սահմանվի օրենքով: Օրինակ՝ վարչապետը հրաժարական է տալիս, գալիս է նորը, նրա պատկերացմամբ ենթադրենք անհրաժեշտ է ոչ թե էկոնոմիկայի նախարարություն, այլ առևտրի և արդյունաբերության: Բայց եթե կառուցվածքը սահմանվում է օրենքով, ապա վարչապետը զրկվում է իր համար ցանկալի կառավարություն ձևավորելու պատասխանատվությունից: Փոխարենը կառավարության գործունեության կարգը,

ՀՀ նախագահի և ԱԺ-ի հետ հաղորդակցությունը, պետք է կարգավորվի օրենքով»: Վարչապետին անվստահություն հայտնելու ինստիտուտի վերաբերյալ ամրագրումներում ևս պարոն Հարությունյանը որոշ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:

Նա որոշակիացրեց. «Ըստ գործող նախագծի՝ պատգամավորների ցանկացած մեկ երրորդ կարող է հանդես գալ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկով. «Ենթադրենք առաջին անգամ դա չի հաջողվում, բայց ԱԺ-ն ցանկացած վեց ամիսը մեկ կարող է այն ներկայացնել: Պատկերացնում եք, որ կառավարությունը կարող է վեց ամիսը մեկ  անվստահության ճնշման տակ հայտնվել»: Խոսրով Հարությունյանը առաջարկում է այս դրույթը փոփոխել այնպես, համաձայն որի՝ կառավարության անվստահության հարցը առաջին մեկ տարվա ընթացքում չի կարող դրվել, դրանից հետո ոչ ավել, քան տարին մեկ անգամ կարող է դրվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31