Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ավարտվել է ցորենի հունձը: Այդ տարածաշրջանից նաեւ մեկնում էին Լոռու մարզի Մղարթ գյուղ, հացահատիկահավաք կոմբայնի բունկերից կիլոգրամը 100 դրամով ցորեն գնում: Խանութներում անասնակեր «թեփի» (ցորենի կճեպի աղալուց ստացված) կիլոգրամի գինը 120 դրամ է, ուստի 100 դրամով գնված ցորենը գյուղացուն ձեռնտու է: Այդ ցորենից էժան ալյուր եւ անասնակեր է ստացվում:
Սակայն խնդիր կա, Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների վկայությամբ՝ տարածաշրջանում հացահատիկի աղացներ գրեթե չկան: Նախկինում Ոսկեպարում, Բաղանիսում, Կողբում հացահատիկի էլեկտրական աղացներ էին աշխատում:
Ոսկեպարի աղացի սեփականատեր, այն աշխատեցնող Վերան Հարությունյանը մշտական բնակության է մեկնել Ռուսաստան, նրա աղացը չի գործում: Բաղանիս գյուղում «Սանի գրեյն» ընկերության ալրաղացը 2008 թվականից փակ է, չի գործում նաեւ Կողբ գյուղի հացահատիկի աղացը: Գյուղացիները չգիտեն՝ ցորենը որտե՞ղ պետք է աղան, ինչքա՞ն ծախս են կատարելու ցորենը հեռու տեղում գտնվող ալրաղաց տանելու տանել- բերելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ