Լրահոս
Օրվա լրահոսը

Պետգույքի կառավարման վարչությունը մեկնաբանեց «Հայֆիլմի» թնջուկը

Օգոստոս 20,2015 17:55

Aravot.am-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից պաշտոնական մեկնաբանություն էր խնդրել այն մասին, թե որքանով է հավաստի շրջանառվող այն լուրը,որ կառավարությունը սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթացը:

Պետական գույքի կառավարման վարչությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «Դեռևս 14.09.2005 թվականին կնքված թիվ 321 Օ պայմանագրի հիմքով «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին օտարվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՊՈԱԿ-ին ամրացված գույքը՝ 350 միլիոն ՀՀ դրամ գումարով: Պայմանագրում նախատեսվել են մի շարք պարտավորություններ, որոնք Գնորդը պետք է կատարեր առաջին և երկրորդ փուլերի ընթացքում: Առաջին փուլի պարտավորությունները գնորդը կատարել է ամբողջությամբ. դրանք վերաբերում են ֆիլմաֆոնդի օգտագործման, ապրանքային նշանի, ֆիրմային անվանման և վարձակալության պայմանագրերի կնքմանը:

Համաձայն ստանձնած պարտավորությունների, Գնորդը պետք է հիմնադրեր Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա եւ կանոնադրական կապիտալում ներդներ օտարված գույքը , որը ևս կատարել է:

Երկրորդ փուլը վերաբերում է ներդրումներին. սահմանվել են ներդրվող գումարի չափը և ներդրումային փուլերը:

Պայմանագրում սահմանում չկա յուրաքանչյուր փուլի ներդրումային գումարի չափի վերաբերյալ, սակայն սահմանված են բողոքարկման, հաշվետվությունների ուղղման ժամանակահատվածի, ինչպես նաև աուդիտի իրավունքի մասին դրույթներ:

Պարտավորությունների կատարման նկատմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից եղել է պատշաճ վերահսկողություն, իրավունքների իրացման բոլոր ժամկետները վաղեմության մեջ են: Տվյալ պահին «Հայֆիլմ» կինոստուդիա ընկերության սեփականատեր է հանդիսանում գնորդի իրավահաջորդ «Ֆիլմզ ստուդիոս» ՓԲ ընկերությունը: Նշենք, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի վերաբերյալ կան մի շարք ծրագրեր, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Ինչ վերաբերում է Գույքը հետ վերադարձնելու գործողությունների ավարտի ժամկետներին, տվյալ պահին հարցի վերաբերյալ քննարկումներ են ընթանում և միայն հետագայում՝ իրավական ակտի օրինական ուժ ստանալու դեպքում հնարավոր կլինի խոսել սահմանված ժամկետներից:

Վստահեցնում ենք, որ գործընթացի վերաբերյալ հանրությունը պատշաճ կիրազեկվի: Հայտնում ենք նաև, որ բաժնետոմսերի շուկայական գինը կազմում է 1.275.080.159 ՀՀ դրամ, իսկ գույքը վաճառվել է ընդամենը 350.000.000 ՀՀ դրամով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31