Ըստ Սահմանադրության նոր նախագծի 47 հոդվածի՝ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Ըստ այս դրույթի՝ ԱԺ պատգամավորը պետք է տիրապետի պետական լեզվին, եւ այդ դրույթը ենթադրում է, որ պատգամավորները մայրենի լեզվից քննություն պետք է հանձնեն կամ թեստ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե 2015» հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում պարոն Սահակյանը հստակեցրեց, թե հայկական բուհ ավարտած պատգամավորները պետք է բանախոսություն գրեն իրենց գյուղի, թաղի մասին ու նշեց, որ դեռ հստակեցումներ կմտցվեն:
Այնուհետև նկատեց. «Շատ պատգամավորներ վիրավորվեցին, բայց ես բացատրեցի, որ դրանով մեր Սահմանադրությունն ավելի ազգային բնույթ է խորացնում, որ լեզուն ազգի համար ամենաբարձր գործիքն է»:
Հարցին՝ պատգամավորներից քանի՞սը կհաղթահարեն այդ թեստը, պարոն Սահակյանը պատասխանեց՝ բոլորը: Այնուհետև շեշտեց. «Այն չինովնիկներից, լավ ուսյալներից կամ դասախոսներից քանի՞սը կարողացան հաղթահարել և ռազմադաշտում կռվել արցախյան պատերազմում, թող կարողանային: Այնպես չէ, որ դա պեդանտ պիտի դնես: Մենք ունեինք նաև Մոնթեին, որ լավ հայերեն չէր խոսում, բայց քանի՞ արժեւորված գրական հայեր ունենք, որոնք ավելի պիտանի են մեր հասարակությանը, չունենք»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ փաստորեն մանդատը պարգևատրո՞ւմ է արցախյան պատերազմում առավելություններ ունենալու համար, պարոն Սահակյանն արձագանքեց. «Մանդատ պիտի տալ նրանց, ովքեր խորն ազգային են և մտածում են պետության մասին, իսկ դա միայն լեզվով չէ: Մենք ամբողջ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ռուս և հայ գեներալներով հաղթեցինք, որոնք նաև հայերեն չգիտեին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ