Այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող թվով 13 ֆուտբոլիստներ, հրավիրվելու պատճառները, սակայն, անհայտ են:
Հետաքրքիրն այն է, որ տվյալ ֆուտբոլիստներից շատերն ուղղակի գրանցված են արտերկրի թիմերում, սակայն այդպես էլ հիմնական խաղային պրակտիկա չունեն: Իսկապես, ուշադիր հետևելով հայ ֆուտբոլիստներից շատերի կարիերային՝ կարելի է ասել, որ նրանք իրենց ակումբներում մշտական խաղային պրակտիկայի պակաս են զգում, լավագույն դեպքերում մասնակցում են ոչ առանցքային խաղերի կամ պահեստայինների նստարանին են հայտնվում. բոլոր չէ, որ «Հենրիխ Մխիթարյան» են իրենց թիմերում: Սակայն, չնայած այդ հանգամանքին, պարզվում է՝ նրանց անհրաժեշտությունն ազգային հավաքականին, այնուամենայնիվ, զգացվում է, սակայն հարց է ծագում՝ ինչո՞ւ:
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրապարակել է ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, մասնակցելու են Հայաստանի ազգային ընտրանու նախապատրաստական հավաքին: Սարգիս Հովսեփյանի հրապարակած ցանկն ունի այսպիսի տեսք.
Ռոբերտ Արզումանյան, «Ամկար» (Ռուսաստան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)
Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)
Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Հենրիխ Մխիթարյան, Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա)
Մարկոս Պիզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)
Արտյոմ Սիմոնյան, «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Արաս Օզբիլիս, «Սպարտակ» (Ռուսաստան)
Նորայր Ասլանյան, «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Ռուսլան Կորյան, «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)
Յուրա Մովսիսյան, «Սպարտակ» (Ռուսաստան)
ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակում հնարավոր են որոշակի փոփոխություններ, իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Կարծում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի՝ վերը նշված հայտացուցակում մի քանի փոփոխություններ, այնուամենայնիվ, պետք է լինեն. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այս պահին ունի միմիայն խաղային պրակտիկա ունեցող ֆուտբոլիստների կարիք, այլապես պետք է դրսևորման հնարավորություն տալ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներին. կարծում ենք՝ վերջիններս ևս հայտնի լինելու ցանկություն ունեն և ցանկանում են ազգային հավաքականում խաղերի շնորհիվ արտասահմանյան ակումբներ տեղափոխվել: Դժբախտաբար հենց սա է հայկական ֆուտբոլի իրականությունը:
Օրինակ, Ռուսաստանի առաջնություն հանդես եկող «Ուրալ» ակումբի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, ով արդեն մասնակցել է ռուսաստանյան «Պրեմիեր լիգայի» առաջնության 5 ոչ ամբողջական հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ, այդպես էլ չի հրավիրվել ազգային հավաքական: Ինչևէ, կարծում ենք, որ Էդգար Մանուչարյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրվելու շանսերը քիչ են. տաղանդավոր ֆուտբոլիստը բազմիցս է քննադատության ենթարկվել ՀՖՖ ղեկավարության կողմից և դժվար թե միայն խաղային հաջողությունների պատճառով հրավիրվի ազգային թիմ…
Հ.Գ.: Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «ԵՎՐՈ 2016»-ի ընտրական փուլի շրջանակում կանցկացնի հանդիպում՝ հյուրընկալվելով Սերբիայի ազգային հավաքականին: Սեպտեմբերի 7-ին արդեն Հայաստանի ազգային հավաքականը Երևանում՝ «Հանրապետական» մարզադաշտում, կհյուրընկալի Դանիայի ազգային ընտրանուն:
Հարություն Ծատրյան