«Էյր Արմենիա» ավիաընկերության 51%-ի բաժնետեր հանդիսացող Արսեն Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որ հաշտվել է , ինչպես նախկինում նրա կինն էր հայտարարել՝ Ավետիսյանին ծեծելու հրաման տվող Ռուբեն Հայրապետյանի հետ:
Ավետիսյանը հայտարարել է, որ այդ հաշտությունը բխում է ավիաընկերության շահերից, որպեսզի չվտանգվեն ընկերությունում կատարվող ներդրումները:
Հիշեցնենք, որ Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանը հայտարարել էր որ ամուսնուն Հայրապետյանի թիկնապահները առեւանգել են, իսկ այսօր Ավետիսյանն ասել է, որ առեւանգում չի եղել:
Aravot.am-ը փորձեց զրուցել Ավետիսյանի հետ, սակայն նրա հեռախոսն անջատված է, իսկ կինն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե ամուսինն առայժմ ի վիճակի չէ խոսել՝ նոր են հիվանդանոցից տուն մտել:
Կարդացեք նաև
Մենք մի քանի հարց ուղղեցինք տիկին Մելքումյանին: Մեր հարցին՝ ինչու է հերքվում իր այն հայտարարությունը, որ ամուսնուն առեւանգել էին, տիկինը սո՞ւտ տեղեկություններ է տարածել, առավել եւս, որ տիկինը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել էր, որ ամուսինն իրեն ամեն ինչ պատմել է՝ «Հայրապետյանը ամուսնուս թեւից քաշել է, ու թիկնապահները նրան տարել են էն կողմ, որ ծեծեն, 8 հոգով «տշել են»: Տեսախցիկներ կան, թող նայեն ու ամեն ինչ պարզ կլինի»: Մելքումյանն ասաց. «Ինձ զանգեցին ասացին՝ տեսել են ծեծած վիճակում, ու մի քանի հոգի տեղափոխել են մի այլ տեղ, հետո իրեն չեն տեսել: Ես 1,5 ժամ լուր չունեի ամուսնուցս, ես իրավաբան չեմ, գուցե տերմինն եմ սխալ օգտագործել»:
Մեր այն հարցին՝ Ավետիսյանն ինքնակա՞մ է գնացել իր նշած այն կողմը, տիկին Մելքումյանը չպատասխանեց:
Մեր այն հարցին էլ՝ այդ ինչ ներդրումների մասին է խոսքը, եւ ինչպե՞ս են դրանք վտանգված, արդյոք խոսքը «East Prospect Fund»-ի 68,6 միլիոն դոլարի արժեթղթերի մասին է, տիկինն ասաց, որ այդ արժեթղթերի մի մասը պիտի գրավադրվեր բանկում, որի դիմաց ստացած գումարներն ուղղվեին պարտքերի մարմանն ու ընկերության վերագործարկմանը:
Ծեծվելու նախորդ օրն ավիաընկերության բալանսին արդեն կար այդ ներդրումը, մի՞թե դա հիմք չէր, որպեսզի Ավետիսյանը վստահեցներ, որ կարող է դրանք օգտագործելով պարտքը փակեր, տիկինն ասաց. «Իմ մոտ էլ ուրիշ հարց է ծագում՝ ի՞նչ կապ ուներ Հայրապետյանն այդ պարտքի հետ»: Մեր այն դիտարկմանը՝ եթե կապ չուներ, ինչպես որ Դուք եք վստահեցնում, ապա ինչո՞ւ ձեր ամուսինը 2-րդ անգամ գնաց Հայրապետյանի հետ հանդիպմանը՝ իմանալով որ զրույցի թեման պարտքը պահանջելն էր, իսկ գուցե այդ պարտքը անձամբ Հայրապետյանինն էր, նա «Ալա Ինթերնեյշնլում», որի պարտքի պատճառով էլ եղել է միջադեպը, փա՞յ ուներ, Մելքումյանն ասաց. «Որքան որ մենք հասկացանք Գառնիկ Պապիկյանն(«Ալա Ինթերնեյշնլի», «Տարոն Ավիայի» սեփականատեր.նա է կազմակերպել Ավետիսյան-Հայրապետյան հանդիպումը) ու Հայրապետյանն էլ իրար ծանոթ չեն, համենայնդեպս, մինչեւ առաջին հանդիպումը մենք չենք կարծել, որ ծանոթ են, ինչ-որ միջնորդ է եղել, որ խելքի է գցել Պապիկյանին»:
Մեր այն դիտարկմանն էլ՝ եթե ոչ ձեր ամուսինը, ոչ Պապիկյանը Հայրապետյանին ծանոթ չեն եղել, ու Հայրապետյանը պարտքի հետ կապ չունի, ապա 2-րդ հանդիպումը, որի ժամանակ տեղի ունեցավ միջադեպը, չպիտի լիներ, այսինքն Ավետիսյանը պիտի չգնար հանդիպմանը, եթե Հայրապետյանը պարտքի հետ կապ չունի, իր փողերը չեն, տիկին Մելքումյանն ասաց. «Երբ առաջին հանդիպումը նշանակվել էր, Ավետիսյանը չէր մտածում, որ Պապիկյանը կթռներ հանրապետությունից ու Արսենը պիտի բացատրեր, որ Պապիկյանին է պարտք, ոչ թե Հայրապետյանին ու ասեր՝ դու կապ չունես այս պատմության հետ»:
Հարցին՝ Հայրապետյանը ճնշում գործադրե՞լ է, որ իրավապահ մարմիններին այդ գործով բողոք չներկայացնեք, Մելքումյանն ասաց. «Ոչ, հակառակը,
հաջորդ օրվանից եկել են հաշտության առաջարկով: Հայրապետյանն ինքը չի եկել, բայց իր անունից մարդ է եկել»:
Իսկ «East Prospect Fund»-ի կողմից ճնշում եղե՞լ է, որ եթե հաշտություն չլինի, ապա արժեթղթերի տնօրինման հետ խնդիր կառաջացնի, այս թեմայով Ավետիսյանն ու ավիաընկերության 49% բաժնեմասի սեփականատեր «East Prospect Fund»-ի ղեկավարի միջեւ զրույց եղե՞լ է, Ավետիսյանն ասաց. «Դուք ճիշտ եք հասկացել, նա ասել է, որ պետք է շուտ լուծվի այս հարցը, չի հորդորել հաշտվել, բայց ասել է արագ հարցին լուծում տանք, քանի որ ամեն ինչ կվտանգվի: Գումարը Եվրոպայից է գալու, եթե նրանք նայեին երկրի ներսի իրավիճակին, կմտածեին՝ արժե՞ ներդրում անել, թե՝ ոչ»:
Մելքումյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ տիկինը երբեմն մեր որոշ հարցերի պատասխանը ճշտում էր Ավետիսյանից, որը նրա կողքին էր, բայց պատճառաբանելով, որ լավ չի զգում, հրաժարվեց անձամբ մեզ հետ խոսել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ