Լրահոս
Օրվա լրահոսը

Կտրված ձեռքի դիմաց 2,5 տոննա մակարոնով են փոխհատուցում

Օգոստոս 20,2015 17:10

Նաիրա Աղաբեկյանն աշխատել է մակարոնի արտադրությամբ զբաղվող մի արտադրամասում՝ «Թագ» ընկերությունում: Նա աշխատանքի վայրում վնասվածք է ստացել, եւ իր պատմելով, քանի որ այդ հարցով ընկերության հետ լեզու չեն գտել, գործը հասել է դատարան:

«Աշխատանքի վայրում վնասվածք եմ ստացել, «Թագ» ֆիրմայում ձեռքս կտրվել է, դրանից հետո իրենք ամեն ամիս պետք է ինձ 28000 դրամ գումար վճարեին, հետո Աշխատանքային տեսչություն դիմեցինք, երկուսիս հետ համապատասխան պայմանագիր կնքվեց. որ ամիս կարողացան գումար տալ, գումար տվեցին, որ ամիս չհաջողվի՝ 100 կիլոգրամ մակարոն՝ մեկ կիլոգրամը 280 դրամով: Եղավ մի շրջան, որ լրիվ դադարեցրին, ստիպված դիմեցի դատարան, դատն էլ շահեցի: Դատարանը վճռեց, որ չվճարված ամիսների դիմաց 2,5 տոննա մակարոն պետք է տան: Ֆիրման հրաժարվեց մակարոն տալ, եւ Հարկադիրի միջոցով պարտավորեցրին: Հիմա էլ ինձ անորակ մակարոն են առաջարկում, որը ես չեմ ուզում վերցնել, որովհետեւ դա մակարոն չէ, անասնակեր է, աղբ: Ոչ մի խանութում, ոչ մի տեղ չի կարելի վաճառել: Ես որեւէ տեղ նման ապրանք չեմ տեսել: Ես իրենց ասացի, որ դա չեմ կարող վաճառել ու չվերցրի»,-Aravot.am-ին փոխանցեց Նաիրա Աղաբեկյանը.: Նաիրա Աղաբեկյանի ասելով՝ հարցը մնացել է առկախ:

Aravot.am-ը մյուս կողմը ներկայացնող Վահան Կարգինյանի հետ էլ կապվեց:

Պարոն Կարգինյանը հեռախոսով հավաստիացրեց, որ իր կողմից Նաիրա Աղաբեկյանին առաջարկված մակարոնը լավագույն որակի է: Նրա ձեւակերպմամբ. «Ուղղակի մուգ գույնի ալյուրով է պատրաստված, դրա համար էլ մի քիչ գույնը մուգ է ստացվել: Ես պարտավոր չէի իրեն դա տալու, բայց դատարանը այդպես որոշեց, քանի որ մեր միջեւ պայմանավորվածություն կար: Համով, էկոլոգիապես մաքուր, լավ որակի մակարոն է, ինչպես արդեն նշեցի, ուղղակի մի քիչ գույնը մուգ է, ոնց որ «ռժանոյ» հացինը: Ցավոք, արդեն երկու տարի է՝ աշխատանք չունեմ, պարտքեր ունեմ, ամեն ինչ գրավի տակ է, եւ ինձ ընկերներս են օգնում: Այդ ալյուրը ընկերներս են ներկրել-տվել ինձ, որ մակարոն պատրաստենք, որ պարտքս փակեմ: Հիմա էլ մակարոն ենք տալիս, անո՞ւն են դնում: Ես էդ մակարոնի նմուշներն էլ եմ տարել ցույց տվել, գներն էլ, բավականին թանկ ապրանք է: Հիմա ընկերս դա՛ է ճարել, դրանո՛վ եմ փակվում»:

Վահան Կարգինյանն ասաց, որ մի շարք թղթեր ունի, որոնք հավաստում են իր եւ Նաիրա Աղաբեկյանի միջեւ եղած փոխհամաձայնության մասին: «Անգամ JVC հեռուստացույց եմ տվել իրեն: Հիմա որ պարտքեր ունեմ, դարձա վատ մա՞րդ: Ինչքան կարող եմ, կօգնեմ, իմիջիայլոց, մայրս էլ հաշմանդամ է դարձել, իսկ մենք երկու տարի է՝ ընկել ենք դատարանի դռները; Էլ չեմ խոսում էն մասին, որ մեքենայիս վրա էլ կալանք է դրված, եւ չեմ կարողանում վաճառել, որ գումարն օգտագործեմ»,-իր հերթին խնդիրը ներկայացրեց Վահան Կարգինյանը:

Երկու կողմն էլ արդարություն է ակնկալում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31