Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը Հրազդան քաղաքում իրականացվող հանքահարստացման գործունեության օրինականությունը, և բնապահպանության նախարարության բանավոր հավաստիացումների իսկությունը պարզելու նպատակով, այսօր հարցում է ուղղել ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանին, որում ասված է.
«Պարոն նախարար.
ս.թ. հունիսի 26-ին ահազանգել էինք բնապահպանության նախարարության թեժ գիծ Հրազդան քաղաքում գործող ոսկու հանքաքարի վերամշակման ինչ որ ֆաբրիկայի և իր պոչամբարի գործունեության օրինականությունը պարզելու նպատակով, քանի որ այդ տարածքում չկար որևէ ցուցանակ այն մասին, թե դա ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում: Հետագայում նախարարության հանրության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ բնապահպանական պետական տեսչությունը պարզել է, որ ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում:
Խնդրում ենք տրամադրել մեզ կամ տեղադրել նախարարության պաշտոնական կայքում այս գործունեության հետ առնչվող հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները.
Կարդացեք նաև
Վերոնշյալ ընկերության լրիվ անվանումը, որ թվականից է գործում, որքան և ինչ հանքավայրերի հանքաքար է վերամշակել իր ողջ գործունեության ընթացքում:
Այդ գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության եզրակացությունները:
Ջրօգտագործման թույլտվությունները կամ պայմանները:
Գործունեության լիցենզիաները՝ դրանց օրենքով պարտադիր լինելու դեպքում:
Այն փաստաթղթերը, որոնց հիման վրա Մեղրաձորի ոսկու հանքավայրից ներկայումս հանքաքարը բերվում և վերամշակվում է այդ տարածքում:
Կցում ենք նաև լուսանկարները: Հարկ եղած դեպքում կարող ենք տրամադրել նաև տեսանյութեր»:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն