Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պաշտոնյաները կրկին ոտնահարեցին «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Օգոստոս 20,2015 15:56

Մայիս ամսից Հայաստանը միացել է ծառայությունների ազատականացման ԵՏՄ-ի համաձայնագրին: Այն ներառում է 43 ուղղություններ: ԵՏՄ անդամ երկրները համաձայնագիրը ստորագրել ու վավերացրել են 2015-ի հունվարի 2-ին: Հասկանալու համար, թե ի՞նչ հնարավորություններ է ստեղծում կամ ի՞նչ նոր խնդիրներ է առաջացնում ծառայությունների ոլորտում ԵԱՏՄ-ի միասնական շուկան, այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը քննարկում էին կազմակերպել: Քննարկման աշխատանքային լեզուն, դարձյալ ռուսերենն էր`առանց թարգմանության ապահովման:

Հայերենով հնչեց միայն ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի բացման խոսքը: Ապա, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան, ի հեճուկս «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջի, որ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները», հորդորեց քննարկումը շարունակել ռուսերեն լեզվով, որպեսզի այն հյուրերին մատչելի լինի:

Karine_Minasyan

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանն իր խոսքում նկատեց, որ ծառայությունների ոլորտում Հայաստանի հետաքրքրությունները շատ բարձր են ու այդ պատճառով փորձում ենք հստակեցնել հնարավորությունները: Այս երեք ամիսների ընթացքում, երբ Հայաստանը միացել է համաձայնագրին, պարզ է դարձել, որ հիմնական խոչընդոտը տեղեկատվության պակասն է:

Քննարկմանը ներկա ոլորտի հայաստանցի ներկայացուցիչների հարցադրումներից ու մտահոգություններից եւս ակնհայտ դարձավ, որ առաջին խոչընդոտը տեղեկատվության պակասն է, մտահոգություններ հնչեցին նաեւ ազգային արժույթների արժեզրկման հետ կապված:

Կարինե Մինասյանն ասաց, որ վերջինս արդեն գործարարների միջեւ պայմանավորվածությունների խնդիր է, միջպետական մակարդակներում նման քննարկումներ կսկսվեն նաեւ ազգային բանկերի եւ այլ պատկան կառույցների միջեւ`նկատելով, որ նավթի միջազգային գներից շատ բան է կախված լինելու առաջիկայում:

Կարինե Մինասյանը հատուկ ուշադրություն հրավիրեց ծառայությունների միասնական շուկայի վրա, քանզի պետությունների ՀՆԱ-ում այս ոլորտը 50 տոկոսից ավելին է կազմում: Բնակչությունն էլ մեծամասամբ հենց այս ոլորտում է զբաղված: Հայաստանում շինարարական, ինֆորմացիոն, տուրիստական, տարբեր բիզնես ոլորտների ծառայությունների արտահանումը կազմում է կես միլիարդ դոլար:

ԵՏՄ-ում շինարարական ոլորտում ծառայությունների արտահանումը կազմում է 10 միլիարդ դոլար, 7 միլիարդ`ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, 30 միլիարդ դոլար` բիզնես-ծառայությունների ոլորտում: Զարգացումների հեռանկարները, ըստ Կարինե Մինասյանի, ցույց են տալիս, որ այս շուկան առաջիկայում ընդլայնվելու միտում ունի, ուստի արժանի է նաեւ ավելի լուրջ ուսումնասիրման եւ գնահատման: «Եթե, օրինակ, շինարարական կազմակերպության համար, որը ՌԴ-ում է գրանցված հավելյալ լիցենզիա չի պահանջվում, նաեւ ՀՀ-ում գրանցված, բայց ՌԴ տարածքում աշխատող ընկերության համար չպիտի պահանջվի եւ հակառակը»,- օրինակ բերեց Կարինե Մինասյանը`նկատելով, որ տվյալ ընկերությունները հարկային եւ կենսաթոշակային բոլոր վճարներն իրենց երկրներում պիտի կատարեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31