«Վերջին տարիներին տեսնում ենք, թե ինչպես է ռեժիմը պատասխանում այն քաղաքացիներին, ովքեր իրենց ծեծում են: Հիմա անցնում են խորամանկ ձեւերի, փորձում են լռեցնել մարդկանց՝ նրանց բարձրախոսները տանելով: Վերջին կաթիլն էր, երբ դարանակալեցին եւ հարձակվեցին Հիմնադիր խորհրդարանի աջակից Սյուզի Գեւորգյանի վրա: Ռեժիմն անգամ չխնայեց երիտասարդ աղջկա: Նրանց տան մոտ դարանակալել էին երկու հաստավիզ: Նման նենգ բռնությունը չպիտի ներվի»,- այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամները բարձրախոսով այսպիսի հայտարարություն անելով՝ Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի խոսքերով՝ «Հայաստանում իշխանական ռեժիմը իր ձայնը բարձրացնող քաղաքացիների նկատմամբ բռնություններ է կիրառում: Բռնություններն իրականացնում են ինչպես ոստիկանության հաստիքային, այնպես էլ արտահաստիքային աշխատակիցները: Դարանակալում են, ծեծի են ենթարկում, ոչնչացնում են քաղաքացիների գույքը: Մեր երկիրը կամաց-կամաց մոտենում է Հյուսիսային Կորեայի մակարդակին: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկրում որեւիցե անձի նկատմամբ՝ իր ձայնը բարձրացնող քաղաքացու նկատմամբ բռնություններ իրականացվեն: Մինչ օրս որեւիցե դեպքով բացահայտում տեղի չի ունեցել:
Կարդացեք նաև
Բանը հասավ նրան, որ Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ դեպք՝ հարձակվեցին երիտասարդ աղջկա վրա: Ռեժիմի շները՝ հաստավզերը գիշերը հարձակվել էին աղջկա վրա եւ պահանջել էին դադարեցնել իր քաղաքացիական եւ քաղաքական գործունեությունները: Կոչ ենք անում բոլորին այլեւս չլռել եւ չենթարկվել նման բռնատիրական ռեժիմին, այլեւս թույլ չտալ, որ ռեժիմը բռնություն կիրառի որեւիցե քաղաքացու նկատմամբ, մանավանդ՝ կանանց եւ աղջիկների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ