Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. Իմ դեմ հալածանքների շղթան շարունակվում է

Օգոստոս 20,2015 15:39

«Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատարանում արդարադատություն չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 20-ին բեկանել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ արդարացրել Արգիշտի Կիվիրյանին:

Ըստ նրա՝ եթե Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն լիներ, ապա ոչ թե երկու տարի շարունակ ինքը դատական բոլոր ատյաններում ստիպված կլիներ վատնել իր ժամանակը, այլ ինքը տուժող կլիներ եւ ամբաստանյալի աթոռին կլինեին ոստիկանության համապատասխան աշխատակիցները, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել. «Ես վստահ եմ, որ մինչեւ վերջ էլ ոստիկանության այդ աշխատակիցները չեն պատժվելու, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն չկա: Իմ պատկերացմամբ այս արդարացման որոշման վրա մեծ ազդեցություն է թողել այն փաստը, որ ամբողջ քրեական գործում չկար որեւէ մի ապացույց, որով իմ նկատմամբ կարող են կայացնել մեղադրական դատավճիռ: Իշխանությունները հստակ հասկանում էին, որ այս գործը, եթե այս տեսքով գնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա այս պարագայում իրենք կրելու են խայտառակ պարտություն, եւ ակնհայտ է դառնալու, որ տարիներ շարունակ իրենք՝ իշխանությունները, դատարանների, դատախազության, ոստիկանության միջոցով իրականացնում են քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար իմ նկատմամբ»:

Կիվիրյանի կարծիքով՝ ռեժիմը ոչինչ չի կորցնում. այս պահին նրա դեմ հարուցված 10 վարչական գործեր կան. «Ես չունեմ որեւէ երաշխիք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վաղը չեն որոշի հերթական քրեական գործը սարքել իմ դեմ: Այսինքն՝ այստեղ խնդիրն այն է, որ իմ դեմ իրականացվող այս հալածանքների շղթան այս գործով ընդամենը մեկով պակասեց, բայց ինքը չդադարեց, այսինքն՝ այդ շղթան շարունակվում է»:

Lusine-Sahakyan

Իսկ նրա պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ այս գործն այն գործերից մեկն է, որտեղ այնքան ակնհայտ է, որ ոստիկանության աշխատակիցները հանցագործություն են կատարել եւ պետք է ենթարկվեն պատասխանատվության, որ երկու տարի պետք չէ պահանջվեր, որպեսզի Արգիշտի Կիվիրյանը արդարացվեր. «Կայացվել է դատական ակտ, որն այս պահի դրությամբ, իհարկե՛, ողջունելի է, սակայն դա դեռեւս չի նշանակում, որ իրականում այս գործով արդարադատություն իրականացվեց: Որովհետեւ այս գործի իրական արդյունքը պետք է ճիշտ հակառակը լիներ, եւ շատ վաղուց, որովհետեւ երկու տարի է անցել, ոստիկանները պետք է կրեին համապատասխան իրենց պատիժը համապատասխան քրեական հիմնարկներում: Բայց մենք ունենք արդեն իսկ կայացված դատական ակտեր, որոնց պարագայում ոստիկանները այլեւս քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետեւ մենք դրանք բողոքարկել ենք տարբեր ատյաններում եւ նույն վերաքննիչ դատարանը այդ գործով, չնայած պետք է կայացներ համապատասխան որոշում, որը պետք է հանգեցներ քրեական պատասխանատվության այդ ոստիկաններին, եւ չի հանգեցնել, որի պարագայում մենք ստիպված ենք եղել դիմել Եվրոպական դատարան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31