Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին Բաղրամյան 26-ի առջեւից բերման ենթարկեցին Արաբկիրի ոստիկանություն՝ նախագահականի վրա ձու շպրտելու համար:
Իսկ մինչ ձու նետելը Գեւորգ Սաֆարյանը կանգնեց նախագահականի առջեւ եւ կոչով դիմեց արձակուրդում գտնվող նախագահին. «Իրեն կհասցնեն այս կոչը: Դիմում եմ ՀՀ-ում բռնատիրության ղեկավարին, որը ցավոք սրտի, աշխատում է Հայաստանի նախագահի նստավայրում: Նախ առաջին հերթին դու այդ նստավայրում տեղ չունես, դու ընդհանրապես Հայաստանում տեղ չունես եւ քո շներին հեռու պահի ՀՀ քաղաքացիներից, մասնավորապես՝ կանանցից: Դու բոլոր չափերն արդեն անցնում ես: Սա մեր երկիրն է, եւ մենք մեր երկրում ապրելու ենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, այլ ոչ թե դու ու քո շայկեն՝ քո նեմեցներով ու լիսկաներով հանդերձ: Կամ սթափվիր, ինչպես ոստիկանապետդ ա ասում, կամ կսթափեցնենք: Շներիդ ձեռներն էլ մեր աղջիկներից հեռու պահիր: Դու ըտեղ ընդհանրապես տեղ չունես, մեր երկրում տեղ չունես: Ու վաղ թե ուշ լարելու ենք էս երկրից, սա մեր երկիրն է, քոնը չի: Մենք հասկանում ենք, որ դու թուրքական բարոյականության կրողն ես, բայց եթե այդպես է, գնա Բաքվում ապրի: Արցախում քանդեցիր, հիմա էլ ստե՞ղ ես ուզում քանդես: Թույլ չենք տա նման վերաբերմունքը մեր աղջիկների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան Հիմնադիր խորհրդարանի համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծելու միջադեպը դատապարտելու համար էր: Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից թռուցիկներ բաժանելով՝ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ