Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են տալիս բռնությունների մասին լուրերն ընթերցողին. հոգեբույժներն ահազանգում են

Օգոստոս 20,2015 15:43

«Լրատվական կայքերի ամենաընթերցված լուրերը բացառապես վերաբերում են սպանություններին, ինքնասպանություններին, վթարներին, ծեծերին և այլ բռնություններին»,- նկատել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց, որ ԶԼՄ-ներով բռնության «քարոզչությունը» և հասարակության շրջանում այդպիսի լուրերի հանդեպ հետաքրքրությունն արդեն հասնում են վտանգավոր շեմի: Նրա պնդմամբ՝ վերջին շրջանում հոգեբույժների օգնությանը դիմող քաղաքացիների թիվն աճել է, և հոգեբույժները որոշել են կոչով հանդես գալ:

Հիշեցնենք, որ օրերս Հայկական հոգեբուժական ասոցիացիան հայտարարություն էր տարածել, որով կոչ էր արվում ԶԼՄ-ներին խնայել սպառողների հոգեկան առողջությունը և չհրապարակել նման նյութեր:

«Ամենօրյա աշխատանքներում դժբախտ պատահարների, բռնությունների, սպանությունների, ինքնասպանությունների, չապացուցված հանցագործությունների, ինչպես նաև մասնագիտական գործունեության ընթացքում ենթադրվող սխալների վերաբերյալ լուսաբանումներում առաջնորդվել սպառողների շահերով՝ խնայելով նրանց ընդհանուր առողջության ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հոգեկան առողջությունը»,- նշված է հայտարարության մեջ:

«Մեկը մյուսին կացնահարել կամ թունավորել է, եղբայրն է եղբորը սպանել, երրորդն ինքնասպան է եղել… ի՞նչ են տալիս այսպիսի լուրերն ընթերցողին. միայն վնասում են»,- համոզված է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահը:

Քանի որ հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության միջազգային օրն է, Հայկական հոգեբուժական ասոցիացիան ողջ ամսվա ընթացքում տարբեր միջոցառումներ է նախաձեռնելու, այդ թվում նաև ուսումնասիրելու է ԶԼՄ-ների աշխատանքը, որպեսզի պարզի, թե որ լրատվամիջոցներն են ամենաշատը և ամենաքիչը լուսաբանում բռնությունները:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31