Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «East Prospect Fund»-ը Ավետիսյանի ծեծից 3 օր առաջ արեց 68.6 միլիոն դոլարի ներդրումը

Օգոստոս 20,2015 16:45

«Էյր Արմենիա» ավիաընկերության 51% բաժնեմասի սեփականատեր Արսեն Ավետիսյանին, ինչպես վերջինիս կինն է հայտարարել, Ռուբեն Հայրապետյանի հրահանգով պարտք-պահանջի պատճառով ծեծի ենթարկելու պատմությունը գնալով ավելի մութ է դառնում եւ մի շարք հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները, հնարավոր է իրավապահ մարմինները բացահայտեն, հնարավոր է՝ ոչ:

Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելա Մելքումյանը հայտարարել է, որ ծեծը սկսվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից պարտք պահանջելու զրույցից: «Էյր Արմենիան» «Տարոն-Ավիային» պարտք էր 2.5 միլիոն դոլար, եւ «Տարոն-Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանն այդ գումարը ստանալու համար որպես միջնորդ էր ընտրել Հայրապետյանին:
Արսեն Ավետիսյանի կինն «Առավոտին» ասել էր, որ միջադեպից մի քանի օր առաջ էլ Հայրապետյան-Պապիկյան-Ավետիսյան հանդիպում է եղել՝ նույն թեմայի շուրջ, եւ 2-րդ հանդիպման օր էին նշանակել օգոստոսի 15-ը՝ միջադեպի օրը: Ուշագրավ է, որ օգոստոսի 15-ից 3 օր առաջ «Էյր Արմենիայի» 49 % բաժնետեր հանդիսացող «East Prospect Fund»-ը 68.6 միլիոն դոլարի արժեթղթերի մուտք է կատարել «Էյր Արմենիայի» բալանսին: Ծեծից 1 օր առաջ «Էյր Արմենիան» հայտարարություն է տարածել այդ ներդրման մասին, որտեղ նշել է՝ «Կատարված ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը եւ կարող է տնօրինվել ընկերության կողմից՝ ըստ անհրաժեշտության եւ նպատակի: Իրականացված գործարքի արդյունքում «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ձեռք է բերել երաշխիքային միջոց՝ միաժամանակ համալրելով կազմակերպության բալանսը եւ մեծացնելով նրա կապիտալային արժեքը: Գործարքի գլխավոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ այսուհետ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը ապահովագրված է համարվում սնանկացման վտանգից եւ ֆինանսական այլ եւ այլ ռիսկային իրավիճակներից»:

Սա նշանակում է, որ օգոստոսի 15-ին Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպման ժամանակ Արսեն Ավետիսյանը վստահաբար կարող էր ասել՝ որ իր ընկերությանը 68.6 միլիոն դոլար կա, իհարկե, արժեթղթերի տեսքով, բայց անհրաժեշտության դեպքում, դրանք հնարավոր է բորսայում վաճառել, գումար ստանալ ու դրանք ուղղել պարտքերի մարմանը: Այսինքն՝ Արսեն Ավետիսյանը 2.5 միլիոն դոլար պարտքը «Տարոն-Ավիայի» սեփականատեր Պապիկյանին, իսկ ավելի ճիշտ՝ նույն անձին պատկանող «Ալա Ինթերնեյշնլ» ընկերությանը վճարող էր, միայն թե նրան ժամանակ էր պետք տալ: Իսկ եթե Ավետիսյանը վճարունակ է, ապա տարօրինակ է նրան, ինչպես կինն է ասել՝ 8 հոգով «տշելը», ծեծելը: Կամ Ռուբեն Հայրապետյանն այն աստիճան իրեն անպատժելի է համարում, որ համարյա 2-րդ Վահե Ավետյան միջադեպ է սարքում, ու կարող է իրեն թույլ տալ մարդ ծեծել, ինչ է թե Ավետիսիյանն ընդդիմացել է, որ ինքը պարտք է ոչ թե Հայրապետյանին, այլ՝ «Ալա Ինթերնեյշնլին» ու պատրաստ է այդ գումարը վճարել (այս մասին Ավետիսյանի կինն է պատել Առավոտին՝ մեր նախորդ հրապարակման մեջ Ն.Բ.), կամ էլ՝ այլ պարտքուպահանջ է ունեցել Հայրապետյանը:

«Էյր Արմենիայի» 49% բաժնեմասի սեփականատեր «East Prospect Fund»-ը երեկ հայտարարություն է տարածել, ասելով, որ մտահոգված է Արսեն Ավետիսյանի միջադեպով, ինչպես նաեւ նշել է. «Մենք պատասխանատվություն ենք ստանձնել ընկերության ներդրումային քաղաքականության իրականացման, ընկերության պարտքերի եւ պարտավորությունների՝ այդ թվում 250 աշխատակիցների եւ գործընկեր կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ է հանդիսանում են «Էյր Արմենիա» ավիաընկերության լավագույն գործընկերները:

Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը եւ իրականացվող բարեփոխումները:

Այդ իսկ պատճառով, խնդրում ենք կողմերին եւ իշխանությունների ներկայացուցիչներին տվյալ իրավիճակում գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը»:
Այսինքն՝ «East Prospect Fund»-ը եւս հայտարարում է պատասխանատու է ընկերության պարտքերի համար, բայց միեւնույն ժամանակ նաեւ ակնարկում, որ այն 68.6 միլիոն դոլարի արժեթղթերի ներդրումը վտանգված է:

«Էյր Արմենիան» բացի «Ալա Ինթերնեյշնլի» 2.5 միլիոն դոլարի պարտքից, էլի շատ ընկերությունների է պարտք, որի մասին մենք գրել ենք «Առավոտի»՝ օգոստոսի 18-ի «Ավետիսյանին ձեռնտո՞ւ էր ծեծը» հրապարակման մեջ: Եթե հաշվի առնենք շրջանառվող այն լուրերը, որ հայկական միակ ուղեւորափոխադրող ընկերության նկատմամբ դիտավորյալ գործողություններ են անում, որպեսզի Ավետիսյանի «ձեռքից խլեն» «Էյր Արմենիան», ապա խոշոր պարտքեր ունեցող ընկերությունն ո՞ւմ է պետք, եթե իհարկե սնանկացման չտանեն այս ընկերությանը, բայց այս դեպքում էլ սնանկացումը պիտի որ Ավետիսյանին ձեռնտու լինի: Որովհետեւ, եթե որեւէ մեկը դիմի դատարան՝ անվճարունակ ճանաչելու հայցով, ու դատարանը բոլոր ընթացակարգերը կիրառելով՝ սնանկության կառավարիչ ընտրի եւ այլն, վճիռ կայացնի՝ սնանկ ճանաչել, ապա «Էյր Արմենիան» գրեթե ոչինչ չունի վաճառելու, բացառությամբ 68.6 միլիոն դոլարի արժեթղթերը: Իսկ յուրաքանչյուր արժեթղթի անվանական արժեքը 100 դրամ է, իսկ շուկայական արժեքը հաստատ 50%-ով պակաս կլինի՝ կապված վերջին միջադեպերի հետ, որն ըստ էության, ընկերության վարկանիշի վրա ազդեց:

Գուցե սնանկ ճանաչելով ընկերության ոչ բոլոր պարտքերը հնարավոր լինի փակել: Ընդ որում, չի էլ բացառվում, որ ուսումնասիրությունները պարզեն, որ այդ 68.6 միլիոն դոլարն ընդամենը հայտարարություն էր, իրականում ընկերության հաշվեհամարին որեւէ փոխանցում էլ չկա: Հիշեցնենք, որ «East Prospect Fund»-ը օֆշորային ընկերություն է:
Ուշագրավ է նաեւ, որ «East Prospect Fund»-ը Արսեն Ավետիսյան-Ռուբեն Հայրապետյան հանդիպումից 3 օր առաջ ներդրումն արեց, երբ ավիաընկերությունն արդեն տեւական ժամանակ է պարտքեր է կուտակում, ու չի կարողանում նույնիսկ օդաչուների աշխատավարձերը վճարել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ «East Prospect Fund»-ը ավելի շուտ, ասենք՝ անցյալ տարի չարեց ներդրումը, որով ինչպես այդ մի քիչ «մութ» թվացող հիմնադրամն է վստահեցրել՝ «Էյր Արմենիայի» պարտքերի համար պատասխանատվություն է կրում: Ի վերջո, տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող պարտքը մեկ ամսում չէ, որ գոյացել է, եւ եթե ավելի շուտ արվեր ներդրումը, պարտքերն էլ շուտ կփակվեին, եւ գուցե կանխվեր Ավետիսյանի հետ տեղի ունեցած միջադեպը, եթե իհարկե, իրականում պատճառն այդ 2.5 միլիոն դոլարն է եղել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31