Լրահոս
Օրվա լրահոսը

Ցասման մեխանիզմը

Օգոստոս 20,2015 10:08

Ցասումը, բարկությունը բնորոշ է մեր կյանքին եւ «առատորեն ներկայացված» է բոլոր ոլորտներում, հատկապես՝ քաղաքական: Մարդիկ իրար դատում են, մեղադրում, խարազանում, «դիմակ պատռում», «պորտը տեղը դնում» եւ այլն: Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գալիս, որովհետեւ, միեւնույն է, չեն կարող իրար համոզել կամ, ինչպես բոլշեւիկներն էին ասում, «բարոյապես զինաթափել» եւ միայն իզուր տեղն իրար հետ թշնամանում են: Ինչպես նվազեցնել ագրեսիայի աստիճանը մեր հասարակության մեջ: Այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ ցասման մեխանիզմը:

Ձեզ հետ պատահե՞լ է, որ համակարգիչն աշխատանքի թեժ պահին սկսում է րոպեն մեկ «կախվել» կամ կապն է «գնում-գալիս»: Ի՞նչ եք դուք այդ պահին անում: Հնարավոր է, որ սկսում եք վագրի, առյուծի կամ այլ գազանի ձայն հանել: Կամ ավելի վատ՝ սկսում եք անկապ տեղերում կատաղի կտկտացնել «մկնիկով»: Կամ շատ ավելի վատ՝ կոպտում եք մոտակայքում հայտնված մարդկանց: Դուք համակարգչի՞ վրա եք բարկանում, մկնիկի՞, ձեզ շրջապատող մարդկա՞նց: Ոչ, ձեր ցասման թե առարկան, թե աղբյուրը մեկն է՝ դուք ինքներդ:

Դա չի նշանակում, որ սեփական ցասման, խանդի, նախանձի եւ այլ նմանատիպ էմոցիաների դեմ պետք է «պայքարել»: Դրանք թաքցնելը, ճնշելը բերում է ճիշտ հակառակ հետեւանքների՝ դուք րոպեն մեկ սկսում եք ձեզ մեղադրել, քննադատել, թե ինչու ես այդ էմոցիան ապրեցի եւ ինչու չկարողացա այն թաքցնել, ինձ զսպել եւ այլն: Արդյունքում դուք սկսում եք ավելի շատ բարկանալ: Բնականաբար, ինքներդ ձեր վրա:
Իրականում էմոցիաները դառնում են «բացասական» եւ նույնիսկ վտանգավոր, երբ դուք սկսում եք դրանք ճնշել ու զբաղվել ինքնախարազանմամբ: Այդ տիպի էմոցիաները դառնում են առնվազն անվնաս, եթե դուք հասկանում եք, որ դուք եք դրանց միակ աղբյուրը եւ, հետեւաբար՝ տերը: Ավելին՝ դուք եք դրանց «հերոսը»: Երբ դուք որեւէ մեկի վրա բարկանում եք, դրա միակ պատճառն այն է, որ դիմացինի մեջ տեսնում եք ձեր, խնամքով թաքցրած, գուցե չգիտակցված, չխոստովանված գծերը եւ արտապատկերում եք դրանք ձեր «ցասման առարկայի» վրա: Հակառակ դեպքում դուք այդքան չէիք ազդվի ուրիշների թերություններից: Օրինակ, ընտրությունները կեղծելու մասին ամենաշատը խոսում են նրանք, ովքեր ժամանակին նույնն են արել եւ շատ են «տառապել» ոչ լեգիտիմության մեղադրանքից:

Եթե դուք տիրապետում եք ձեր ցասմանը, ապա ոչ թե ճնշում եք, այլ «բաց եք թողնում», «ջրում եք» այն՝ հասկանալով, որ համակարգչի մկնիկին, թե որեւէ մարդուն «քո ճիշտն» ապացուցելը անիմաստ զբաղմունք է: Ի՞նչն է ավելի գերադասելի՝ լինել «ճի՞շտ», թե՞ լինել երջանիկ: Ամեն մեկը կարող է կատարել իր ընտրությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. էլի լոլո says:

    Լավ էլի Արամ, հերիք է լոլո կարդաս: Միթե դժվար է հասկանալ որ “կախված” կոմպը ու ուստա գալուստի “միկրոֆոն անջատելը” տարբեր բաներ են: Կամ ասենք, բոլորովին ուրիշ բան են ցույց տալիս ու ասում “խիար ա, պտի ուտեք”, ասողը մունք անք …..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31