Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Ղալումյանը ՀՔԾ-ում խնդիրները հարթե՞լ է

Օգոստոս 20,2015 17:00

Իջեւանի քաղաքապետը հերթական անգամ անտեսում է դատարանի վճիռը

Իջեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղալումյանի կողմից բնակելի տարածքների ապօրինի հատկացումների մասին փաստերով հետաքրքրվել է Հատուկ քննչական ծառայությունը` քրեական գործեր են հարուցվել: Այս ամենի կամ իրողությունների մի մասի վերաբերյալ մամուլում` այդ թվում «Առավոտում» անդրադարձեր են եղել («Ղալումյան-Մանթաշյան «կոալիցիան» անսասա՞ն է» «Առավոտ» 11 օգոստոս, 2015թ): Սակայն, այս ամենը Վարդան Ղալումյանի համար հետեւություններ անելու հիմք չեն: Ավելին, Իջեւանում շրջանառվող լուրերի համաձայն, Վարդան Ղալումյանն իր մտերիմների շրջապատում հայտարարել է, թե «ՀՔԾ-ում խնդիրները հարթված են»: Ու հենց այս վստահությունն էլ դարձել է բնակելի տարածքների նոր ու էլի ապօրինի հատկացումների հիմք: «Առավոտի» տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնք հաստատում են Վարդան Ղալումյանի գործունեության կամ դրա որոշ դրվագների անօրինականությունը: Դրանցից որոշներն արդեն ներկայացրել ենք «Ղալումյան-Մանթաշյան «կոալիցիան» անսասա՞ ն է» հոդվածում:

1994 թվականի դեկտեմբերի 30-ին Իջեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեն որոշել է Մետաղագործների փողոցի 11շենքի նկուղային հարկի 72 քառակուսի մետր ոչ բնակելի տարածքը հատկացնել Հովհաննես Հովհաննիսյանին` որպես բնակելի տարածք վերափոխելու համար: 2007 թվականի մարտի 22-ին, Հովհաննես Հովհաննիսյանը դիմել է կադաստրի տարածքային ստորաբաժանում`հատկացված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք գրանցելու համար, սակայն մերժում է ստացել: Քաղաքացին դիմել է դատարան: Հունիսի 26-ի որոշմամբ, դատարանը վճռել է` գրանցել Հովհաննես Հովհաննիսյանի սեփականության իրավունքը նշյալ տարածքի նկատմամբ: Հովհաննիսյանը կրկին դիմել է կադաստր ու նրան կրկին մերժել են սեփականության իրավունքի գրանցման հարցում, պատճառաբանելով, որ փաստաթղթերում բացակայում է հատակագիծը: Նաեւ` պարզ չէ տարածքի գործառնական նշանակությունը:

Այս գործընթացը եւ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, սակայն, չեն խանգարել Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին, որպեսզի 2015 թվականի հուլիսի 8-ին դիմի կադաստրի տարածքային ստորաբաժանում, Մետաղագործների փողոցի 11 շենքի, 40 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հարցով: Որպես հիմնավորում, կադաստր է ներկայացվել ավագանու թիվ 317 որոշումը, որում նշված է, թե տվյալ բնակարանում բնակվում է Սարգիս Սամվելի Զարգարյանը եւ նրա ընտանիքի անդամները եւ իբր վերջիններս ժամանակին չեն կարողացել սեփականաշնորհել բնակարանը, համայնքապետին խնդրել են բնակարանն անհատույց օտարել իրենց: Անտեսելով 72 քառակուսի մետր տարածքի նկատմամբ Հովհաննիսյանի օգտին օրինական ուժի մեջ մտած վճիռը, Վարդան Ղալումյանը անհատույց օտարման գործընթաց է սկսել` 72 մետր քառակուսուն հավելելով եւս 40 մետր քառակուսի: Թե ինչն է Վարդան Ղալումյանին նման «սրտացավ» արարքի մղել, միայն ենթադրել կարելի է` օրինակ, որ սեպտեմբերի 13-ին Իջեւանում քաղաքապետ են ընտրելու եւ Վարդան Ղալումյանին «օդ ու ջրի պես» ձայներ են պետք:

Ստացվում է, որ Հովհաննես Հովհաննիսյանին պատկանող փաստացի տարածքն ապօրինի զբաղեցնող Սարգիս Զարգարյանն ապօրինի` առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շինարարություն է իրականացրել ու դիմել քաղաքապետին` տարածքը անհատույց սեփականացնելու խնդրանքով: Նման իրավիճակում, եթե տարածքը չի գրանցվում Հովհաննիսյանի անունով` վերջինիս հրաժարվելու կամ այլ օրինական պատճառաբանություններով, համայնքի ղեկավարը պարտավոր է վիճելի տարածքի, ինքնակամ շինության նկատմամբ քաղաքապետարանի սեփականության իրավունքը ճանաչել, որից հետո միայն կառավարության սահմանած գներով բնակարանն օտարել Զարգարյաններին: Մինչդեռ Վարդան Ղալումյանը հարցերը լուծել է օրենքը շրջանցելու ճանապարհով:

Հիշեցնենք, որ նմանատիպ մեկ այլ դեպքի առիթով` Տավուշի մարզի նախկին դատախազ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության պետ Աննա Մանթաշյանին երեք սենյականոց բնակարանն անօրինական կերպով տրամադրելու առիթով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել: Այդ գործի շրջանակներում, որքան էլ տարօրինակ է, Վարդան Ղալումյանը հարցաքննվել է, որպես վկա: Նշյալ հարցաքննությունից հետո է, որ Վարդան Ղալումյանն իր մտերիմների շրջանում հայտարարել է, թե ՀՔԾ-ի հետ ինքն այլեւս խնդիրներ չունի: Հայտարարությունը` հայտարարություն, ժամանակը ցույց կտա թե ո՞ւմ հետ, ե՞րբ եւ ի՞նչ խնդիրներ կունենա Վարդան Ղալումյանը, եթե Իջեւանի քաղաքապետի պաշտոնում նրա գործունեությունը օբյեկտիվ քննության առարկա դառնա: Առայժմ, ցավոք, տեսանելի չեն նախադրյալներ, որ օրինախախտներին պատասխանատվության կկանչեն:

Նախկինում «Առավոտը» փորձել էր այս հարցերի շուրջ խոսել Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ: Վերջինս հրաժարվել է պատասխանել մեր թե բանավոր, թե գրավոր հարցերին` դեռ հարցումը չլսած-չստացած: Երեկ կրկին փորձեցինք զրուցել Վարդան Ղալումյանի հետ: Նրա հեռախոսն ամբողջ օրն անհասանելի էր:
2011-ին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանն, ի դեպ, վերջերս ՀՀԿ-ական է դարձել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարա says:

    Այո քաղաքապետ Վարդան Ղալումյանը էնքան հզոր ա որ գործը Աննա Մանթաշյանին է հառուցված , այո ինքը կմնա վկա, կապ չունի որ տուն ա նվիրել; Այսօր քաղաքապետը նա ում կուզի կտա

  2. Արփինդ says:

    Նելլի Գրիգորյան գոնե ձեզ հետաքրքիր չէ մի անգամ լինել Իջևանում և լսել Իջևանցու կարծիքը Ձեր և Ձեր կողմից սատարվող թեկնածուի մասին: Ես խնդրում եմ Ձեզ եկեք մի օր Իջևան և պատկերացնում եմ այդ այցից հետո, ինչպիսի հիասթափություն կունենաք, Ձեր կողմից շատ սիրված Վարուժան Ներսիսյանից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31