Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկ Սամսոնյանը պրոֆեսիոնալ սադրիչ է, լավ գիտենք, թե ովքեր են իր հովանավորները»

Օգոստոս 20,2015 16:30

Անահիտ Բախշյանը կոչ է անում Սամսոնյանին, որ «խելքի գա»,
որտեղ հայտնվում է՝ քանդում է

Օրերս Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ահազանգել էր, թե «Ժառանգության» 7 անդամներ, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը, հարձակում են գործել իրենց գրասենյակի վրա եւ փորձել քրեական մեթոդներով հարցեր լուծել: Դեպքից ժամեր անց «Ժառանգությունը» պարզաբանեց, որ Նարեկ Սամսոնյանն ինքն է մի քանի անգամ զանգել «Ժառանգության» անդամներին եւ հրավիրել զրուցելու, սուրճ խմելու: Ծեծկռտուքի միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Վերջին շրջանում սա արդեն որերորդ դեպքն է, երբ Նարեկ Սամսոնյանը հայտնվում է նման «խառը պատմությունների» մեջ: «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանը վստահ է՝ Նարեկ Սամսոնյանը սադրիչ է. «Մենք լավ գիտենք, թե Նարեկ Սամսոնյանը որ թիմից է, ովքեր են իր հովանավորները: Բոլոր այն պատմությունները, որոնց մեջ ինքը հայտնվել է նման վարքագծի պատճառով, խոսում է այն մասին, որ ինքը պրոֆեսիոնալ սադրիչ է: Երբ տարբեր ուժեր որտեղ ուզում են սադրանք սարքել, Նարեկ Սամսոնյանը թիվ մեկն է: Իր այդ հմտությունները բոլորը շատ լավ օգտագործում են: Իր անունը տարածվում է, ինքը դրանից ոգեւորվում է: Էլ չի ասում, որ ամենատգեղ, ամենավատ էպիտետը, որ իր անվան կողքին դրվում է, դա սադրիչն է: Թող խելքի գա այդ տղան: Մեր տղաները՝ «Ժառանգության» երիտասարդները նորմալ քաղաքացիներ են, եւ նրանք այդ քայլին երբեք չէին գնա, եթե չներքաշվեին, չհրահրեին: Իրենք էլ են տղա, տաքարյուն են»:

Ըստ տիկին Բախշյանի, որտեղ հայտնվում է Նարեկ Սամսոնյանը, քանդում է. «Ինչ անում է այդ տղան, ես, որպես երիտասարդ, ափսոսում եմ: Մի երիտասարդ, որ կարող էր օգուտ տալ մեր քաղաքացիական հասարակությանը, նպաստեր դրա կայացմանը, ուղղվեր դեպի պետականություն, ինքը որտեղ հայտնվում է, այնտեղ փլուզում է քաղաքացիական հասարակության հիմքերը»:

Մեր հարցին՝ հիմա քաղաքական թեժ գործընթացներ չկան, պասիվ վիճակ է, ինչո՞ւ են «Ժառանգության» դեմ աշխատում, ի՞նչն են ուզում կանխել այդ քայլով, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Պատվեր են կատարում: Հիմա մեր պետության մեջ քաղաքական բոլոր ուժերին ուզում են հեղինակազրկել: Ինքն էլ դրա խոսնակն է դարձել: Ասել են ինչ-որ բան, որին ի պատասխան մեր Ղազարյան Հովսեփը ֆեյսբուքում գրել էր՝ դու ինչ ես անում: Ես եթե առաջինը կարդայի, կարող էի ավելի վատ բան գրել իրեն, թե ինքը ինչ է անում: Այնպես որ, ինքը ընդամենը գործիք է՝ շատ տգեղ, շատ կեղտոտ գործիք: Ինքը դրա մասին չգիտեմ հասկանում է, թե չի հասկանում, համենայնդեպս, ինքը ոգեւորվում է դրանից: Դա շատ վատ նշան է: Այդ երիտասարդին բնորոշելու համար շատ վատ բան է»:

Տիկին Բախշյանն ասաց, որ հարուցված քրգործով զբաղվում է «Ժառանգության» փաստաբանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31