Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գորբաչովի՝ «բոլոր շինարարներին պետք է դատել» խոսքերից հետո Ռոբերտ Նազարյանին պարգեւատրել են

Օգոստոս 20,2015 15:30

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով «Ոտքի՛, Հայաստան» եւ «Ո՛չ թալանին» խմբերի պայքարին եւ քայլերին, ասել է. «Եկեք մեզ հետ աշխատեք, մենք այս երկրի թշնամին չենք: Ես իմ ամբողջ գիտակցական կյանքում այնքան բան եմ արել, որ եթե բոլորը հավաքվեն ու սրանից մի 30 տարի էլ անեն, իմ արածի 10 տոկոսը չեն կարող անել: Իսկ այսօր ինձ պիտակավորում, ճիճու են անվանում: Դաստիարակություն էլ չունեն»:

«Առավոտը» պարոն Նազարյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է ասել՝ այդ ի՞նչ է արել, որ բոլորով 30 տարում նրա արածի 10 տոկոսը չեն կարող անել:
«Չե՞ք կարծում, որ թվարկեմ, նորից շահարկումների առիթ կդառնա»,- ասաց պարոն Նազարյանը:

Մեր այն պնդմանը՝ այնուամենայնիվ, հետաքրքիր է, 1-2 օրինակ բերեք, Նազարյանը պատմեց իր կյանքից դրվագներ, որոնք ներկայացնում ենք ամբողջությամբ:
Նազարյանի պատմելով՝ «Ես 59 տարեկան եմ, աշխատել եմ ե՛ւ մինչեւ Հայաստանի Հանրապետության անկախացումը, եւ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել իմ գիտակցական կյանքում: Ես, մինչեւ ՀՀ անկախացումը, եղել եմ Խորհրդային միության ամենաերիտասարդ պետական մրցանակի դափնեկիր՝ շինարարության բնագավառում: Մասնագիտությամբ շինարար եմ: Իմ մասնագիտական աշխատանքում, երբ ավարտել եմ ինստիտուտը, կոնստրուկտորից, վարպետից հասել եմ տնաշինական կոմբինատի գլխավոր տնօրենի պաշտոնին: Մի կոմբինատ, որը ե՛ւ նախագծային աշխատանքներ էր կատարում, ե՛ւ ուներ երկաթբետոնյա կոնստրուկցիաների արտադրության 2 գործարան, ե՛ւ շենքերը կառուցում էր ու այսպես ասած՝ «պոդկլյուչ» հանձնում էր բնակչին:

Դրանք սեյսմակայուն երկաթբետոնյա հավաքովի շենքեր էին: Դրանք 451Խկ-1 սերիայի շենքերն էին: Երեւան քաղաքի բնակելի ֆոնդի 18%-ը կառուցվել է իմ անմիջական մասնակցությամբ: Ժողովրդի մեջ դա կոչվում է «մասկովսկիյ դէէսկաներ», դրանք 7-րդ 8-րդ 9-րդ մասիվների շենքերն են, Դավիթաշենում կան, Քանաքեռ-Զեյթունի մեծ մասը, 1-ին, 2-րդ, 4-րդ մասիվները՝ մասամբ, Բանգլադեշում էլ կան, բայց շատ չեն: Հետո, երբ եղավ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, Գյումրիում պառկեցին բոլոր շենքերը, հատկապես վերջին տարիներին, 60-ականներից հետո կառուցածները: Գյումրիում մի հատ շենք կանգուն չմնաց, բացի իմ կառուցած 17 շենքերից, նույնիսկ մի շենք վթարային չճանաչվեց, եւ դրանք կառուցված էին Գյումրիի տարբեր շրջաններում: Երբ Գորբաչովյան հայտնի հայտարարությունը եղավ՝ բոլոր շինարարներին պետք է դատել, արդյունքում ինձ Խորհրդային միության պետական մրցանակի դափնեկրի պատվավոր կոչման արժանացրեցին, եւ նաեւ մեծ նյութական պարգեւ տվեցին:

Մինիստրների խորհուրդն էր տալիս այդ կոչումը, եւ ես ունեի այդ կոչումը: Այդ կոչումն ինձ համար այդքան էական չէ: Երբ ես առաջին օրերին Սպիտակում էի, հետո հիշեցի, որ Գյումրիում կառուցած շենքեր ունեմ, մեր աշխատակազմով գնացինք այնտեղ՝ տեսնեինք, թե մեր շենքերն ի՞նչ վիճակում են: Տեսանք՝ կանգնած էին հպարտ: Երբ մոտեցանք այդ բնակիչներին, հատկապես մայրերը, հասակով մարդիկ, ծնկաչոք մեր ձեռքերն էին համբուրում, որ իմացան շենքերի նախագծողն ու կառուցողը մենք ենք, օրհնում էին մեզ: Ամեն մի շենքում ապրում էր 36 ընտանիք, այդ 17 շենքերը բազմապատկեք՝ տեսեք քանի ընտանիք եմ փրկել: Այսօր մեկը բարերարություն է անում, մի տեղ մի շենք է կառուցում, ասում են՝ ինչ մեկենաս է, ինչ մեծ մարդ է»:

Նազարյանը իր կյանքի մի հիշարժան պատմություն էլ ներկայացրեց արդեն Հայաստանի Հանրապետությունում պաշտոն զբաղեցրած ժամանակներից, երբ Երեւանի քաղաքապետն էր: Նազարյանի պատմելով՝ «Թիֆլիսում Խոջիվանք կա, Պանթեոնն է, մեր մեծերն են այնտեղ թաղված: Երբ ես 2002 թվականին գնացի իրենց քաղաքապետարանի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու, ինձ վիրահայերի այնժամանակվա նախագահն ասաց՝ պարոն Նազարյան, խնդրում եմ մի հատ գնանք Խոջիվանքի մեր Պանթեոնը նայեք, ընդգրկենք այդ հուշագրի մեջ՝ վերակառուցելու համար, նոր ստորագրեք: Ասաց՝ եթե 10 օր էլ ուշացնենք, կարող է այդ Պանթեոնից ոչինչ չմնա: Ես Թբիլիսիի այն ժամանակվա քաղաքապետին՝ Վանո Զոդելավային ասացի՝ հուշագրի ստորագումը 3 ժամով հետաձգում ենք, ես ուխտ եմ արել, որ մինչեւ Պանթեոնում մեր մեծերի հիշատակի համար ծաղիկներ չդնեմ, ոչ մի բան չեմ ստորագրելու: Գնացինք, իրոք, սարսափելի վիճակ էր, այնտեղ մեծ եկեղեցի էին կառուցում, մեր սուրբ Լուսավորիչից 5 անգամ մեծ, ու ամբողջ շինարարական աղբը բերել էին Պանթեոնի կողքին էին կուտակել, ինձ ասում էին, որ սպասում են, որ գիշերը բուլդոզերով հավասարացնեն հողին Պանթեոնը: Զոդեալավային ասացի՝ Պանթեոնը պետք է միասին վերականգնենք: Նա ասաց՝ ֆՑՏ տՏսՌՑՌփպրՍՏռ ՉՏտՐՏր եւ այն: Ես էլ ասացի՝ եթե պետք է, ես երեկոյան Շեվարդնաձեի հետ հանդիպում ունեմ, իրա հետ կքննարկեմ այս հարցը, բայց հաջորդ օրն ենք ստորագրում հուշագիրը: Քաղաքապետն ասաց՝ բա էդպես ո՞նց կլինի, ժուռնալիստներին բերել ենք արդեն, սպասում են եւ այլն: Ասացի՝ ինձ չի հետաքրքրում: Շվարդնաձեի հետ հանդիպեցինք, համաձայնեցրինք, հուշագրի մեջ այդ կետն էլ ավելացրեցինք, ու ամբողջ վերակառուցման աշխատանքները, բոլոր 34 տապանաքարերը, որտեղ թաղված են Րաֆֆին, Սունդուկյանը,Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, մեր մեծ գեղանկարիչները, ես ինքս, անձամբ կառուցել եմ, անտեղ էլ գրված է, որ մտնեք, կտեսնեք, որ գրված է՝ վերակառուցել է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Երբ նա ուզում էր ընտրվել քաղաքապետարանի վարչության պետ, դա իննսակաների սկիզբն էր, նա, մեզ՝ քաղխորհուրդի պատգամավորներս, հետ այդ պետական մրցանակի երգն էր երգում: Դա կապ չու նի իր ներկա պաշտոնի հետ, քանի որ ինքը մասնագետ չէ ու մեծ վնաս է հասցնում ինչպես մեր տնտեսությանը, այնպես էլ մեր ժաղովուրդին: Նա չի պաշտպանում ժաղովրդի և տնտեսվարողների շահերը, որի պատճառով մեր տնտեսությունը քայքայվում է, իսկ ժողովուրդը՝ հեռանում իր Հայրենիքից:
    Նրան պետք է հեռացնել աշխատանքից…
    Ցավոք 7-րդ զանգվածի շենքերը չունեն նշված որակները, քանի որ իր ասած “под ключ”-ը չունի համապատասխան որակներ: Եկեք Նորքի 7-րդ զանգվածի 53 շենք ու Դուք կտեսնեք այդ ամենը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31