Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի քարտուղարը գոհ է դատարանի վճռից

Օգոստոս 20,2015 14:30

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի դեմ
գործով դատական քննությունն ավարտվեց

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել ընկերության գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Նա պահանջել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից բռնագանձել օրապահիկի, օժանդակության գումարի պարտքը, իր վերաբերյալ կայացրած հրամաններն անվավեր ճանաչել, վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձը:
Դատարանը մասնակի բավարարեց հայցապահանջը, իսկ «Առավոտի» հարցին էլ՝ կբողոքարկի՞ Դավթյանը վճիռը, նա պատասխանեց, որ գոհ է, եւ բողոք չի ներկայացնի:
Դատարանը մերժեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի 24.10.2014 թվականի թիվ 153/7 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը, ինչպես նաեւ ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 30.10.2014 թվականի թիվ 306K հրամանը անվավեր ճանաչելու պահանջը, եւ չվերականգնեց նրան գլխավոր տնօրենի մամուլի քարտուղարի պաշտոններում՝ հետեւաբար չվճարելով հարկադիր պարապուրդի գումարը:

Վահե Դավթյանը Էրեբունի համայնքի ընդհանուր իրավասության դատարանին հայտնել էր, որ 2008 թվականից մինչեւ 2014 թվականի ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատելիս մեկնել է բազմաթիվ ծառայողական գործուղումների։

Եղել Է Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում, Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում, Վրաստանի Հանրապետության Բաթում քաղաքում, մի քանի անգամ եղել է Թբիլիսի քաղաքում, մեկ անգամ՝ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում, իսկ մնացած անգամները` Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում։
Ըստ նրա՝ Մոսկվա գործուղվելու համար բոլոր ժամանակահատվածներում տրվել է ֆիքսված 24. 000 ՀՀ դրամ գումար օրապահիկ, իսկ մնացած քաղաքների համար՝ 12. 000 ՀՀ դրամ օրապահիկ։

Սինչդեռ հայցվոր մամուլի քարտուղարի տեղեկացմամբ. «ՀՀ կառավարության 29.12. 2005 թվականի թիվ 2335-Ն որոշման համաձայն՝ տարբեր ժամանակահատվածներում սահմանված օրապահիկի չափերն անհամեմատ եղել են ավելի բարձր, քան գործատուի կողմից վճարված գումարները»։ Օրապահիկի հետ կապված տարբերությունը, այսինքն՝ չվճարված օրապահիկի պարտքը կազմել է 2. 656. 000 ՀՀ դրամ։
Դատարանը բավարարեց նաեւ երեխայի ծննդյան կապակցությամբ չվճարված օժանդակության գումարը բռնագանձելու պահանջը նույնպես:

«Հարավկովկասյան երկաթուղում» մամուլի պատասխանատու աշխատելիս 09.12.2013 թվականին ծնվել է հայցվորի որդին: Իսկ համաձայն «Հայաստանի երկաթուղայինների եւ կապի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների» ճյուղային հանրապետական միության եւ գործատուի միջեւ կնքված 2012-2014թթ. կոլեկտիվ պայմանագրի 3.4.4.կետի, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է նյութական օգնություն՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։
Դատարանն արձանագրել էր, որ երեխայի ծննդյան պահի դրությամբ գործող «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է այդ ժամանակ 45. 000 դրամ։ Ուստի գործատուն պետք է Վահե Դավթյանին վճարեր 225.000 ՀՀ դրամ գումար նյութական օգնություն, ինչը չի կատարել։

Հիշեցնենք, որ 2009 թվականին Վ. Դավթյանը նույն ընկերությունում զբաղեցրել է մամուլի ծառայության պետի պաշտոնը:

2010 թվականին եղել է հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, 2011 թվականին՝ կառավարման եւ հաղորդակցման ծառայության պետի տեղակալ, իսկ 2013 թվականին գործերի կառավարման ծառայության պետի տեղակալ եւ գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Վ. Ի. Ռեբեցի նշանակումից հետո, Վ. Դավթյանի հետ հարաբերությունները սրվել են, իսկ դատական նիստերից մեկի ժամանակ նշվեց, որ 06.08.2014 թվականին Վ. Ի. Ռեբեցն իր աշխատասենյակում, գտնվելով նյարդային վիճակում, «առանց որեւիցե պատճառի, հայցվորին հասցրել է անձնական վիրավորանքներ»։

Դրանից հետո հայցվորը ստացել է գործերի կառավարման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Հ. Առաքելյանի 07.08.2014 թվականի թիվ 39HD գրությունը, որով պահանջվել է ներկայացնել գրավոր բացատրություն՝ 06.08.2014 թվականին գլխավոր տնօրենի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի եւ դրանից հետո տնօրենի հրավերով չներկայանալու պատճառների մասին։
Վ. Դավթյանը ներկայացրել է գլխավոր տնօրենի աշխատասենյակում նրա ու իր միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հայտնել, որ չի ցանկանում Վ. Ի. Ռեբեցի արարքները բողոքարկել կամ ԶԼՄ-ների միջոցով հրապարակայնացնել, քանի որ ընկերությունում այլ աշխատակիցներ են աշխատում:

Մեկ ամիս հետո հետեւել է մեկ այլ պատճառ. իբր «Երկաթուղայինի օրվա» տոնակատարության շրջանակներում Վ. Դավթյանը միջոցառումը «տապալել» է, հետեւել է խիստ նկատողությունը, այսինքն՝ հարուցվել է կարգապահական վարույթ: Այդ ժամանակ բերվել է մեկ այլ հիմնավորում էլ. երկաթուղու պաշտոնական կայքի աշխատանքի պատշաճ հսկողության բացակայության մասին դժգոհությունները:
Դատարանում, իհարկե, պարզվեց, որ ընկերության պաշտոնական կայքի աշխատանքի պատշաճ հսկողությունը չի հանդիսացել հայցվորի աշխատանքային պարտականությունը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31