Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչական դատարան, պատասխան տուր

Օգոստոս 20,2015 14:00

Ճանապարհային ոստիկանության հայցերով քաղաքացիներն առ այսօր վճարման կարգադրություն արձակելու մասին վարչական դատարանից ստանում են դեռեւս 2013թ., առանձին դեպքում՝ 2014 թ.-ին վարչական դատարանի կողմից արձակված վճարման կարգադրություններ։

Մինչդեռ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 312-րդ հոդվածով սահմանված է, որ նման վարչական ակտերով նշանակված տուգանքները ենթակա չեն գանձման, եթե այն նշանակելու օրվանից անցել է մեկ տարի:

2007թ. նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխի նորմերով նախատեսվում էր դատարանի կողմից վճարման կարգադրության արձակում՝ քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից վարչական ակտերով գանձման ենթակա գումարները բռնագանձելու հայցերով։

2013թ. դեկտեմբերի 5-ին րնդունված նոր Վարչական դատավարության օրենսգրքով վճարման կարգադրություն արձակելու վարչական դատարանի իրավազորություն չի նախատեսված։

Նոր օրենսգրքի 223-րդ հոդվածով սահմանված են անցումային դրույթներ, ըստ որոնց՝ մինչեւ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը վարչական դատարանում ստացված կամ փոստով ուղարկված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումները վարչական դատարանը քննում է նախկին օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված կանոններով։
Նշված կանոնների համաձայն, դատարանը վճարման կարգադրություն արձակելու կամ վճարման կարգադրության արձակելը մերժելու մասին որոշումը պետք է կայացներ երկշաբաթյա ժամկետում։

Վճարման կարգադրություն արձակելու մասին որոշումը ստանալուց հետո պատասխանողը, եթե համաձայն չէր պահանջի հետ, երկշաբաթյա ժամկետում պետք է դատարան ներկայացներ հակընդդեմ հայց, որի դեպքում դատարանն անցնում էր հայցային վարույթի։

Նախկին օրենսգրքի 27-րդ գլխի նորմերով սահմանված չէր վճարման կարգադրությունը պատասխանողին ուղարկելու ժամկետ, սակայն օրենսգրքի այլ հարցերով սահմանված սկզբունքներից հետնում էր, որ այն պատասխանողին պետք է ուղարկվեր կայացումից հետո եռօրյա ժամկետում։

Դրան հակառակ, ճանապարհային ոստիկանության հայցերով քաղաքացիներն առ այսօր վճարման կարգադրություն արձակելու մասին վարչական դատարանից ստանում են դեռեւս 2013թ., առանձին դեպքում՝ 2014 թ.-ին վարչական դատարանի կողմից արձակված վճարման կարգադրություններ։ Մինչդեռ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 312-րդ հոդվածով սահմանված է, որ նման վարչական ակտերով նշանակված տուգանքները ենթակա չեն գանձման, եթե այն նշանակելու օրվանից անցել է մեկ տարի։
Մեր կարծիքով, այդ մեկ տարին բաց է թողնվել դատարանի, թե հայցվորի մեղքով՝ չի կարող նշանակություն ունենալ, քանի որ դատարան դիմելն օրենսգիրքը չի սահմանել որպես ժամկետի ընդհատման կամ կասեցման հիմք։

Այստեղ կարեւորվում է նաեւ այն, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու համար նախատեսված է մեկ տարվա ժամկետ։

Ներկա պահին «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությանն են դիմել քաղաքացիներ, որոնք 2015 թ.-ին ստացել են դատարանի կողմից րնդունված վճարման կարգադրություններ հետեւյալ գործերով.
1. ՎԴ/7184/03/13 վճարման կարգադրությունը՝ արձակված 05.02.2013թ.՝ 24.12.2012թ. ներկայացված հայցադիմումով։

Պատասխանողը վճարման կարգադրությունը ստացել է 05. 02.2015թ.՝ երկու տարի անց։
2. ՎԴ 659330/03/13 վճարման կարգադրությունը՝ արձակված 16.08.2013թ.՝ 16.07.2013թ. ներկայացված հայցադիմումով։

Վճարման կարգադրությունը պատասխանողը ստացել է 29.06.2015թ.՝ երկու տարուց քիչ պակաս ժամկետում։

3. ՎԴ/72905/03/13/ վճարման կարգադրությունը՝ արձակված 11.09,2013թ.՝ 17,07.2013թ. հայցադիմումի հիման վրա։

Վճարման կարգադրությունը պատասխանողը ստացել է 28.10..2014թ.՝ ավելի քան մեկ տարի անց։

4,. ՎԴ/109842/03/13/ վճարման կարգադրությունը՝ արձակված 01.11.2013թ.՝ 22.10.2013թ. հայցադիմումով։

Պատասխանողը վճարման կարգադրությունը ստացել է 29.06.2015թ.՝ երկու տարուց քիչ պակաս ժամկետում։

5. ՎԴ/10902/03/14 վճարման կարգադրությունը՝ արձակված 06.03.2014թ.՝ 20,12.2013թ. հայցադիմումի հիման վրա։

Պատասխանողը վճարման կարգադրությունը ստացել է 14.11. 2014թ.՝ 8 ամիս անց։
Ներկայացված գործերից ակնհայտ է, որ ոչ մի գործով չի պահպանվել կարգադրությունն արձակելու երկշաբաթյա ժամկետը, իսկ պատասխանողներին այն ուղարկվել է մեկ եւ նույնիսկ երկու տարի ժամկետային խախտումներով։

Այս իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ վարչական դատարանում այս հայցադիմումները թողնված են եղել անհետեւանք եւ հետագայում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ վճարման կարգադրություններն արձակվել են հետին թվով՝ կեղծելով դատական ակտերի կայացման ամսաթիվը։

Հակառակ դեպքում՝ դրանք չէին կարող երկու տարի մնալ դատարանի գրասենյակում։ Այս կապակցությամբ ակնկալում ենք վարչական դատարանի պարզաբանումը։

ԺՈՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ընդդեմ իրավական
կամայականության» հասարակական կազմակերպություն

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31