Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թե ինչու հայ շեփորահարը չմնաց Ամերիկայում

Օգոստոս 20,2015 13:00

Շեփորահար Շահեն Գեւորգյանը 25 տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ է, որից 15-ը հանդիսանում է շեփորահարների կոնցերտմայստերը: Այս տարիներին նվագախմբի կազմում երաժիշտը համագործակցել է անվանի շատ երաժիշտների հետ: Ինչպես «Առավոտին» հայտնեց ճանաչված դիրիժոր Յուրի Դավթյանը, Շահենի գնահատականները տվել են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Պենդերեցկին, Գրինը, Գերինգասը: Դավթյանի խոսքով, ունենալով տարիների ընթացքում կուտակած փորձ, շեփորահարն իր ավանդն է ներդրել հայ կատարողական դպրոցի զարգացման գործում: Ի դեպ, ժամանակին «Առավոտի» հետ հարցազրույցում Ռոդիոն Շչեդրինը ֆիլհարմոնիկ նվագախմբի մատուցմամբ լսելով իր «Ուրախ չաստուշկաներ» ստեղծագործությունը, ասել էր, թե շեփորի սոլո պարտիան իսկապես շատ բարդ է, որը հիանալի կատարեց Շահեն Գեւորգյանը: Հետո էլ հավելել էր, թե ինքը Հայաստանի նախագահի մոտ ընդունելության ժամանակ բարձրաձայնել է շեփորահարի անունը՝ նրան որակելով վիրտուոզ երաժիշտ: 2000-ականների սկզբին էլ, երբ ճապոնացիներն այցելել էին Հայաստան՝ ֆիլմ պատրաստելու մեր երկրի մասին, ներկա էին եղել ֆիլհարմոնիկի համերգին: Այդ երեկո Շահեն Գեւորգյանը հանդես էր եկել աշխարհի լավագույն շեփորահարների նվագացանկում իր տեղն ունեցող Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի եւ նվագախմբի կոնցերտի մեկնաբանմամբ: Հիացած շեփորահարի նվագով՝ ճապոնացիները ֆիլմում ընդգրկել էին նաեւ նրա կատարումը:

2004թ. երաժիշտը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի հրավերով մասնակցում է տեղի նվագախմբի շեփորահարների մրցույթին: Թեեւ չի հաղթել, բայց ԱՄՆ-ում մնալու հնարավորություն ուներ: Մենք խնդրեցինք տարիներ հետո ի վերջո հստակ պատասխան տալ՝ ինչու բաց թողեց այդ հնարավորությունը: «2002թ. ես Երեւանում ձայնագրեցի մեր հայրենակից, աշխարհահռչակ կոմպոզիտոր եւ փիլիսոփա, Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնի «2000-01թթ. միջազգային մարդ» կոչմանն արժանացած Իոսիֆ Անդրեասովի շեփորի կոնցերտը: Հետո Ամերիկայում կոմպոզիտորի հարազատները լսել էին ձայնագրությունը եւ այն տարածվել էր CD-ի տեսքով: Հենց այդ ստեղծագործությունն էին լսել «Մետրոպոլիտեն» օպերային պրոդյուսերները եւ ինձ հրավիրել մրցույթի: Բնականաբար, ծիծաղելի կհնչի, եթե ասեմ, թե մեկնել էի պարզապես մասնակցելու մրցույթին: Նվագախմբի մեկ թափուր տեղի համար հրավիրվել էին անվանի շեփորահարներ, սակայն հանձնախումբն իր նախընտրությունը տվեց հրեա շեփորահարին… Նույնիսկ եթե պայմանագրով ընդունվեի աշխատանքի, դրա ավարտից հետո չէի երկարաձգի, որովհետեւ դրա կարիքը չկար: Մեր ֆիլհարմոնիկն էլ է ապրում բուռն ստեղծագործական կյանքով եւ նվագախմբի արտիստներս հյուրախաղերի խնդիր չունենք»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Շահեն Գեւորգյանը մի շարք մրցույթների, այդ թվում՝ Մոսկվայում կայացած միջտարածքային զինվորական նվագախմբերի (1982թ.), Բաքվի անդրկովկասյան (1985թ.), Հ. Մեսիայանի անվան (2001թ.) մրցույթների դափնեկիր է: Շեփորահարն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1985թ. Երեւանի քաղխորհրդի փողային նվագախմբում:

Ըստ մեր տեղեկությունների՝ երաժիշտը 2009թ. ՀՀ վաստակավոր արտիստի կոչման էր ներկայացվել, բայց դա չիրականացավ: Այս առիթով Շահեն Գեւորգյանը կատակեց. «Կոչման արժանանալը հաճելի է… Շնորհակալ եմ, որ հիշեցրիք այդ մասին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կոչումը տալիս են անկոչներին:Իսկ Շահենը ունի իր կոչումը:Բազմաթիվ ստեղծագործողների հետ ,ես նույնպես շնորհակալ եմ շնորհաշատ փողհար Շահեն Գեւորգյանին իմ ստեղծագործությունների կատարման համար:Ողջ լինես Շահեն ջան(կոչու՞մն է որ քեզ պիտի զարդարե…):

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31