Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաղողը բուժում եւ սնուցում է օրգանիզմը

Օգոստոս 20,2015 11:30

Խաղողը հակացուցված է շաքարային դիաբետի, ստամոքսի ու
12-մատնյա աղու խոցի եւ այլ հիվանդությունների դեպքում

Խաղողի բուժիչ ու սննդարար հատկությունները մարդկությանը հայտնի են եղել դեռ հին ժամանակներից: Այն օգտագործվել է ստամոքսի, լյարդի, երիկամների, թոքերի տուբերկուլյոզի եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով, սակայն նրա քիմիական բաղադրությունը վերջնականապես պարզվել է միայն 19-20-րդ դարերում:
Ինչպես հայտնի է, գոյություն ունեն խաղողի տարբեր տեսակներ, ուստի եւ նրանց մեջ պարունակող նյութերի տեսակներն ու քանակը նույնպես տարբեր են: Օրինակ, ջրի քանակը տատանվում է 60-80 տոկոսի սահմաններում, որը չնայած աղիներում դանդաղ է ներծծվում, սակայն արագ է հեռանում օրգանիզմից՝ իր հետ հեռացնելով նյութափոխանակության արգասիքները: Նրա հիմնական նյութերից խաղողաշաքարը՝ գլյուկոզան, կազմում է 3-15 տոկոս: Միջին հաշվով մեկ կիլոգրամ խաղողի մեջ մոտավորապես պարունակում է 100-150 գրամ գլյուկոզա, որը մեր օրգանիզմում վերածվում է 600-800 կալորիայի, իսկ դա մեկ օրվա կալորիայի պահանջի մոտավորապես քառորդ մասն է կազմում:

Խաղողաշաքարը բարձրացնում է մկանների՝ հատկապես սրտամկանի տոնուսը, որի հետեւանքով թթվածնի յուրացումը լավանում է, կանոնավորվում է նյութափոխանակությունը, լայնանում են արյան անոթները: Խորհուրդ է տրվում խաղողն ուտելուց հետո կազմակերպել ակտիվ հանգիստ, թեկուզ թեթեւ զբոսանք, որը նպաստում է թթվածնի յուրացման արագացմանը: Խաղողի մեջ օրգանական թթուների՝ գինեթթվի, խնձորաթթվի քանակությունը հասնում է 0,5-1,4 տոկոսի: Սրանք նպաստում են սննդանյութերի արագ յուրացմանը եւ կլասեցնում աղիների նեխման պրոցեսները:
Հանքային նյութերից խաղողն ամենից շատ պարունակում է կալիում, որն ունի միզամուղ հատկություն: Բացի այդ, խաղողի մեջ առկա են կալցիում, ֆոսֆոր, որոնք նպաստում են օրգանիզմի աճին եւ ամրապնդում են նյարդային համակարգը, ինչպես նաեւ՝ ծծումբ եւ երկաթ, որոնք ակտիվացնում են լյարդի եւ արյունաստեղծ օրգանների գործունեությունը: Խաղողը հարուստ է նաեւ B1, B2, C եւ A վիտամիններով:

Ինչ վերաբերում է խաղողի բուժական նպատակներով օգտագործմանը, ապա չպետք է մոռանալ, որ այդ ամենը պետք է ուղեկցվի բժշկի թույլտվությամբ եւ հսկողությամբ: Ինքնաբուժումը վտանգավոր է, որովհետեւ կան հիվանդություններ, օրինակ՝ շաքարային դիաբետը, ստամոքսի ու 12-մատնյա աղու խոցային հիվանդությունները, հաստ աղիքի քրոնիկական բորբոքումը, ճարպակալումը եւ այլն, որոնց ժամանակ ինքնաբուժումը կարող է խիստ բացասական հետեւանքներ թողնել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 

«Առավոտ» օրաթերթ
19.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31