Օգոստոսի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության գրասենյակում «Ժառանգություն» կուսակցության եւ ՀԿ-ի ներկայացուցիչների միջեւ զենքի կիրառմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր Կենտրոնի քննչական կոմիտեում առերեսում է կազմակերպվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանի եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանի միջեւ, որը տեւել է մոտ 2-2,5 ժամ:
Առերեսումից հետո Aravot.am-ը զրուցեց առերեսվածների հետ:
Նարեկ Սամսոնյանը, որն իր իսկ խոսքերով հանդես է գալիս վկայի կարգավիճակով, իսկ Հովսեփ Ղազարյանը, որպես կասկածյալ, ասաց. «Ոչ մի արտառոց բան չի եղել: Սովորական արձանագրություն էր: Առերեսման ժամանակ եղել է այն, ինչ մինչ այդ մեր հայտարարությունների տեսքով տեսել եք մամուլում: Նախաքննական մարմնի կողմից արձանագրվել են այն հակասությունները, որոնք կային: Խոսքը դեպքերի նկարագրության մասին է: Ամեն մեկս մեր պաշտոնական տարբերակն ենք ներկայացրել. մենք՝ մերը, իրենք՝ իրենցը: Մեկս մյուսին հարցեր էինք տալիս»:
Իր հերթին Հովսեփ Ղազարյանն ասաց. «Առերեսման ժամանակ այդ տղան իր ցուցմունքը ներկայացրեց, որն ամբողջությամբ սուտ էր ու զրպարտական: Ես նրան մի քանի հարց տվեցի: Լիքը հակասություններ ի հայտ եկան ու պարզվեց, թե նա ինչ ստեր է խոսում: Ինքն ամբողջ իրականությունն ուրիշ կերպ է ներկայացնում: Ես ներկայացրի մեր համոզմունքները եւ մի շարք փորձաքննություններ կան, որոնք պարզած լինելուց հետո կհաստատվեն»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ