ՀՀ ժողովրդական նկարիչ Հաղթանակ Շահումյանը Aravot.am-ի հետ զրույցում խուլիգանության լավագույն դրսեւորում որակեց Երեւանի Մարզահամերգային համալիրի վաճառքը, որի արդյունքում շուտով Եղեռնի հուշարձանի հարեւանությամբ գործելու է խաղատուն, ռեստորան, հյուրանոց եւ ժամանցի այլ վայրեր:
«Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ, երբ չկա նախագիծ, խնդիրն ուսումնասիրված չէ: Չի կարող առանց նախագծի որեւէ քաղաքաշինարար, ճարտարապետ կամ այլ մասնագետ նման ծրագիր ունենալ: Ժամանակին, երբ Համալիրը կառուցում էին ես քաղաքաշինության խորհրդի անդամ էի, Երեւան քաղաքի նկարիչը: Դեռ այն ժամանակ լուրջ վեճ եղավ համալիրի տեղի ընտրության համար: Ասում էին, որ Եղեռնի հուշարձանի հարեւանությամբ չի կարելի նման համալիր կառուցել: Հետո դա պատճառվեց այսպես՝ Վերածնունդ, լավատեսություն եւ այլն: Ասացին, որ համալիրը կառուցվում է որպես կոնտրաստ՝ անցյալում մեր ունեցած դժվարությունների, այն վերածննդի գաղափարն է խորհրդանշելու, ու այնտեղ պետք է լինի բարձր մշակույթի կենտրոն, սպորտային եւ երաժշտական լուրջ միջոցառումներ իրականացվեն: Հիմա այդտեղ տանել կառուցել գիշերային ակումբ, պոռնկատուն, խաղատուն, անհեթեթություն է»,-ասաց արվեստագետը:
Նաեւ ափսոսանք հայտնեց, որ քաղաքի կենտրոնում իր ձեւակերպմամբ, «հարձակվել» են այգիների վրա. «Ոնց կարելի է այդ տարածքի այգում ինչ-որ բան կառուցել, առանց այն էլ ողջ Օղակաձեւ զբոսայգին ոչնչացրին, բլուրների վրայի ամբողջ անտառները կտրեցին»:
Ըստ Հաղթանակ Շահումյանի, անփույթ ենք մեր երկրի ու մեր արժեքների նկատմամբ. «Օրինակ, վերջերս գնացել էի Բերդում իրականացվող Մեղրի տոնին, այն հրաշք այգում է իրականացվում, որտեղ Վիկտոր Համբարձումյանը, Հովհաննես Բաղրամյանը ծառ ունեն տնկած, պիտակներն էլ կան, այդ անտառում բացառիկ ծառեր կան, ու այգին լրիվ անուշադրության է մատնված: Եվ սա այն դեպքում, երբ «ռայսովետի» մի աշխատողի փողով 7-8 այգեպան կարելի է պահել: «Ռայսովետի» ամեն աշխատող 8-9 խորհրդական ունի, հետաքրքիր է՝ դրանք ի՞նչ խորհուրդ են տալիս, որ անընդհատ փչանում է մեր միջավայրը…Մեր ապագան դրել ենք կասկածի տակ, ոչինչ չենք պահպանում՝ սկսած Սեւանա լճից: Այ մարդ մեր երկրի, մեր արժեքների նկատմամբ անփույթ ենք, հարկավոր է սթափվել… Որ որոշ մարդիկ փորերը ոսկով լցրեցին, հո ավելի լավ չե՞ն ապրելու, ամոթ է չէ՞»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ