Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն օգոստոսի 19-ին ընդունել է «Հայ օգնության միության», «Հայ կրթական հիմնարկության» տնօրենների խորհուրդների և Երևանի պետական համալսարանի մի խումբ անդամների և դասախոսների:
Ողջունելով հյուրերին՝ Ա. Աղաբեկյանն Արցախի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել ներկաներին` հայրենիքի զարգացման գործում ունեցած նպաստի համար և հաջողություններ մաղթել նրանց` իրենց հետագա հայրենանվեր ձեռնարկներում:
Փոխվարչապետը սփյուռքահայ հասարակական ու ազգային գործիչ Ժասմեն Բոնիաթյան-Ջարահյանին և հասարակական գործիչ ու բարերար Հայկուշ Հեյդի Քոհլերին հանձնել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալները, որոնցով նրանք պարգևատրվել են Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Արցախի բարգավաճմանն ու զարգացմանն ուղղված գործունեության և բարեգործական ծրագրերի իրականացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար:
Շնորհակալություն հայտնելով պատվաբեր պարգևի արժանանալու համար` բարերարները նշել են, որ ցուցաբերվող գնահատանքը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս մասնակցել Արցախի համար կարևոր խնդիրների լուծմանը:
Ողջունելով հյուրերին` կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը կարևորել է սփյուռքահայ գործիչների դերը հատկապես կրթության ոլորտում` հատկանշելով պատերազմից ի վեր ՀՕՄ-ի կողմից վերագործարկված տասնյակ մանկապարտեզների նշանակությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայ կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին` խորհրդի կողմից արդեն 4-րդ անգամ Շուշիում կազմակերպվող ասմունքի փառատոնի համար և կարևորել մշակութային այդ միջոցառումը մատաղ սերնդի մոտ գեղագիտական ճաշակի ձևավորման գործում:
Հանդիպման ավարտին փոխվարչապետը, որպես հուշանվեր, հյուրերին է հանձնել արցախցի մեղվաբույծների արտադրանքի անհատական փաթեթավորումն իրականացնող «Արցախ մեղր» ընկերության առաջին խմբաքանակը:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին