Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտապանի մահվան դեպքում պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը

Օգոստոս 19,2015 16:28

Պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը: Հաշվի առնելով ժառանգական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ առաջացած հասարակական մեծ հետաքրքրությունը՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Անդրադառնալով ժառանգության ընդունման կարգին ու ժամկետներին՝ Նախարարությունը հայտնում է, որ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի և ըստ կտակի: Այն կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի, իսկ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Դրա բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում՝ այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է: Ի դեպ, Երևանում մինչև մահը բնակվող անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել և ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալ ժառանգության բացման վայրի՝ Երևան քաղաքի ցանկացած նոտարական տարածքի նոտարների կողմից։

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31