ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս Երևանի թիվ 125 դպրոցում տեղի ունեցած միջադեպին, երբ տնօրենը հրաժարվել էր դպրոց ընդունել հաշմանդամություն ունեցող մի երեխայի։
«Ցավոք, նման միջադեպեր լինում են։ Կարծում եմ՝ տնօրենները պետք է ավելի ուշադիր և զգույշ լինեն այդպիսի հարցերում՝ հաշվի առնելով, որ իրենք առաջին հերթին մանկավարժ են, հետո նոր միայն վարչարար: Հետևաբար, շատ ավելի ուշադիր պետք է լինեն նման երեխաների կարիքների նկատմամբ և շատ ավելի համբերատար՝ նրանց ծնողների հետ տարվող աշխատանքներում»,- ընդգծեց նախարարը՝ նկատելով, որ Երևանի թիվ 125 դպրոցը ոչ թե ԿԳՆ-ի, այլ քաղաքապետարանի ենթակայության դպրոց է, և ԿԳՆ-ն իր միջոցները գործադրում է բովանդակության հետ կապված, իսկ վարչարարության, տույժերի և մնացածի հետ գործ չունի:
«Մեզ համար կարևոր է, որ, օգտագործելով այս տհաճ միջադեպը, ևս մեկ անգամ ընդգծենք ներառական կրթության կարևորությունը, ընդգծենք կրթության գերակայությունը բոլոր երեխաների համար և հասկանանք, որ առանձնահատուկ պայմանների ստեղծման գործում միայն օրենքներում և ֆինանսական հատկացումներում չէ խնդիրը. խնդիրը նաև համբերության, մասնագիտական աշխատանքի, մանկավարժի առաքելության և հետևողականության մեջ է»,- հավելեց Ա. Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին հրավիրելու է կոլեգիայի նիստ, որի ընթացքում հատուկ քննարկման առարկա կլինեն ներառական կրթության հիմնախնդիրները և հետագա գործողությունների ազգային ծրագիրը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ