Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ տուպիկի առաջ կանգնեցրեցին, այլընտրանք չթողեցին». նաիրիտցի

Օգոստոս 19,2015 15:52

Դեռ հուլիսի 18-ին նաիրիտցիները դիմել էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ խնդրելով պարզաբանել այն պայմանագրի կետերը, որն իրենց են տվել՝ ստորագրելու «Նաիրիտ 2»-ի հետ: Մասնավորապես նաիրիտցիները պարզաբանում են սպասում, թե ինչո՞ւ է աշխատակիցների տույժ-տուգանքների իրավունքը զիջվում «Նաիրիտ 2»-ին: Այսօր նաիրիտցիների նամակին պատասխանելու վերջնաժամկետն էր, եւ տեսնելով, որ Զախարյանը որեւէ կերպ չի արձագանքում, նրանք նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել:

Աշխատակիցներից մեկը՝ Կարինե Շահվերդյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց այլընտրանք չեն թողել պայմանագիրը չստորագրելու. «Մեզ ասեցին՝ կա՛մ ստորագրեք, կա՛մ գնացեք դատարան, բայց այդ դեպքում կստանաք վերջին 6 ամսվա աշխատավարձն ու վերջ, իսկ ստորագրելով՝ կստանաք ամբողջ աշխատավարձը: Այսինքն, մեզ տուպիկի առաջ կանգնեցրեցին, այլընտրանք չթողեցին»:

Կարինե Շահվերդյանը պատմեց, որ գնացել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ճշտելու, թե ի՞նչ իրավախախտումներ կան այդ պայմանագրում եւ պե՞տք է ստորագրեն այն, թե՞ ոչ: Գրասենյակից ասել են, որ խախտումներ պայմանագրում չկան. «Մեզ ասացին, այդ հայտարարությունները, որ անում եք, շատ լավ է, բայց քանի որ չկա գրավոր դիմում, ոչ մի հիմք չունի: Մենք էլ նամակ կազմեցինք, 22 հոգով ստորագրեցինք եւ հանձնեցինք նախարարություն: Մենք քանի որ կասկածներ ունեինք, պահանջեցինք պայմանագրում կետ ներառել, որտեղ նշվի, որ այդ պայմանագիրը պատշաճ ժամկետում եթե չկատարվի, չվճարվի մեր գումարները, ապա պայմանագիրը ճանաչվի անվավեր: Որովհետեւ եթե չլինի դա, մենք օդից կախված կլինենք: Մենք նաեւ նամակում հարց ենք բարձրացրել՝ պայմանագրի կետերի կատարման հարցում պետությունը որեւէ պարտավորություն կրո՞ւմ է, թե՞ ոչ»:

Իսկ թե նախարարությունից առհասարակ ի՞նչ արձագանք են ստացել՝ «Նաիրիտի» նախկին աշխատակցի պատմելով՝ նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանն ասել է՝ բա աշխատավարձ եք ստանում, էլ ի՞նչ եք ուզում. «Մեր ուզածն իրականում միայն աշխատավարձը չի: Մեր ամենակարեւոր պայքարը մեր հետագա պայքարն է՝ վերագործարկման պայքարը»:

Կարինե Շահվերդյանն ասաց, որ այսօրվա ակցիայով ուղղակի ուզում էին հիշեցնել նախարարությանը, որ պետք է մի քիչ լուրջ մոտենալ խնդիրներին. «Մենք իրենց ենք դիմում, իրենք ասում են՝ դիմեք տնօրենին: Տնօրենի տեղը մենք էլ գիտենք»:

Նաիրիտցիները մտադիր են սեպտեմբերին շարունակել իրենց բողոքի ակցիաները՝ վերագործարկման համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31