Կենտրոնական Ասիայի, Կոսկվասի եւ Վոլգա-Ուրալի ուսումնասիրության «Ռան» արեւելագիտության կենտրոնի աշխատակից Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ երկու գործոնի շնորհիվ է, որ Ռուսաստանը էժանացրեց Հայաստանին մատակարարվող գազի սակագինը: Փորձագետի խոսքերը մեջբերել է «Экономика сегодня»-ն:
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստից հետո պարզ է դարձել, որ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2015թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 ԱՄՆ դոլարի փոխարեն:
«Առաջին հերթին՝ սա էներգակիրների սակագների իջեցման ընդհանուր միտում է: Այդ պատճառով, այսպես թե այնպես, Հայաստանի համար սահմանված գազի գինը կապված է համաշխարհային էներգետիկ շուկայի ընթացիկ զարգացումների հետ»,- ասում է Ստանիսլավ Պրիտչինը:
Ըստ նրա՝ երկրորդ գործոնը Հայաստանի քաղաքական այն խնդիրներն են, որոնք ծագեցին էլեկտրաէներգիայի կտրուկ թանկացման պատճառով. «Վստահաբար, այս որոշումը կայացվել է նաեւ հաշվի առնելով այդ գործոնը: Ռուսաստանը հասկանում է, որ պետք են գործողություններ, որոնք կկայունացնեն այդ ոլորտում Հայաստանի վիճակը»:
Կարդացեք նաև
Փորձագետը կարծում է, որ հարեւանների հետ բարդ հարաբերությունների պայմաններում՝ Ռուսաստանի վրա է դրված Հայաստանին ռազմական եւ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը եւ դա նորմալ է:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ