Արտաշիսյան 44 շենքի ու հարակից շենքի բնակիչները պայքարում են իրենց շենքերին հարակից տարածքում գտնվող «Փոքր Մայամի» օբյեկտի դեմ, որն ինչպես այսօր «Հայելի» ակումբում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը, մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հավաքատեղի է:
Ոսկանյանի ներկայացմամբ՝ այդ տարածքում պարբերաբար միջադեպեր են լինում մարմնավաճառների ու նրանց հաճախորդների միջեւ, հայհոյանքներ են հնչում, ու այնպիսի տեսարաններ են սարքում, որ բնակիչներն ու անչափահաս երեխաները տհաճ տեսարանների ականատես են դառնում:
Փաստաբանի խոսքերով՝ Արտաշիսյան 44 շենքի տարածքում ամեն օր երեկոյան ժամը 10-ից հետո իրարանցում է սկսվում՝ «Փոքր Մայամիի» մարմնավաճառներն ու հաճախորդներն են ժամանում. «Տարբեր կատեգորիայի մարդիկ են գալիս, մեքենաները կայանում, ինչ ասես խոսում, անգամ դանակահարություն է այդտեղ տեղի ունեցել»:
Բնակիչները մի քանի անգամ դիմել են պետական իրավասու մարմիններին, ըստ փաստաբանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ է տեղյակ խնդրից, բայց այն չի լուծվում: Իսկ բնակիչների պայքարը մարմնավաճառների դեմ ավարտվել է նրանով, ինչպես փաստաբանն ասաց, թաղում բավականին հարգված ու կշիռ ունեցող Վազգեն Կարապետյանի «գլխին սարքելով»: Ստեփան Ոսկանյանը Կարապետյանի շահերն է ներկայացնում:
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքերով՝ մարմնավաճառների հետ համագործակցող Շենգավիթում հայտնի Լյուդի տղան՝ Իգոր Կովալյովը դիմել է Կարապետյանին, որպեսզի վերջինս միջնորդի իր գումարները մարմնավաճառներից մեկից ստանալու, խոստանալով, որ այդ գումարից բաժին կհասնի նաեւ Կարապետյանին: Վերջինս հրաժարվել է եւ Կովալյովին ասել՝ որ այլեւս իրեն նման հարցերով չդիմի: Սրանից հետո, ըստ փաստաբանի, Կովալյովը ցուցմունք է տվել, իբր Կարապետյանը ավազակային հարձակում է գործել իր վրա, դանակի ու զենքի սպառնալիքով մեքենայի մեջ իրենից գումար պահանջել:
Մանրամասն՝ տեսանյութում
Վազգեն Կարապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված. այս տարվա փետրվարի 15-ին որոշվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Կարապետյանը, ինչպես ասաց փաստաբանը, անհիմն եւ անօրինական է կալանավորվել, չկան գործով ապացույցներ, միայն գործով շահագրգիռ անձի՝ Կովալյովի մեկ ցուցմունքի հիման վրա են նրան կալանավորել:
Ոսկանյանն ասաց, Կովալյովի՝ ցուցմունքում նշած դանակը հայտնաբերվել է, սակայն առանց մատնահետքերի, իսկ ատրճանակն ընդհանրապես չեն հայտնաբերել:
Ըստ փաստաբանի, բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել, որպեսզի տարածքի տեսախցիկներն առգրավվեն ու ուսումնասիրվեն, սակայն քննիչը գրավոր ասել է, թե տեսախցիկ կոնկրետ այդ հասցեում չկա, մինչդեռ տարածքը միայն օբյեկտի տարածքով չի սահմանափակվում: Ոսկանյանի խոսքերով՝ Կովալյովի նկատմամբ մի շարք քրեական գործեր կան հարուցված, որոնցից մեկն էլ՝ հարազատ մորից ոսկեղեն գողանալու առնչությամբ:
Մարմնավաճառների դեմ պայքարող Վազգեն Կարապետյանին մեկուսացնելը, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի նախագահ Աշոտ Աթոյանը մի հիմնավորում է տեսնում. մարմնավաճառները հովանավորներ ունեն հանձինս իրավապահ մարմինների:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ