Համաշխարհային բանկի կրթության դեպարտամենտի ավագ տնօրեն Կլաուդիա Կոստինը հոդված է հրապարակել այն մասին, թե համալսարաններն ինչպես պետք է արձագանքեն աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերներին: Նա հոդվածը սկսում է Հայաստանից ստացած իր տպավորություններով: «Մայիսին կայացած Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովի շրջանակներում ես հնարավորություն ունեցա այցելելու Երևանի պետական բժշկական համալսարանի Սիմուլյացիոն կենտրոն, որը հովանավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Ես հայաստանցի գործընկերներիս հետ ականատես եղա, թե ինչպես էին համակարգչին միացված մանեկենները սիմուլացնում տարբեր իրավիճակներ: Ուսանողները աշխատում էին մանեկենների վրա, որոնք «արձագանքում» էին նրանց` նմանակելով իրական հիվանդների ռեակցիաները: Համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Նարիմանյանը բացատրեց, որ այս նորարարական մեթոդը հնարավորություն է տալիս բարելավելու ուսանողների գործնական հմտությունները և կրճատել այն հավանական սխալները, որոնք նրանք կարող են գործել իրենց կարիերայի ընթացքում: Կարծում եմ, որ համալսարանի այս կենտրոնը հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է բարելավել գործնական ունակությունները և խթանել նորարական մեթոդները, ինչն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ աշխարհին:»