2015 թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումների և համաշխարհային Ունիվերսիադայի մրցանակակիր ուսանող-մարզիկներն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (ԿԳՆ) պարգևատրվեցին ԿԳՆ պատվոգրերով:
«Որպես Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի ղեկավար՝ ես միշտ հետևում եմ ձեր ելույթներին և հպարտանում ձեր հաջողություններով, որոնք դառնում են նաև իմ հաջողությունը»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիների ջանքերի շնորհիվ ուսանողական սպորտը նոր նվաճումներ է արձանագրել՝ անկախ առկա դժվարություններից, հատկապես բուհերում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման, ինչպես նաև մարզական ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացվածության աստիճանից. «Առկա խնդիրները, սակայն, չեն խոչընդոտում մեր լավագույն ուսանող-մարզիկներին բարձր պահելու ՀՀ պատիվը և ծածանելու մեր եռագույնը միջազգային հարթակներում»,- նշեց Ա. Աշոտյանը:
Նախարարը պարգևատրեց Արթուր Թովմասյանին, որը 2015 թ. հուլիսի 3-14-ը Կորեայի Գվանգջու քաղաքում կայացած համաշխարհային Ունիվերսիադային «Օղակներ» վարժությունում արժանացել է ոսկե մեդալի, ինչպես նաև նրա մարզիչ Կարեն Բաղդասարյանին:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Թովմասյանն ասաց, որ հաղթանակն իր համար միաժամանակ և´ սպասելի է եղել, և´ ոչ այնքան. «Բոլոր մարզիկները գալիս են այդ մեկ ոսկու հետևից, և դժվար է հավատալը, որ հենց դու կարող ես լինել այն վերցնողը: Ես առաջին հերթին ակնկալում էի լավ ելույթ, որովհետև լավ էի պատրաստվել, պարապմունքների ժամանակ արդյունքները գոհացուցիչ էին: Իսկ հաղթելը շատ գեղեցիկ ու հուզիչ զգացողություն է: Ցանկանում եմ, որ բոլոր մարզիկներն ունենան այդպիսի զգացողություն»,- ասաց մարզիկը:
ԿԳՆ պատվոգրեր ստացան նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Էրիկ Գևորգյանը, որը 2015 թ. հուլիսի 23-26-ը Մոնտենեգրոյի Հանրապետության Զաբիակ քաղաքում կայացած համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացիայի կարատեի առաջնությանը 60 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի, և նրա մարզիչ Վարդան Գևորգյանը:
Ա. Աշոտյանը պատվոգիր հանձնեց նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆուտզալի թիմին, որը 2015 թ. օգոստոսի 2-9-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում մասնակցել է Եվրոպայի համալսարանական ֆուտզալի առաջնությանը և մասնակից 14 երկրների 22 թիմերի պայքարում զբաղեցրել 9-րդ տեղը՝ այդպիսով իրավունք ստանալով մասնակցելու 2015-2016 թթ. Եվրոպայի ֆուտզալի գավաթի խաղարկությանը, որը կկայանա այս տարվա օգոստոսի 25-30-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում:
Հավելենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մարզիկներին արժանացրել է նաև դրամական խրախուսանքի:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ