Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էրդողանն ու Դավութօղլուն հրճվանքի մեջ կկորեն». Քալաշյանը՝ Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին (Տեսանյութ)

Օգոստոս 19,2015 14:35

«Իմ կարծիքով՝ այդպիսի որոշում կառավարությունը չպիտի կայացներ»,- օգոստոսի 19-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վաճառքին, ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Նա նշեց, որ ամբողջ Ծիծեռնակաբերդի տարածքը համարվում է բնության պահպանության տարածք, եւ Մարզահամերգային համալիրի շինությունը վաճառելու արգելք չկա. «Ամբողջ դժգոհությունը կամ ցասումն այն է, որ թույլատվություն է տրվում կողքին կառուցել մի համալիր, որը Մարզահամերգային համալիրին գուցե հավասարազոր է զանգվածով: Դա է խնդիրը: Եվ այդ ամեն ինչն անել հանրային օգտագործման տարածքում, որի համար քաղաքապետարանը, ըստ այս նախագծի, հավանություն է տվել, որ 8 հեկտար կամ 8.5 հեկտար հողամաս հատկացվի եւ սեփականաշնորհման կարգով տրվի ներդրողին: Ո՞վ է ներդրողը, ոչ մեկիս պարզ չէ, լավ կլիներ, որ հնարավորություն ունենայինք ներդրողին էլ կանչել այստեղ, գուցե շատ լավ մտքեր ունի, նաեւ կիսվեր հետներս, ասեր՝ ինչ է ուզում անի, մենք էլ հավանություն տայինք կամ քննադատեինք: Բայց դա մնում է անհայտ»:

Նա նկատեց, որ այդ տարածքում նաեւ Ծիծեռնակաբերդն է, որը համազգային նշանակություն ունի, եւ պետք է բիզնես ծրագրերի հետ կապ չունենա. «Մինչեւ այս որոշումը մենք բազմիցս բողոքել ենք այդ հողի վրա, որ այնտեղ որեւէ խրախճանքի երեւույթներ չլինեն, մինչդեռ այսօր այնտեղ երկու ապօրինի ռեստորանային կառույց գոյություն ունի, որոնք գործում են անօրեն ձեւով, նրանց տերերն էլ, հովանավորներն էլ պարզ չէ, թե ովքեր են: Մենք բազմիցս բողոքել ենք, դիմել ենք, որպեսզի հանեն այդ օբյեկտները այդ տարածքից, տեղափոխեն մեկ այլ տեղ, ոչ ոք արձագանք չի տվել: Դիմումներ ուղարկել ենք ե՛ւ նախագահին, ե՛ւ քաղաքապետարան, բոլոր տեղեր: Բոլոր տեղերում էլ արձագանքն այնպիսին է, որ նրանք ուժ չունեն այդ հարցը լուծելու, ավելի զորեղ ուժեր են հետեւում կանգնած: Իսկ թանգարանի աշխատողները մշտապես բողոքում են, որ այդ խորովածի հոտերը եւ երեկոյան ժամերին այնտեղի հարսանյաց հանդեսները հեչ կապ չունեն հուշահամալիրի հետ, աղավաղում են երեւույթը»:

Իսկ խաղատան առկայությունը ճարտարապետն անհասկանալի է համարում. «Եթե այդպիսի թեմայով մենք կառուցապատում ենք անում հանրային օգտագործման տարածքում, դա նշանակում է՝ առհասարակ վերջ, ցեղասպանության թանգարանի, ցեղասպանության միջոցառումների քաղաքական խնդրի վերաբերյալ վերջ: Տպավորություն է, որ եթե մենք թեզ էինք դրել հիշենք եւ պահանջենք՝ անմոռուկի գաղափարը, ապա ստացվում է, որ միայն այդ 100 մլն դոլարի մասի՞ն էր խոսքը հատուցման պահանջի, տվեցին եւ արդեն մենք մոռանա՞նք: Ստացվում է այդպես: Նշանակում է, որ Էրդողանն ու Դավութօղլուն հրճվանքի մեջ կկորեն»:

Սաշուր Քալաշյանը հավելեց, որ հարցում է կատարել մշակույթի նախարարություն, սակայն պատասխան է ստացել, որ նախարարությունը տեղյակ չէ գործընթացից. «Այսինքն՝ շրջանցվում է այն բոլոր օրենսդրական դաշտերը, որը քաղաքաշինության օրենսդրությամբ է պահանջվում: Շրջանցվում է պարզապես կամ չի գիտակցվում, ես չգիտեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31