Հայաստանում քչերի կյանքն է հեշտ։ Սակայն դժվար է չհամաձայնվել, որ տաքսիների եւ միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդների կյանքը, մեղմ ասած, նախանձելի չէ։ Այդ մարդիկ հաճախ ստիպված են լինում օրական 15-16 ժամ աշխատել… Ու ոչ միայն աշխատել, այլեւ պատասխանատվություն կրել ուղեւորների կյանքի ու առողջության համար։ Իսկ միջազգային ուղեւորափոխադրումներ անող վարորդները երբեմն մինչեւ 30-32 ժամ անդադար մեքենա են վարում։ Այդպես, ըստ նախնական տեղեկությունների, ՌԴ Արմավիր քաղաքի մոտ վթարված միկրոավտոբուսի վարորդը դրանից առաջ գրեթե անդադար 850 կմ էր վարել։ Այլ կերպ ասած, վարորդները գերհոգնած են լինում։ Հետեւաբար, երբեմն չեն կարողանում արագ կողմնորոշվել, իսկ երբեմն պարզապես ղեկին քնում են։
Այդ իսկ պատճառով արեւմտյան երկրներում մեծ հեռավորությունների վրա ուղեւորափոխադրումները իրականացվում են միմիայն ավտոբուսներով եւ ռոտացվող առնվազն երկու վարորդներով (ավտոբուսում էլ 2-րդ վարորդի համար քնելու տեղ կա): Նույն վարորդը եվրոպական երկրներում իրավունք չունի 5-6 ժամից ավելի անդադար ավտոբուս վարել… Եվ դա՝ եվրոպական ճանապարհներին, որոնք շատ ավելի կանխատեսելի են ու անվտանգ։
Այս հարցի լուծման համար Հայաստանում պետք է օրենսդրորեն արգելվի մեկ վարորդով միջազգային ուղեւորափոխադրումները, եւ տրանսպորտի ու կապի նախարարությունն ու ոստիկանությունը պետք է լծակներ կիրառեն այդ արգելքի պահպանման համար։ Սակայն բանն այն է, որ այդ արգելքը պետք է իրականացվի նաև հարեւան պետություններում, ինչը, ինչպես հասկանում եք, ենթադրում է տարածաշրջանային մակարդակի պայմանավորվածություններ եւ պայմանագրեր։ Դա շատ ավելի բարդ է միայն երկրի ներսում օրենք փոխելու համեմատ… Թեեւ, իրականում, մեծ ցանկության դեպքում իշխանությունները կարող են մշակել այնպիսի իրավական դաշտ, որը կխստացնի Հայաստանի հետ միջազգային ուղեւորափոխադրումներ իրականացնողների խաղի կանոնները՝ նաեւ հարեւան երկրների ճանապարհներին։
Այս խնդիրն արդիական է նաեւ Հայաստանում։ Երկրում բավականին հաճախ են տաքսու վարորդների՝ ղեկին քնելու դեպքերը, իսկ մի քանի շաբաթ առաջ Երեւանի տրոլեյբուսների վարորդները դուրս եկան գործադուլի՝ ասելով, որ չեն կարող օրական 15 ժամ աշխատել։
Կարդացեք նաև
Սակայն Տրանսպորտի եւ կապի նախարարությունը կարծես սահմանափակվում է միայն հարկեր հավաքելով եւ միջոցներ չի ձեռնարկում ավտոբուսների, տրոլեյբուսների, միկրոավտոբուսների եւ տաքսիների վարորդների հոգնածության թույլատրելի չափերի վերահսկման ուղղությամբ։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում