Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ են եւ վերջ՝ ոչ մի բարեփոխում, մեզ այսպես էլ վատ չեն կերակրում. «Հրապարակ»

Օգոստոս 19,2015 10:27

Եթե մի կողմ դնենք այն ձեւականությունները, որոնց առկայությամբ ՀՀ գործող Սահմանադրությունը, իբր, կիսանախագահական կառավարում է ապահովում Հայաստանում, ապա դժվար չի լինի նկատել, որ ՀՀ Սահմանադրությունը շատ էլ չի տարբերվում Ադրբեջանի սահմանադրությունից, որն այդ երկրում տոտալ բռնապետություն է ապահովում Ալիեւների կլանի համար։ Ո՞րն է տարբերությունը երկու երկրների սահմանադրությունների, եթե Ադրբեջանի սահմանադրության մեջ գրված է, որ Ալիեւն ինչքան ուզենա, կառաջադրվի, իսկ ՀՀ Սահմանադրության մեջ, թեեւ նման բան չի գրված, բայց ՀՀ նախագահն ինչքան ուզենա, կվերարտադրվի իշխող համակարգի տեսքով։ Մեզ դեռ ժամանակ է պետք այս բանում համոզվելու համար։ Քսանհինգ տարվա փորձը մեզ չի՞ հուշում, արդյոք, որ մեր ունեցած բոլոր սահմանադրություններն էլ ծառայել են նախագահական միապետությանը եւ ոչ թե ժողովրդին։ Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին ինքնատիպ գնահատական տվեց Հայաստանի, այսպես կոչված, «կիսանախագահական» կառավարման համակարգին։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե քանի՝ տոկոս կհավաքեք, նա ասաց, ինչքան ուզենանք՝ «կխփենք», 60, 70, 80… 90: Եվ պատկերացրեք՝ սա կատակ չէ, ոչ էլ բառախաղ կամ խաբեություն։ Սա դառը ճշմարտությունն է, որ գործող Սահմանադրությունն է մեզ տվել։ Այնպես որ, կինը չի կարող կիսահղի լինել, երկիրը՝ կիսանախագահական։ Ռոբերտ Քոչարյա՞նն է կիսանախագահ եղել, թե՞ Սերժ Սարգսյանը, այդ ի՞նչ կարող է անել Ալիեւը, որ չեն կարող անել մեր «կիսանախագահները»։ Իսկ հիմա մի պահ պատկերացնենք, որ միաժամանակ սահմանադրական բարեփոխումներ են առաջարկվում հայերին եւ ադրբեջանցիներին։ Ադրբեջանում, բնականաբար, բոլորն ուրախությունից կթռչկոտեն, իսկ Հայաստանում… Քիչ է ասել, թե Հայաստանում համաժողովրդական սուգ է հայտարարվել մեզ պատուհասած սահմանադրական բարեփոխումների պատճառով։ Էս ի՞նչ փորձանք էր՝ մտածում ենք հայավարի, եւ տեղից ելնողը հայտարարում է, որ դեմ է բարեփոխումներին։ Նման բան մեկ էլ Հայաստանում է հնարավոր՝ հակաբարեփոխման շարժում։ Եվ գիտե՞ք ովքեր են հակաբարեփոխականները։ Թվարկեմ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՕԵԿ, Հիմնադիր խորհրդարան, «Ոչ թալանին», «Ոտքի, Հայաստան», «Չենք վճարելու 1 50 դրամ», «Դուրս մեր գրպանից», «Ո՛չ կարմիր գծերին», «Ո՛չ արագաչափերին», «Ո՛չ տեսագրող սարքերին», «Կարգին պապիկներ», «Կարգին տատիկներ», մի վագոն կորած-մոլորած մարդ-կուսակցություններ եւ այս բոլորի քարոզչության տակ հայտնված մի ողջ ժողովուրդ։ Դեմ են եւ վերջ՝ ոչ մի բարեփոխում, մեզ այսպես էլ վատ չեն կերակրում։

Ի՞նչ ասեմ, կերակրվեք «կիսանախագահական» թերմացքով՝ մտածելով, որ ընդդիմություն եք մի քանի պատգամավորով, որ հաջորդ նախագահական ընտրություններում որեւէ մեկիդ կհաջողվի հաղթել համակարգի ներկայացուցչին եւ Հայաստանն ու հայ ժողովրդին հանել տեղապտույտի այս փոսից:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31