Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է անկախ Հայաստանի ԱԱԾ-ն սքողում խորհրդային КГБ-ի մեղքերը

Օգոստոս 19,2015 17:30

«Իրավունքի եւ ազատության» ՀԿ նախագահ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանից 2013-ի փետրվարին «Առավոտը» հետաքրքրվել էր, թե ինչ ընթացք է ստացել խորհրդային տարիների քաղբանտարկյալների դատավճիռներն իրեն տրամադրելու հարցը: Մինչ այդ ազգային անվտանգության ծառայությունը երկու անգամ մերժել էր նրան: Վարդան Հարությունյանը մասնավորապես պատասխանել էր. «Փետրվարի 22-ին հանդիպում եմ ունեցել ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդային տարիների քաղբանտարկյալների նկատմամբ կայացված դատավճիռներն ինձ տրամադրելու հարցը: Համաձայնություն է ձեռք բերվել, որ դրանք ինձ կտրամադրվեն ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներին համապատասխան: Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ խնդիրը լուծվում է»:

2014-ին լույս տեսավ Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գիրքը, ու պարզ դարձավ՝ ԱԱԾ-ն, ըստ էության, խաբել էր:
Հիշեցնենք՝ 2011 թվականին իրավապաշտպանը դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն` խնդրելով տրամադրել խորհրդային տարիներին քաղաքական նկատառումներով դատապարտված անձանց դատավճիռները: Սակայն ԱԱԾ-ն մերժել էր դիմումը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ, մասնավորապես պարզաբանելով. «Դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները չեն տրամադրվել համաձայն «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների, քանի որ հայցվող փաստաթղթերում առկա են նաեւ այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնց հրապարակումն առանց նշված անձանց համաձայնության կխախտի վերջիններիս անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վերոհիշյալ հոդվածներով դատապարտված անձանց` սահմանված կարգով դիմելու դեպքում, իսկ վերջիններիս մահացած լինելու պարագայում, ժառանգների գրավոր թույլտվությամբ, տրամադրել քաղվածքներ դատավճիռներից»:

Նշենք, որ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի համաձայն` արխիվային տեղեկությունների տրամադրումը կարող է սահմանափակվել, եթե դրանք պարունակում են պետական, ծառայողական, անձնական կամ այլ տիպի գաղտնիքներ: Սակայն 1960-1980-ականների այդ դատավճիռները կայացվել են դռնբաց դատական նիստերի ժամանակ, ուստի գաղտնիք չեն:

Այսուհանդերձ՝ Վարդան Հարությունյանը գրավոր համաձայնություններ էր հավաքել որոշ դեպքերում այն անձանցից, որոնց նկատմամբ կայացվել էր դատավճիռը, որոշ դեպքերում էլ՝ նրանց ժառանգներից, եւ 2012-ի դեկտեմբերին ուղարկել ԱԱԾ, սակայն կրկին մերժում էր ստացել:

Հետեւեց ԶԼՄ-ների արձագանքը, հայտարարությամբ հանդես եկան մի խումբ նախկին քաղբանտարկյալներ:

Vardan_Harutyunyan

Վարդան Հարությունյան

«ԱԱԾ-ն ստիպված եղավ հարցի լուծման համար ինձ հրավիրել զրույցի, որին մասնակցում էին ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչներ` ԱԱԾ տնօրենի տեղակալի գլխավորությամբ: Նրանք անհասկանալի համառությամբ պնդում էին, որ այդ դատավճիռներում կան մարդկանց անուններ, ասենք` դատավարության ժամանակ հանդես եկած վկաների, որոնք գուցե չեն ցանկանա, որ իրենց անունը պարունակող փաստաթուղթ դուրս գա ԱԱԾ արխիվից: Իմ այն պնդմանը, թե խոսքը մարդկանց նկատմամբ կայացված դատավճռի մասին է, որը չի կարող չտրամադրվել նրան`ում նկատմամբ դա կայացվել է, պատասխանում էին, որ նրանք այդ դատավճիռները որպես դատավճիռ չեն դիտարկում, իրենց համար դրանք մարդկանց անուններ պարունակող արխիվային նյութեր են, եւ վերջ: Այն, որ դրանք իրականում դատավճիռներ են, եւ անկախ իրենց պնդումների`այդպիսին եղել են, մնում են ու կմնան մշտապես, ու դրանք պետք է տրվեն նրանց, ում նկատմամբ կայացվել են` փաստարկ չհամարվեց իրենց համար,- գրքում գրում է Վարդան Հարությունյանը:- Հարցի այսպիսի լուծում առաջարկեցին. մարդկանց անունների փոխարեն`նշել նրանց անուն-ազգանունների սկզբնատառերը, իսկ ես, ըստ իմ հնարավորությունների, ունենալով սկզբնատառերը` փորձեի վերծանել դրանք:

Անգամ խոստացան աջակցել ինձ այդ դժվարին գործում: Սա անսպասելի էր ինձ համար: Գործս բարդանում էր, բայց համաձայնեցի` հուսալով, որ հավատարիմ կմնան իրենց խոստմանը, եւ երբ դժվարությունների հանդիպեմ` կօգնեն: Բայց դատավճիռներն ինձ տրամադրելու փուլում խախտեցին իրենց խոստումը: Մարդկանց անուն-ազգանունների իրական սկզբնատառերի փոխարեն` կամայական տառեր նշեցին, ինչը դրանց վերծանումը դարձնում էր անհնար, իսկ վերծանման ուղղությամբ խոստացած աջակցությունից ընդհանրապես հրաժարվեցին: Եթե սկզբում այս կամ այն տառին համապատասխան մարդու իրական անունը հարցնում էի` պատասխանում էին, ապա մի քանի օր անց տեղեկացրեցին, որ իրենց արգելել են աջակցել ինձ նույնի՛սկ այդ հարցում: Մի խոսքով, ինչպես եւ վայել է իսկական չեկիստին` չարեցին այնպես, ինչպես խոստացել էին»:

Վարդան Հարությունյանն, այնուամենայնիվ, վերականգնել է շատ դատավճիռներ: Ավելին՝ որոշ դատավճիռներ, որոնք պահպանվել են նախկին քաղբանտարկյալների անձնական արխիվներում, կամ հեղինակը ստացել է Դատական դեպարտամենտից՝ ընդհանրապես վերականգնելու կարիք չի եղել, եւ գրքում հրապարակվել են ամբողջական տեսքով՝ բոլոր վկաների անուն-ազգանուններով:

Հիմա հարց է առաջանում, թե ինչու է անկախ Հայաստանի ԱԱԾ-ն այդպես հետեւողականորեն փորձում սքողել խորհրդային КГБ-ին ծառայություն մատուցածների անունները: Դատավճիռների մեծամասնության դեպքում էական վկաների անունների մեծամասնությունը այժմ էլ հայտնի է, բայց ինչ-որ չենք լսել, որ գրքի լույսընծայումից հետո անցած տարվա ընթացքում հաշվեհարդարների փորձեր կամ «եղբայրասպան պատերազմներ» եղած լինեն:

«Այն երկիրը, որ մարդկանց դատապարտում էր այլախոհ լինելու համար այլեւս գոյություն չունի: Այդ շրջանի քաղբանտարկյալները վաղուց արդարացվել են, բայց Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ը հին ժամանակների ոգուն համաձայն շարունակում է հույժ գաղտնի փաստաթուղթ համարել խորհրդային շրջանում հրապարակված դատավճիռները,- 2013-ի փետրվարի իրենց հայտարարության մեջ նշել էին մի խումբ քաղբանտարկյալներ:- Զարմանալի է միայն, թե ինչո՞ւ է տխրահռչակ Խորհրդային պետության տապալումից եւ Հայաստանի Անկախ Հանրապետության հռչակումից այսքան տարի անց Անկախ Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության Ծառայությունը շարունակում հավատարիմ մնալ խորհրդային մտածողությանն ու բարքերին եւ ամեն կերպ ի ցույց դնում իր անհանդուրժողականությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ժամանակին պայքարել են այդ բարքերի ու այդ մտածողության դեմ»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի հարազատները միակն են եղել, որոնք համաձայնություն չեն տվել, որ ԱԱԾ արխիվից ստացվի նրա նկատմամբ կայացված դատավճիռը: Ափսոսանքով ենք սա նշում, քանզի «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքում Անդրանիկ Մարգարյանին վերաբերող հատվածները բազմաթիվ հարցականների տեղիք են տալիս, որոնք գուցե կպարզաբանվեին՝ ամբողջական անդրադարձի պարագայում:

«Առավոտ» օրաթերթ
18.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31