Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

20 նահատակների մասունքները կհուղարկավորվեն Երեւանում

Օգոստոս 19,2015 15:00

Մեր զրուցակիցն է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության
Կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը

– Պարոն Աճեմյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, որ 1915 թվականին Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված 20 հնչակյան ղեկավարների մասունքները կտեղափոխվեն Երեւան:

– Այո՛, գործընթացը, որ նախաձեռնել է ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը, շատ մոտ է ավարտին: Մեր տասնամյակների երազանքն է եղել, որ 20 հերոսները, ովքեր պատկանում են Հայ ազգին, այլ ոչ թե միայն ՍԴՀԿ-ին, պատշաճ կարգով վերահուղարկավորվեն մայրենի հողի վրա: Այս մարդիկ Ցեղասպանության առաջին զոհերից էին, ովքեր զոհվեցին պայքարի ճանապարհին: Փարամազն ու իր 19 ընկերները զոհվեցին հանուն այսօրվա Անկախ Հայաստանի: Նրանք կատարում էին Հնչակյան կուսակցության վճիռը՝ ոչնչացնել հայակուլ երեք հրեշներին՝ Թալեաթին, Էնվերին եւ Ջեմալին: 1913 թվականին, Ռումինիայի Կոստանցա քաղաքի ՍԴՀԿ 7-րդ համագումարում էր, որ որոշվեց ոչնչացնել իթթիհատական ղեկավարությանը, եւ այդ պատասխանատվությունը ստանձնեց հայ ազգային ազատագրական պայքարի հերոս Փարամազը՝ Մատթեոս Սարգսյանը, որի խումբն էլ մատնության հետեւանքով արդեն 1914-ին ձերբակալվեց եւ մեկ տարի անց՝ 1915 թվականի հունիսի 15-ին՝ շինծու դատավարությունից հետո կախաղան բարձրացվեց: Մեր 20 հերոսների մասունքների վերահուղարկավորությունը մի երազ էր, որը, մոտ ապագայում իրականություն կդառնա:

– Աճյունները բերվելու են Թուրքիայի՞ց:

– Բնական է, որովհետեւ մեր հերոսներն այնտեղ են հուղարկավորված: Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններով, կարծում եմ, որ դրա մասին պետք է խոսենք ավելի ուշ, երբ կունենանք կատարված փաստ:

-Իսկ որտե՞ղ են վերահուղարկավորվելու աճյունները:

– Այժմ Հայաստանի պատկան մարմինների հետ բանակցություններ են ընթանում: Մենք վստահ ենք, որ նման համազգային իրադարձության համար պատվավոր տեղ կհատկացվի: Մենք մեծ շուքով պետք է նշենք այս իրադարձությունը:

-Քսան հնչակյանները ֆիդայինե՞ր էին:

-Եվ այո՛, եվ ո՛չ: Այդ քսան հերոսների մեջ ամփոփված էր ողջ հայ ազգն՝ իր բոլոր շերտերով: Այնտեղ կային պարզ բանվոր մարդիկ, մտավորականներ, ուսանողներ, բժիշկներ: Նրանց սյունը՝ Փարամազը, Օսմանյան կայսրությունում ընկերվարության առաջին քարոզիչն էր, ինքնավար Հայաստանի համար մարտնչող առաջին եւ՛ մտավորականը եւ՛ զինվորը: Նա մարդ էր, որ կազմակերպել էր Կովկասի հայատյաց փոխարքա իշխան Գոլիցինի ահաբեկումը, մարդ, որ իր ջոկատներով մեծ մասնակցություն է ունեցել Զանգեզուրի դարասկզբի թաթարների հետ բախումներին, մարդ, որ Վանում կազմակերպում էր ինքնապաշտպանություն, միեւնույն ժամանակ թուրքերի եւ քրդերի շրջանում քարոզում ընկերվարություն եւ հավասարություն: Փարամազի անունն այժմ լեգենդ է ժամանակակից Թուրքիայում ապրող ժողովուրդների համար: Դերսիմի զազաները կամ ալեւիները, որ մշտապես եղել են Անկարայի գլխացավանքը, իրենց հիմնադիր համարում են Փարամազին: Քոբանիում, ԻՍԻՍ-ի ահաբեկիչների դեմ պայքարող քուրդ մի ազատամարտիկ, զոհվել էր՝ կրելով Փարամազ հեղափոխական ծածկանունը՝ Փարամազ Քզլբաշ: Փարամազի մասին թրքերեն գրքեր են տպվում, որոնցից վերջինը Քադիր Աքընի «Անատոլիացի հերոս Փարամազ» գիրքն էր: Կրկնում եմ, Փարամազը գիգանտ էր: Այժմ նրա եւ նրա ընկերների մասունքները պետք է բերվեն Հայաստան: Սա մեծ ու պատասխանատու գործ է, որի մասին առաջիկայում ավելի մեծ մանրամասներ կհրապարակվեն:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
18.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31