Լոռու Մոտկոր աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում է գտնվում սուրբ Աստվածածին մատուռը, որի հիմնադրման 10-րդ տարին լրացավ սուրբ Աստվածածնի վերափոխման օրը։
Մոտկոր աշխարհի այդ սրբավայրում էին հավաքվել մարդիկ՝ տարածաշրջանի հեռու-մոտիկ բնակավայրերից, Վանաձորից, Երեւանից։ Նրանք եկել էին մասնակից լինելու այդ կարեւոր իրադարձությանը, նաեւ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան պատերազմի նահատակներին՝ նրանց հիշատակին կառուցված հուշարձանի մոտ։ Այս ինքնատիպ եռամիասնությունն ամբողջացնում է Մոտկորի արժանի զավակ, հայ արձակի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկի՝ Հրանտ Մաթեւոսյանի արձանը, որին ծաղիկներ խոնարհեցին այստեղ եկած ուխտավորները։
Իսկ հանդիսույթի ժամանակ օրվա բանախոսները ոչ միայն կարեւորեցին սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, այլեւ այն գործը, որ 10 տարի առաջ սկսեց զինվորական, Հայոց բանակի գնդապետ Սամվել Վանեսյանը՝ հիմնադրելով սուրբ Աստվածածին մատուռը եւ սրբատեղին։
«Իսկապես, արժանին պետք է մատուցել Սամվել Վանեսյանին,- իր ելույթում ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- 10 տարի շարունակ սրբատեղին տարին գոնե մեկ անգամ դեպի իրեն է ձգում ուխտավորներին՝ Հայաստանի տարբեր վայրերից։ Իսկապես, այստեղ կայացած եռամիասնությունը չի կարող անտարբեր թողնել եւ ոչ մի հայի։ Այս բարձունքում միշտ թեւածում է Արցախում նահատակված հայորդիների ոգին՝ խաչ կազմող ինքնատիպ հուշարձանի տեսքով։ Իսկ մեր մեծ հայրենակցի՝ Հրանտ Մաթեւոսյանի քարեղեն ներկայությունը հիշեցնում է այս աշխարհի գրական մշակույթի արժանավոր զավակների թողած ժառանգության ու հետքի մասին։ Այսպես՝ քարեղեն Հրանտ Մաթեւոսյանը երկու տարի առաջ վերադարձել է իր հայրենի բնաշխարհ։ Եվ պատահական չէ, որ հենց այստեղ պիտի հնչեր մի հատված Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւից»՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանի կատարմամբ։ Այնքան տպավորիչ էր կատարումը, որ երեխաներից մեկը համարյա բարձրաձայն ասաց. «Էս մեր հարեւան Նազիկի նման ա խոսում»։
Իսկ Հայաստանի գրողների միության Լոռու մասնաճյուղի ղեկավար Մանվել Միկոյանն արժեւորելով Հրանտ Մաթեւոսյանի գրական վաստակը՝ ասաց, որ այստեղ, այս արձանի մոտ հաճախակի է հնչում մաթեւոսյանական արձակը, ոչ միայն որպես այս աշխարհի մարդկանց կյանքի անդրադարձ, այլեւ՝ հայ արձակի գոհարներ։ Թերեւս ամեն մի հայ մեկ անգամ պետք է գա եւ վայելի այն բնաշխարհը, ուր ծնվել է Հրանտ Մաթեւոսյանը։ Նման գնահատանքից հետո պիտի հնչեին երգեր նվիրված Լոռուն, Լոռվա աշխարհին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանի կատարմամբ։ Այս անգամ էլ ինքնատիպ, ջերմ ու անկեղծ էր մեծն Թումանյանին նվիրված երգի կատարումը։ Այնուհետեւ տեղի ունեցավ խաղողօրհնեքի արարողություն, մատաղ բաժանվեց, բավականին երկար ժամանակ հնչեց ազգային երգն ու երաժշտությունը։
Կարդացեք նաև
Ավարտին ներկաներին դիմեց Սամվել Վանեսյանը, ասելով. «Ուրախ եմ, որ մեր ուխտատեղին այստեղ է կանչում հարյուրավոր մարդկանց, իսկ նրանց համար նոր աշխարհ է բացում մեր այս սրբատեղին՝ հրամցնելով Ահնիձոր, Լորուտ, Աթան, Շամուտ գյուղերի ոգին եւ էությունը, որը, եթե ուրիշ բան չլիներ, համաշխարհային գրականությանը Հրանտ Մաթեւոսյան է պարգեւել»։
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Լիլիթ Յոլչյանի
Լոռի, Մոտկոր-Երեւան
«Առավոտ» օրաթերթ
18.08..2015